Սովորական քարաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական քարաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Կեռնեխներ
Լատիներեն անվանում
Oenanthe oenanthe
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական քարաթռչնակ (լատին․՝ Oenanthe oenanthe), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարություն 14,5-15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 26-32 սմ, կենդանի զանգվածը՝ 17-28 գ։ Հոնքը բաց գույնի է, պոչի սև շերտը՝ միջին լայնության։ Բնադրման շրջանում հասուն արուի գագաթից մինչև մեջքը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը, թևերը՝ սև, կոկորդը, կուրծքը՝ բաց նարնջագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ։ Էգը վերևից ավելի դարչնագույն է, դիմային մասը՝ ավելի բաց գույնի։ Հետբնադրման շրջանում արուն նմանվում է էգին, սակայն ամբողջ փետրածածկը դեղին երանգ ունի, թևերի փետուրները բաց երիզով են։ Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի էգին, սակայն ավելի մուգ ու խամրած է, մարմինը ներքևից թեփուկանման նախշով է։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարերին նստած՝ հետևում է միջատներին, դրանց որսում մանրավազքով կամ քայլելով։ Երգում է 15-30 մ բարձր թռչելիս։ Բնակվում է բաց քարքարոտ հարթավայրերում (կիսաանապատներից մինչև բարձրադիր լեռներ, գետաձորեր), չուի ընթացքում՝ դաշտերում և խոտածածկ տարածքներում։ Գարնանային վերադարձը և բնադրազույգերի ձևավորումը՝ ապրիլի 2-րդ կեսին։ Չափազանց ցուցադրական են արուների հարսանեկան խաղերը, որոնք ուղեկցվում են կոշտ և նուրբ երանգներից բաղկացած անընդմեջ երգով (այդ ընթացքում էգը թաքնվում է)։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը պատրաստում է էգը՝ ապրիլի 2-րդ կես-մայիսին կամ մինչև հունիսի վերջը։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է ժայռերի, պատերի ճեղքերում, բնակելի տարածքներում՝ բետոնե սալերի խոռոչներում։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ 4-7 ձու։ Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է բույնը և էգին։ Ձագերը բնից դուրս գալուց հետո ևս 1 շաբաթ մնում են ծնողների խնամքի տակ՝ մինչև լավ թռչելու ունակություն են ձեռք բերում։ Հուլիսից սեպտեմբեր ձևավորվում են չուի պատրաստ խմբերը (20-25 թռչուն)։ Այլ տեսակների համակարգում սովորական քարաթռչնակը որոշակի դեր ունի վնասատու բզեզների և կիսակարծրաթևների ոչնչացման գործում։ Աչքի է ընկնում բավական կայուն թվաքանակով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։