Սմբատ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Գաբրիելյան
Ծնվել է1856 դեկտեմբերի 15
ԾննդավայրԱկն
Մահացել էհունիսի 3, 1919(1919-06-03) (տարիքը 62)
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԱյն­թա­պի Կենտ­րո­նա­կան Թուր­քի­ա­յի քո­լե­ջ
Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, բանասեր, հասարակական գործիչ

Սմբատ Մկրտչի Գաբրիելյան (դեկտեմբերի 15, 1856, Ակն - հունիսի 3, 1919, Ուիհոքն, ԱՄՆ), հայ բանասեր, բժիշկ, հասարակական գործիչ (ԱՄՆ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Գաբրիելյանը ծնվել է 1856 թվականի դեկտեմբերի 15-ին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Ակն գավառակի կենտրոն Ակն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ակնում և Խարբերդում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ Սովորել է նաև Կ. Պոլսում և զբաղվել ուսուցչությամբ։ 1884-1885 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում, բայց ուսումը կիսատ է թողել։ Վերադառնալով Ակն՝ զբաղվել է մշակութային գործունեությամբ։

Գրական առաջին փորձերը կատարել է Ակնում հրատարակվող «Ծաղիկ» խմորատիպ պարբերականում։ Ակնում բողոքականության դեմ պայքարի ժամանակաշրջանում գրել է «Հայ բողոքականութեան անցեալն ու ներկան» աշխատությունը, որով պահանջել է Հայ ավետարանական եկեղեցու ազգայնացումը։ Ա. Ժամկոչյանի հետ հաջողել է ժողովարաններում ընդունել տալ հայ եկեղեցական երգերը, տաղերն ու հոգեշունչ բանաստեղծությունները։ Կրոնա-մշակութային այս շարժումը բորբոքելու համար օսմանյան կառավարությունը նրան կասկածելի տարր է համարել և հետապնդումների ենթարկել։ 1886 թվականին, հետապնդումներից խուսափելու նպատակով մեկնել է ԱՄՆ և ապաստան գտել Նյու Յորքում։

1886-1990 թվականներին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` մասնագիտանալով հասարակական գիտությունների գծով։ Այնուհետև Նյու Յորքի բժշկական քոլեջում շարունակել և ավարտել է կիսատ թողած բժշկական կրթությունը։ Նյու Յորքում զբաղվել է բժշկությամբ և հանրային գործունեությամբ, տպարան հիմնել։

1891-1898 թվականներին խմբագրել է Նյու Յորքում հրատարակվող «Հայք» ազգային, գրական-քաղաքական հանդեսը, որտեղ հրապարակվել են նյութեր հայկական հարցի վերաբերյալ, եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները Թուրքիայում հայ ազգաբնակչության դրության մասին, լուսաբանվել ԱՄՆ-ի հայ համայնքների կյանքը։ Ընտրվել է «Հայերի հայրենասիրական դաշնակցության» նախագահ, որի նպատակն էր տերությունների աջակցությամբ օգնել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնատիրությունից։ «Հայերը կամ Արարատի ժողովուրդը» (1892 թվական, անգլերեն), «Փաստեր Հայաստանի մասին» (1895 թվական, անգլերեն), «Քրիստոնյա Հայաստանը և քրիստոնյա տերությունները» (1897 թվական, անգլերեն), «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները» (1896 թվական, անգլերեն), «Հայաստան, նահատակ ժողովուրդ» (1918 թվական, անգլերեն) երկերում Գաբրիելյանը ամերիկյան ընթերցողին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, արևմտահայերի ծանր դրությանը, 1894-1896 թվականներին ջարդերի ու կոտորածների փաստերին, 1915-1916 թվականներին հայերի տեղահանությանն ու ցեղասպանությանը, հայկական հարցում տերությունների քաղաքականությանը։ 1896 թվականին «Հայքը» վերածվել է ամսագրի, որը երբեմն անգլերեն հավելվածներ է ունեցել։ Գիտահասարակական և բժշկա-առողջապահական հոդվածներով թղթակցել է «Հանդէս Ամսօրեայ» և «Կոչնակ Հայաստանի» պարբերականներին։ 1896 թվականին լույս է տեսել նրա «Հայաստանի վերականգնումը» խորագրով աշխատությունը։ Մահացել է 1919 թվականի հունիսի 3-ին, ԱՄՆ-ի Ուիհոքըն քաղաքում՝ 63 տարեկանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Armenians or the People of Ararat, Philadelphia, 1892
  • Facts about Armenia, N.Y., 1895
  • Christian Armenia and the Christian Powers, N. Y., 1897
  • Armenia, a Martyr Nation, N. Y., 1918
  • Վերականգնումն հայոց, Կ. Պօլիս, 1879
  • Հայ բողոքականութեան անցեալն ու ապագան, Կ. Պօլիս, 1888/1889
  • Արուեստ Ատենախօսութեան ի պէտս ազգային վարժարանաց, Նիւ Եօրք, 1891
  • Խրիմեան Հայրիկ, Կենսագրութիւն, Նիւ Եօրք, 1892
  • Հայկական հոգեբանութիւն, Նիւ Եօրք, 1894
  • Քրիստոնեայ Հայաստան և քրիստոնեայ տէրութիւնք (հայ. և անգլ.), ՆիւԵօրք, 1896/1897
  • Հայկական ճգնաժամն եւ վերածնութիւն, Նիւ Եօրք, 1905 եւ 1909
  • Հայ ցեղն, Նիւ Եօրք, 1911
  • Ակնայգաւառաբարբառը եւ արդի հայերէն լեզուն, Վիեննա, 1912
  • Սեռային առողջաբանութիւն, Պոսթոն, 1915
  • Ազգային քաղաքականութիւն
  • Գիտութիւն, փիլիսոփայութիւն եւ կրօնք, անտիպ
  • Հայերէն լեզուի փիլիսոփայութիւնը, անտիպ
  • Հեթում Առաջին, Տրամ երեք արարուածով, անտիպ
  • Մարդկային մարմնոյն հրաշալիքը, անտիպ
  • Bleeding Armenia (in collaboration with A. W. Williams), 1897
  • Principles of Medical Pathology (translated from French), 1901 and 1905
  • Infectious Diseases (translated from French), 1903
  • Principles of Therapeutics (translated from French),

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարսամեան Մկրտիչ, Ակն եւ ակնցիք, Փարիզ, 1952
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., 1973
  • Վարդանյան Ս., Հայաստանի բժշկության պատմություն, Ե., 2000
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ.1, Ե., 2005

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։