Սոցիալական դարվինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական դարվինիզմ, գաղափարական հոսանք XIX դարի վերջի XX դարի սկզբի բուրժուական հասարակագիտության մեջ, որը հասարակական կյանքը բացատրում էր գոյության պայքարի և բնական ընտրության կենսբանական օրենքներով։ Սոցիալական դարվինիզմ Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից անհիմն կերպով փոխադրում է սոցիոլոգիա հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին։ Սոցիալական բախումները դիտում է հակամարտ սոցիալական հարաբերություններից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի։ Սոցիալական դարվինիզմի նախակարապետը Թոմաս Ռոբերտ Մալթուսն է, իսկ անմիջական հիմնադիրը Հելբերտ Սփենսերը։ Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ։ Առավել հետադիմական թևի ներկայացուցիչները գոյության պայքարի սկզբունքները անմիջականորեն տարածել են սոցիալական խմբերի, ժողովուրդների, պետությունների հարաբերությունների վրա՝ ձգտելով գաղափարական հիմնավորում տալ բուրժուազիայի դասակարգային տիրապետությանը, ռազմականացման և զավթողամոլության քաղաքականությանը։ Սոցիալական դարվինիզմի որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանականի և սոցիալականի կապը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալական նորմաների սոցիոլոգիական ուսումնասիրությանը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png