Սոցիալական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական հեղափոխություն, լիբերտարյան սոցիալական հեղապոխություն(չաշխատող հղում) սոցիալիստական և անարխիստական ձևերում հասարակական-տնտեսական ֆորմացիայից ավելի «առաջադիմականին» անցնելու եղանակ, սեփական պնդմամբ՝ հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական որակական հեղաշրջում։ Հակադրվում է ավանգարդային կուսակցության գլխավորմամբ զուտ քաղաքական հեղափոխությանը։ Ներկայանում է որպես հասարակության արմատական վերակազմավորում։

Սոցիալական հեղափոխության հիմքում ընկած են էվոլյուցիոն փոփոխությունները, որոնք ի վերջո հանգեցնում են սոցիալական ընդհարման, որի լուծումը պետք է իրականանա միայն հեղափոխությամբ։ Հեղափոխության առաջացման սոցիալ-տնտեսական նախադրյալների վերլուծությունը և նրա բովանդակության դասական բացատրությունը տվել է Մարքսը. «Իրենց զարգացման որոշ աստիճանի վրա հասարակության նյութական արտադրողական ուժերը հակասության մեջ են մտնում գոյություն ունեցող արտադրական հարաբերությունների, կամ, ինչ որ դրանց իրավաբանական արտահայտությունն է միայն-սեփականության հարաբերությունների հետ, որոնց ներսում զարգանում էին մինչև այժմ։ Արտադրողական ուժերի զարգացման ձևերից այդ հարաբերությունները վերածվում են կապանքների։ Այն ժամանակ սկսվում է սոցիալական հեղափոխության դարաշրջանը։ Տնտեսական հիմքի փոփոխվելու հետ միասին շատ կամ քիչ արագ հեղաշրջում է տեղի ունենում ամբողջ վիթխարի վերնաշենքում։ Այդպիսի հեղաշրջումները քննության առնելիս միշտ պետք է տարբերել արտադրության տնտեսական պայմաններում տեղի ունեցող նյութական, բնագիտական ճշտությամբ հավաստվող հեղաշրջումը իրավաբանական, քաղաքական, կրոնական, գեղարվեստական կամ փիլիսոփայական հեղաշրջումներից, կարճ՝ գաղափարական ձևերից, որոնցում մարդիկ գիտակցում են այդ կոնֆլիկտը և պայքարում նրա դեմ»։ Հեղափոխության տնտեսական հիմքն արտադրողական ուժերի և զարգացմանը ենթադրաբար այլևս չնպաստող պահպանողական արտադրական հարաբերությունների հակադրությունն է, որի ընթացքում ավելի է խորանում շահագործող և շահագործվող դասակարգերի հակամարտությունը։ Այն դասակարգերը և սոցիալական շերտերը, որոնք արտադրական հարաբերություններում ունեցած օբյեկտիվ դրությամբ շահագրգռված են տապալել գոյություն ունեցող հասարակարգը և ունակ են պայքարելու առավել առաջադիմական հասարակարգի համար, հանդես են գալիս որպես հեղափոխության շարժիչ ուժեր։

Հեղափոխության բնույթը, մասշտաբը և կոնկրետ բովանդակությունը որոշվում են այն հասարակական-տնտեսական ֆորմացիայի պայմաններով, որը նա կոչված է վերացնել, ինչպես նաև այն հասարակարգի սոցիալ-տնտեսական առանձնահատկությամբ, որի համար այն ստեղծում է հիմքեր։ Հասարակության զարգացման համապատասխան, փոփոխվում են հեղափոխության բովանդակությունն ու հետապնդած նպատակները։ Հասարակության պատմության վաղ փուլերում (նախնադարյան հասարակարգից անցումը ստրկատիրականին, ստրկատիրականից՝ ֆեոդալականին) հեղափոխութները մեծ մասամբ տեղի են ունեցել տարերայնորեն, երբեմն նաև ուղեկցվել են տեղայնացված մասսայական շարժումներով ու ապստամբություններով։ Ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման շրջանում հեղափոխությունը ձեռք է բերել համազգային պրոցեսի գծեր, որի մեջ առավել մեծ դեր է կատարել քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների գիտակցական գործունեությունը։ Կապիտալիզմից սոցիալիզմին անցումը վերածվում է համաշխարհային հեղափոխական պրոցեսի, առաջադիմական դասակարգերի գիտակցական քաղաքական գործունեությունը դառնում է հեղափոխության զարգացման ու հաղթանակի անհրաժեշտ պայման։ Հեղափոխության բարձրագույն արտահայտությունը սոցիալիսաական հեղափոխությունն է, որով սկիզբ է դրվում կոմունիստական հասարակարգին, որտեղ, ըստ Մարքսի, սոցիալական էվոլյուցիաները դադարում են քաղաքական հեղափոխութներ լինելուց։

