Սիմբիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինելով մուտուալիստական կապի մեջ, կլոուն ձուկը սնվում է փոքր անողնաշարավորներով, որոնք կարող են վնասել ծովային անեմոնին, իսկ կլոուն ձկան արտաթորանքը սննդարար նյութ է ծովային անեմոնի համար։ Դրա հետ միասին, կլոուն ձուկը գիշատիչներից պատսպարվում և պաշտպանվում է ծովային անեմոնի դաղող բջիջների միջոցով, որոնց նկատմամբ ինքն ունի իմունիտետ:
Iridomyrmex purpureus (Smith, 1858) տեսակի մրջյունները հավաքում են ծառի հյութը ծծող Cicadellidae ընտանիքի միջատների քաղցրահամ արտազատումները և միաժամանակ պաշտպանում են նրանց։

Սիմբիոզ (հին հունարեն` σύν «միասին» և βίωσις «ապրել» բառերից), երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Սիմբիոզի ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։ Խեցգետինը բնակվում է փափկամարմնի դատարկ խեցու մեջ և իր վրա տանում է ակտինիային։ Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ Նրան է հասնում ակտինիայի կողմից որսած սննդի որոշ մասը։ Նման փոխազդեցությունների դեպքում երկու տեսակն էլ օգուտ են ստանում, սակայն դրանց համատեղ գոյությունը յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր պայման չի։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։ Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես ապրելավայր։ Էպիֆիտ բույսերը՝ որոշ ջրիմուռներ, քարաքոսներ, մամուռներ, պտերներներ օգտագործում են ծառաբույսերին որպես հենարան, այլ ոչ թե որպես սննդանյութերի աղբյուր։ Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։
Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։

Փոխօգտակար փոխհարաբերություն՝ մուտուալիզմ սիմբիոտիկ փոխհարաբերությունների այն ձևն է, որոնց դեպքում երկու տեսակն էլ ստանում են օգուտ և որի ժամանակ երկու փոխազդող տեսակների համատեղ կյանքը դառնում է անհրաժեշտ պայման յուրաքանչյուր տեսակի համար, կոչվում է մուտուալիզմ։ Նման կապ գոյություն ունի ծաղկաբույսերի և փոշոտող միջատների միջև։ Կամ քարաքոսները, որոնք իրենցից ներկայացնևմ են սնկի և ջրիմուռի փոխօգտակար դաշինք։ Քարաքոսում սնկի հիֆերը, շրջահյուսելով ջրիմուռների թելերը և բջիջները, առաջացնում են հատուկ ներծծող հարմարանքներ։ Այդ ծծիչների շնորհիվ սունկը ջրիմուռից ստանում է օրգանական միացություններ, իսկ ջրիմուռը սնկի հիֆերից՝ ջուր և հանքային աղեր։ Շատ կենդանիներ իրենց բջիջներում կամ հյուսվածքներում պարունակում են ֆոտոսինթեզող օրգանիզմներ։ Այդպիսի ընդունակությամբ օժտված են ինֆուզորյաների, ռադիոլարիաների, աղեխորշավորների և փափկամարմինների բազմաթիվ տեսակներ։ Կենդանի օրգանիզմներում բնակվող ջրիմուռները լավ պաշտպանված են և ստանում են իրենց գոյության համար անհրաժեշտ սննդանյութերը, միաժամանակ, դրանք ակտիվորեն մատակարարում են հետերոտրոֆ կենդանու օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ստացված օրգանական միացություններով։ Որդերի որոշ տեսակներ, մասնավորապես տուբելարիան, սնվում է բացառապես կանաչ ջրիմուռների հաշվին։