Սոցիալական գովազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պենիցիլինը բուժում է սուսանակը 4 ժամում», պենիցիլինի սոցիալական գովազդ
Ավտոբուսային աթեիստական քարոզարշավ Լոնդոնի փողոցներում «Ամենայն հավանականությամբ, աստված գոյություն չունի: Բավական է անհանգստանալ. վայելեք կյանքը» գրառմամբ

Սոցիալական գովազդ, գովազդի ոչ առևտրային տեսակ, որն ուղղված է հասարակական վարքագծի մոդելների փոփոխությանը և հանրության խնդիրների վրա ուշադրություն գրավելուն[1]։

Սոցիալական գովազդը սոցիալական ապրանքի տարատեսակ է (ԱՄՆ-ում և Եվրոպայում այն նշելու համար ավանդաբար կիրառվում է PSA — public service announcement հասկացությունը), որն էականորեն տարբերվում է պետական և քաղաքական գովազդից։

Տեղական սոցիալական գովազդը ոչ առևտրային գովազդ է, որն ուղղված է տվյալ շրջանի առավել արդիական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն[2]։

Ավելի հաճախ այսպիսի գովազդների պատվիրատուները պետական մարմիններն են կամ ոչ առևտրային կազմակերպությունները։

Սոցիալական գովազդները հիմնականում ուղղված են թմրամիջոցների դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, բնապահպանությանը և նմանատիպ հարցերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում սոցիալական գովազդի պատմությունն սկսվում է 1906 թվականից, երբ «Ամերիկյան քաղաքացիական միություն» հասարակական կազմակերպությունն ստեղծեց այդ տեսակի առաջին գովազդը, որը կոչ էր անում պահպանել Նիագարայի ջրվեժը տնտեսական ընկերությունների պատճառած վնասից[3]։ Նախքան Հայրենական մեծ պատերազմը սոցիալական գովազդի առավել մեծ ծրագիր է եղել Սպիտակ երիցուկի օրը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1917 թվականին, ԱՄՆ-ում ստեղծվեց Ջեյմս Մոնտհոմերի Ֆլեգի պաստառը «Դու պետք ես ամերիկյան բանակին» վերնագրով, որի վրա Քեռի Սեմը նորակոչիկներին հորդորում էր գնալ բանակ։

1920-ական և 1940-ական թվականներին ԽՍՀՄ-ում ստեղծվեցին նմանատիպ ձևավորման և մտահղացմամբ պաստառներ` Դմիտրի Մոորի «Դու կամավո՞ր ես գրվել» և Իրակլի Թոիձեի «Մայր հայրենիքն է կանչում», որոնք հիշեցնում են Ֆլեգի պաստառը[3]։

Այդ թվականներին ստեղծված հասարակական ինֆորմացիայի կոմիտեն ակտիվ բացատրական աշխատանքներ էր իրականացնում` քաղաքացիներին տեղեկացնելով, թե ԱՄՆ-ն ինչու մտավ պատերազմի մեջ, և պարտությունը ինչով է վտանգավոր երկրի համար[4]։

«Սոցիալական գովազդ» հասկացությունը, որպես անգլերեն «public service advertising»-ի հոմանիշ, մասնագիտական միջավայրում ակտիվորեն սկսեց օգտագործվել Իգոր Բուրենկովի կողմից, ով հետագայում դարձավ Առաջին ալիքի հանրային կապերի տնօրեն[5]։

Կարգավորում և կոորդինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական գովազդի կոորդինացիան տարբեր երկրներում տարբեր կերպ է կազմակերպվում։ Որոշ երկրներում այդ գործառույթը պատկանում է կառավարությանը, այլ երկրներում դրանով զբաղվում են հասարակական կազմակերպությունները, իսկ երրորդներում գործնականում չի իրականացվում։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում սոցիալական գովազդի շուկայի հիմնական համակարգողը Գովազդային խորհուրդն է[6]։ Այն ոչ պետական կազմակերպություն է, ստեղծվել է 1942 թվականին։ Խորհրդի սկզբնական խնդիրն էր բնակչության կենտրոնացումը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի վրա։

Հետպատերազմական տարիներին Խորհուրդն սկսեց զբաղվել սոցիալական գովազդի աշխատանքների պլանավորմամբ։ Գործունեության սկզբում Խորհուրդը բավականին պահպանողական էր մոտենում գովազդային կազմակերպությունների թեմաներին, և հանրության շրջանում վեճեր կամ տարաձայնություններ չէին առաջանում։ Ընկերություններն առաջարկում էին.

