Սովորական ֆլամինգո
Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատիներեն՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասի թռչուն, տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում:
Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, կտուցը շատ մեծ չէ` կտրուկ կեռված դեպի ներքև: Փետրավորումը սպիտակ է` վարդագույն երանգով, թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը վառ կարմիր: Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը սև, վարդագույն են նաև ոտքերը: Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են: Քաշը` 1,94-2,4 կգ:
ՀՀ տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում: Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով: Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը` տիղմի մեջ: Թռչում է արագ, ուղիղ գծով` թևերի հաճախակի թափահարումով: Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը դեպի պոչը: Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի: Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով, պաշտպանվում է օրենքով:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սովորական ֆլամինգո կատեգորիայում։ |