Սինեսթեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Synesthesia.svg

Սինեսթեզիա (< հուն․ auvataOncris համազգացողություն, համատեղ զգայություն, միաժամանակյա զգացում), հոգեբնախոսական սակավատիպ, առանձին դեպքերում անսովոր երևույթ, որն առաջանում է տարբեր զգայարանների (զգայապատկերների) և բառային համապատասխան ձևակերպումների միջոցով։ Զգայական և խառնվածքային գործոններով անմիջականորեն պայմանավորվող սինեսթեզիայի երևույթների ժամանակ ֆիզիկական և խոսքային գրգռիչները (ըմբռնվող առարկաները) ունենում են համառորեն արտահայտվող, հաճախ գիտակցական հակակշռից խուսափող, միաժամանակյա կրկնակի ներգործում, մեկը՝ որոշակի զգայարանի համապատասխան զգայական տպավորություն և ըմբռնում, մյուսը՝ դրան առավել կամ նվազ զուգակցված այլ զգայարանի համար բնորոշ զգայապատկեր կամ մտապատկեր։ Առօրյա խոսակցական լեզվում սինեսթեզիայի դրսևորումներից են հաճախ գործածվող «բյուրեղյա ձայն», «սառը գույն», «քաղցր երազ», «քաղցր լեզու», «խոսուն աչքեր», «թթված դեմք» և այլ բնորոշումները։ Էապես սուբյեկտիվ այս յուրահատուկ զգայափորձը արտահայտվում է ամենատարբեր ձևերով, ֆոտիզմի (տեսողական սինեսթեզիա) դեպքում տպավորությունների ակունք են տեսողական, ֆոնիզմի (լսողական սինեսթեզիա) ժամանակ՝ ձայնային (այդ թվում՝ երաժշտական) գրգռիչները։ «Գունեղ երաժշտությունը» (խրոմեստեզիա) առաջանում է գունային տարբերերանգներ ներշնչող մեղեդիների ունկընդրումից։ Սինեսթեզիայի այս տարբերակը սինոպսիայի մասնավոր դեպք է, որի ժամանակ երաժշտական ձայները՝ ըստ խառնվածքային յուրահատկությունների և զգայահուզական կերտվածքի, առաջացնում են երկրաչափական ձևերի, բազմերանգ բնապատկերների գունային արտացոլում։ Սինեսթեզիաի երևույթի տեսակ է սինալգիան, որը ցավի զգայական ըմբռնումների, մտապատկերների և ապրումների գունագեղության հետ ունեցած անմիջական աղերսանքի արտահայտություն է։ Սինեսթեզիաի երևույթը դրսևորվում է նաև գեղարվեստական գրականության մեջ (Պ․ Դուրյան, Վ․ Տերյան, Մ․ Մեծարենց, Ա․ Բլոկ, Ս․ Եսենին, Դ․ Վարուժան և ուրիշներ)։ Բանաստեղծական պատկերների ստեղծման, զգայական և գեղագիտական ճանաչողության մեջ կարևոր է սինեսթեզիայի տարբեր ձևերի դերը, որը դեռևս հիմնավոր ուսումնասիրության առարկա չի դարձել ո՝չ ընդհանուր և ախտաբանական հոգեբանության, ո՝չ գրականագիտության և արվեստի մեջ։ Այդ պատճառով էլ դեռևս բացահայտված չեն զգայարանների փոխադարձ ազդեցության և համագործակցման, դրանց հուզական արձագանքների մի շարք հիմնական օրինաչափությունները մարդու գործունեության տարբեր ձևերում և հատկապես ստեղծագործական պրոցեսում։

Գրականություն[խմբագրել]

  • Кравков С․ В․, Взаимодействие органов чувств, М․—Д․, 1948
  • Галеев Б․, Светомузыка։ становление и сущность нового искусства, Казань, 1976
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png