  • նամակներ գրել Կորեայում ծառայող զինվորներին,
  • կապել մեքենաների ամրագոտիները,
  • անտառները պահպանել հրդեհներից։

Ժամանակի ընթացքում Խորհուրդը փոխեց իր քաղաքականությունը։ Սկսեցին ընտրել առավել բուռն և սուր թեմաներ, ինչպես օրինակ` ուշադրություն դարձնել անգրագիտությանը, երեխաների հանդեպ բռնությանը, ՁԻԱՀ-ին[7]։

Կառավարությունն ակտիվորեն զբաղվում է սոցիալական գովազդով։ 1993-2000 թվականներին միայն թմրամոլության դեմ պայքարի համար Քլինթոնի կառավարությունը սոցիալական գովազդի վրա ծախսել է 1.8 միլիարդ դոլար[1]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում սոցիալական գովազդը օրենսդրորեն չի կարգավորվում։ Կառավարությունը պատվիրում է գովազդ և ֆինանսավորում բյուջեից, իսկ մնացածը որոշվում է գովազդային արդյունաբերության ինքնակարգավորման շրջանակներում։ Իշխանությունները ԶԼՄ-ներին չեն պարտադրում կառավարության պատվիրած սոցիալական գովազդները տեղադրել անվճար, և դրանք ֆինանսավորվում են սովորական առևտրային պատվերի նման։ BBC ընկերությունն իր կանոնադրության մեջ հատուկ կետ է հատկացրել սոցիալական գովազդի տեղադրմանը[8]։

Երկրում սոցիալական գովազդի համակարգման գործառույթն իրականացնում է «Կառավարության տեղեկատվության կենտրոնական գրասենյակը», որը գործում է 1946 թվականից։ Կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործող քարոզչության նախարարության հիմքի վրա։ Հաստիքը բաղկացած է 450 հոգուց։ Այն կառավարական մարմիններից հավաքագրում է պատվերները և բաշխում գովազդային տարբեր ընկերությունների միջև։ Հանդիսանում է ԶԼՄ-ների միակ պատվիրատուն։ Տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 300 միլիոն եվրո, որից գովազդի վրա տարեկան ծախսը կազմում է 195 միլիոն եվրո։ Գրասենյակը չի զբաղվում քաղաքական գովազդով և ընտրական կազմակերպություններով[8]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի օրենսգրքի «Գովազդի մասին» բաժնում (13.03.2006 N 38-ФЗ) նշված է. «սոցիալական գովազդը տեղեկատվություն է, որն ուղղված է բարեգործական կամ հասարակայնորեն օգտակար նպատակների իրականացմանը, ինչպես նաև պետության հետաքրքրությունների ապահովմանը»[9]։

2011 թվականին ընդունվեց երկու օրենք, որոնք բարելավում են սոցիալական գովազդի ստեղծման և տեղադրման իրավական հիմքերը[10]։

1993 թվականին ստեղծվեց ոչ պետական Գովազդի խորհուրդ, որի կազմի մեջ մտան ինչպես գովազդի արտադրողներ, այնպես էլ տարածողներ։ Խորհրդի հիմնական նպատակներից էր ստեղծել սոցիալական խնդիրներին ուղղված գովազդային միասնական արտադրանք։ Խորհրդի անդամները մշակեցին, մասնավորապես, սոցիալական ընկերությունների մակետներ տպագիր ԶԼՄ-ների համար, տեսա և ձայնահոլովակներ[11]։

Սոցիալական գովազդի ոլորտում աշխատող տարածքային ոչ առևտրային կազմակերպությունների թվի աճի հետ մեկտեղ 2008 թվականին Մոսկվայում ստեղծվեց ոչ առևտրային կազմակերպությունների կոալիցիա` ուղղված երկրում սոցիալական գովազդի և բարեգործության զարգացմանը[12]։

