Սմբատ Ա Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սմբատ Աից)

Սմբատ Ա (ծն.թ. անհայտ–914), Հայոց Բագրատունի թագավոր 890–ից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին։ 885–ից՝ Իշխանաց իշխան։ 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները։ Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը։ Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։ Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը։ Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։ Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։ 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։ Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։ 908–ին Յուսուֆը Սմբատ Ա–ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910–ին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա–ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