Հեղափոխության առաջացումը պատմական օրինաչափություն է, անմիջականորեն կապված է տվյալ հասարակարգի քաղ-տնտեսական վիճակի հետ և կարող է իրականանալ, երբ դասակարգերի հասունացող հակամարտությունը հանգեցնում է հեղափոխական իրադրության։ Սոցիալական հեղափոխության հիմնական հատկանիշը քաղաքական հեղափոխությունն է, որի նպատակը տիրող դասակարգի քաղաքական իշխանության (պետական կարգի) տապալումը և նորի հաստատումն է, այսինքն, հեղափոխական դասակարգի կողմից իշխանության գրավումը։ Քաղաքական իշխանության հարցը ցանկացած հեղափոխության գլխավոր հարցն է՝ «Պետական իշխանության անցումը մի դասակարգից մյուսի ձեռքը հեղափոխության առաջին, գլխավոր և հիմնական հատկանիշն է...»։ Քաղաքական հեղափոխության միջոցով կամ տվյալ հասարակարգի երկու հիմնական դասակարգերը վերանում են և նրանց փոխարինում է նորը (օրինակ, ստրկատերերին և ստրուկներին փոխարինում են ճորտերը և ճորտատերերը), կամ հակամարտ դասակարգերից մեկը վերանում է, իսկ մյուսը դառնում է նոր հասարակարգի կառուցման հիմնական ուժ (օրինակ, բանվոր դասակարգը սոցիալիստական հեղափոխության ժամանակ)։

Հեղափոխությունը բացահայտ դասակարգային պայքար է, որը կարող է ընդունել տարբեր ձևեր (զինված ապստամբություն, քաղաքական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմ, պայքարի խաղաղ ձևեր)։ Հասարակության առաջադիմության օբյեկտիվ պահանջները վերջին հաշվով կանխորոշում են հեղափոխության հաղթանակը։ Այն դեպքում, երբ հեղափոխության հիմնական ուժերը անկարող են լուծել հեղափոխության օբյեկտիվորեն հասունացած խնդիրները, հեղափոխությունը կարող է ձեռք բերել վերնախավային բնույթ (1908 թվականի թուրք, և 1910 թվականի պորտուգալական բուրժուական հեղափոխությունները)։ Ի հակադրություն ժողովրդական հեղափոխությունների, վերնախավային հեղափոխությունները անհետևողական են և սովորաբար ավարտվում են դասակարգային փոխզիջումներով։

Մարքսիզմ-լենինիզմի հիմնադիրները վճռականորեն հանդես են եկել ընդդեմ այն կուրադավան պատկերացումների, որոնց համաձայն հեղափոխությունն արտադրողական ուժերի աճի ինքնաբերական արդյունք է և կատարվում է միայն այն ժամանակ, երբ բուն օբյեկտիվ զարգացումն առանց համառ պայքարի, առանց կորուստների ու ժամանակավոր պարտության վտանգի երաշխավորում է հարյուրտոկոսանի հաջողություն։ Այնինչ իրականում «...հեղափոխության մեջ, ինչպես և պատերազմում, անհրաժեշտ է միշտ արիաբար դիմավորել թշնամուն երես առ երես, և հարձակվողը միշտ ավելի շահավետ վիճակում կլինի, հեղափոխության մեջ, ինչպես և պատերազմում, վերին աստիճանի անհրաժեշտ է վճռական պահին ամեն ինչ բախտախաղի դնել, ինչպիսիք էլ լինեն շանսերը»։

Հասարակական զարգացման մեջ հեղափոխության դերի հարցը գաղափարական պայքարի առարկա է։ Հեղափոխության բուրժուական «սոցիոլոգիայի» ներկայացուցիչները գտնում են, որ հեղափոխությունը, որպես սոցիալական զարգացման ձև, անարդյունավետ է և անպտուղ, կապված է հսկայական «ծախսերի» հետ և բոլոր տեսակետներից զիջում է զարգացման էվոլյուցիոն եղանակին։ Հետևելով այդ գաղափարախոսությանը՝ հեղափոխության դերը ժխտում կամ նվազեցնում են ռեֆորմիզմի և աջ ռևիզիոնիզմի տեսաբանները։ Իսկ մանրբուրժուական ձախ հեղափոխականության ներկայացուցիչները ժխտում են հեղափոխական պրոցեսի օբյեկտիվ օրինաչափությունները և գտնում, որ հեղափոխական ավանգարդը, «ակտիվ փոքրամասնությունը», ցանկացած պայմաններում կարող է հեղափոխություն կատարել։

Ընդհանրացնելով պատմական փորձը՝ մարքս-լենինյան տեսությունն ապացուցում է, որ հեղափոխությունը հասարակական-քաղաքական առաջադիմության հզոր շարժիչ է։ Մարքսը հեղափոխությունները անվանել է «պատմության շոգեքարշեր»։ Հեղափոխական դարաշրջանում հասարակական զարգացման տեմպերը անհամեմատ արագանում են, տեղի է ունենում թռիչք, անցում սոցիալական կյանքի նոր, առաջադիմական ձևի։ Հեղափոխությունը ժողովրդական զանգվածներին ներգրավում է ակտիվ, քաղաքական գործունեության մեջ. հարստանում է սոցիալական ստեղծագործության բովանդակությունը, մեծանում ծավալը։

Մարդկության պատմության մեջ հատկապես մեծ է պրոլետարական հեղափոխության դերը, որը սկզբնավորվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 345