2011 թվականին Մոսկվայում ստեղծվեց սոցիալական գովազդի հանձնաժողով[13]։

Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական գովազդը Բելառուսի «Գովազդի մասին» օրենքում բնութագրվում է հետևյալ կերպ. «քաղաքացիների կամ կազմակերպությունների հետաքրքրությունները պահպանող օրենքների, առողջ ապրելակերպի, բնակչության անվտանգության, սոցիալական պաշտպանության, հանցագործությունների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բելառուսական մշակույթի և արվեստի զարգացման, միջազգային մշակութային համագործակցության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում պետական ծրագրերի կամ սոցիալական բնույթի այլ դրսևորումների (միջոցառումների) գովազդ, որն ուղղված է հասարակական կամ պետական հետաքրքրությունների պաշտանությանը կամ բավարարմանը, չի կրում առևտրային բնույթ, իսկ գովազդատուները հանդիսանում են պետական մարմինները»[14]։

Այդ կերպ սոցիալական գովազդը Բելառուսում օրենսդրորեն կենտրոնացած է բացառապես պետության ձեռքում[14]։

Միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական գովազդի բուռն զարգացումը տեղի է ունեցել 20-րդ դարի 80-90-ական թվականներին։ ԱՄՆ-ի Գովազդային խորհրդի գնահատմամբ 2000 թվականին Խորհրդին անվճար տրվող ընդհանուր հեռուստաեթերի ծավալը կազմել է 316 միլիոն դոլար, իսկ PSA-ին տրամադրվող ընդհանուր ժամանակը կազմել է ամբողջ գովազդային շուկայի շուրջ 6%-ը[15]։

Նույն տարում ԱՄՆ-ի «National Association of Broadcasters»-ը վերլուծել է, որ տեղական ԶԼՄ-ները սոցիալական գովազդին հատկացրել են 5.6 միլիարդ դոլար, որից 1.8 միլիարդը հատկացվել է հեռուստատեսությանը[15]։

Փառատոններ և մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IAA Responsibility Awards-ը սոցիալական գովազդի միջազգային փառատոն է։ Կազմակերպվել է Միջազգային գովազդային ասոցիացիայի (անգլ.՝ International Advertising Association) կողմից 2008 թվականին և կրում է ամենամյա բնույթ[16]։

Ռուսաստանում սոցիալական գովազդի զարգացման մեջ կարևոր դարձավ 2006 թվականին ձևավորված սոցիալական գովազդի ամենամյա ազգային մրցույթը[17][18]։ Մրցույթի նպատակը կազմակերպիչները համարում են երեխաների, երիտասարդների և մասնագետների շրջանում բարոյականության, դրական և ստեղծարար մտածողության զարգացումը[19]։ Պարբերաբար իրականացվում են նաև սոցիալական գովազդին նվիրված մասնագիտացված միջոցառումներ[20][21]։

2000 թվականից Ուկրաինայում անցկացվում է «Նոր անուններ գովազդում» խորագիրը կրող սոցիալական գովազդի ամենամյա մրցույթ, իսկ 2007 թվականին ստեղծվեց «Սոցիալական գովազդի բորսա»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Государство и социальная реклама». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  2. Кузнецов П.А, Социальная реклама. Теория и практика: учебное пособие. — Юнити-Дана, 2012. — 175 с. — ISBN 978-5-238-01829-4
  3. 3,0 3,1 «Краткая история социальной рекламы». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Уроки дяди Сэма». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Игорь Буренков: «Социальная реклама — это составляющая гражданского общества»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  6. Рекламный Совет США
  7. «Защитите водопад!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  8. 8,0 8,1 «Социальная реклама в Великобритании». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  9. Федеральный закон «О рекламе» от 13.03.2006 N 38-ФЗ
  10. Справка об изменениях в регулировании социальной рекламы от 2011 года // Diplomat. — 2011.
  11. «Социальная реклама в России: особенности развития». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  12. «Коалиция НКО по содействию развитию социальной рекламы и благотворительности в России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  13. «Комиссия АКАР по социальной рекламе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  14. 14,0 14,1 Закон Республики Беларусь от 10 мая 2007 г. № 225-З «О рекламе»
  15. 15,0 15,1 «Тенденции развития социальной рекламы в Соединенных Штатах Америки». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  16. «IAA Responsibility Awards». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Национальный конкурс социальной рекламы «Новое пространство России»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  18. «МОО «Национальным советом социальной информации»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  19. Национальный конкурс социальной рекламы «Новое пространство России» 2009-10 гг
  20. Московский фестиваль социальной рекламы
  21. «Фестиваль социальной рекламы «Glass»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  22. «Биржа социальной рекламы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]