Սիմոնիդես Ամորգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը հին հույն բանաստեղծ Սիմոնիդես Ամորգացու մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սիմոնիդես (այլ կիրառումներ)։
Սիմոնիդես Ամորգացի

Սիմոնիդես Ամորգացի (հին հունարեն՝ Σιμωνίδης Ἀμοργῖνος ), հին հույն բանաստեղծ, Արքիլոքոսի ժամանակակիցը և հետևորդը։

Ստեղծագործությունը[խմբագրել]

Սիմոնիդեսին վերագրում են 2 յամբական պոեմ, որոնցից մեկը բաղկացած է 25 ոտանավորից, իսկ մյուսը՝ 118. վերջին ոտանավորները գրված են կանանց մասին։ Նա նկարագրում է կանանց զանազան տիպեր, որոնք տարբեր ծագում ունեն, սակայն բոլորը կենդանիներից՝ խոզից, աղվեսից, կատվից, կապկից և այլն։ Պոեմը սատիրական բնույթ ունի և խոսում է ընդհանրապես կանանց մասին, առանց նկատի առնելու որոշ անհատների։ Սիմոնիդեսը իր պոեմներով մեծ հաջողություն է ունեցել։ Սիմոնիդեսը նկարագրում է մի կնոջ, որն առաջացել է կապկից. «Մի ուրիշն առաջացել է կապկից։ Սա, ճիշտն ասած, ամենամեծ դժբախտությունն է, որպիսին Զևսն ուղարկել է մարդկանց. նրա դեմքը խիստ զարհուրելի է, եթե այդպիսի մի կին փողոցում երևա, ապա ամենքը կծիծաղեն, նա փնթփնթացող է, հայհոյաբան և ոչ ոքի բավականություն չի պատճառում.ամբողջ օրը մի բանի մասին է միայն մտածում, թե ինչպես մեկն ու մեկին խիստ անհանգստացնի ու տանջի»։

Իսկ մեղվից առաջացած կնոջը այսպես է բնորոշում. «Երջանիկ է այդպիսի կին ունեցողը, որովհետև նա միայն զերծ է ամեն տեսակ կշտամբանքից։ Նրա ղեկավարած տունը բաժակի է նման. սիրված սիրելի տղամարդուց, նա ապրում է մինչև խորին ծերություն և մայր է շատ գեղեցիկ երեխաների։ Նա աչքի է ընկնում բոլոր կանանց մեջ և օժտված է աստվածային գեղեցկությամբ։ Այդպիսի կանայք մեզ՝ տղամարդկանցս համար Զևսի ողորմածությամբ ուղարկվածների մեջ ամենից լավն ու ամենից խելոքն են»։

Սիմոնիդեսը գրել է դորեական բարբառով։ Հայտնի է նրա օդաներից մեկը՝ նվիրված Թերմոպիլեի ճակատամարտի հերոսներին։

Ով ընկել է Թերմոպիլի մարտի դաշտում,
Փառքն է բաժինը նրանց, բախտը նրանց հրաշալի.
Սուրբ սեղանը նրանց համար գերեզման.
Չկա հեծծանք ու հառաչանք,
Բայց հիշատակը նրանց է կենդանի.
Նրանց ողբը դարձել է գովք նրանց համար։
Եվ չի պղծի տապանագիրը նրանց
Ոչ քայքայում, ոչ թռիչքը ժամանակի
Ահեղակործան իր ձեռքով։
Այս սրբազան պատնեշն արանց
Փառապանծ այս գերեզմանի։
Պարծամքն է ողջ Հելլադի.
Եվ Լեոնիդասն ինքն արքան սպարտացոց
Վկայում է այդ բանին,
Նա, որ հավիտյան հռչակվեցավ
Փառքով իր մեծազոր։

Ուժեղ բանաստեղծական զգացումով է գրված և նրա ոտանավորը՝ նվիրված Դանայային։ Դանայան արտահայտում է իր խոր վիշտը, որովհետև նա իր զավակի հետ նետվել է ծովի անդունդը։

«Երբ որ նա իր հրաշագեղ տապանով
Նետվեց ծովը փոթորկահույզ,
Ահից դալուկ և արտասուքն աչքերին,
Պեսևսին գիրկը առած,
Այսպես խոսեց լալագին.
Օ՜, զավակս, ծանր է իմ տառապանքը.
Դու նիհրում ես մանկական քո մոռացման մեջ
Պղնձապատ տապանիդ մեջ անմխիթար,
Խավարի ու մթության մեջ գիշերվա,
Փույթ չէ քեզ այդ բնավին՝
Ալիքն է արդյոք դառնաղի
Ծփում բարձր գլխիդ վրա,
Թե փոթորիկն է մռնչում։
Երանավառ քո թիկնոցում
Պառկած ես դու, գեղեցի՛կ իմ,
Եվ թե ահին դու լինեիր
Փոքր ինչ գիտակ,
Կլսեիր դու ինձ քնքուշ
Ականջներով։
Ասում եմ քեզ. «Ննջի՛ր, մանկի՛կ,
ՆՆջի՛ր, դո՛ւ ծով,
Ննջի՛ր և դու, վի՛շտ իմ անծայր։
Բայց թող լինի փոփոխություն,
Հա՛յր իմ Զևս։
Եվ իմ խոսքիս այս համարձակ
Տուր ներումն, աղերսում եմ,
Մանկանս համար»։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 97-99։