Սերգեյ Վինոգրադսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Սերգեյ Նիկոլաևիչ Վինոգրադսկի
Սերգեյ Վինոգրադսկու նկարը
Ծնվել է 1856 թվականի սեպտեմբերի 1 (13)
Կիև, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է 1953 թվականի փետրվարի 24 (96 տարեկան)
Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Գիտական ոլորտ մանրէաբանություն
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան
Հայտնի է որպես ռուսական մանրէաբանության հիմնադիրներից

Սերգեյ Նիկոլաևիչ Վինոգրադսկի (ծնվել է 1856 թվականին Կիևում, մահացել 1953 թվականին Փարիզում), ռուս մանրէաբան, ռուսական մանրէաբանության հիմնադիրներից։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1894), Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1923 թվականից), Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1881 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժինը և աշխատել տեղում։

1885–1891 թվականներին գիտական գործուղման է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1891–1912 թվականներին Վինոգրադսկին եղել է Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի ընդհանուր մանրէաբանության բաժնի վարիչ, միաժամանակ «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («ռուս.՝ Архив биологических наук») ամսագրի խմբագիրը։ Ակտիվորեն մասնակցել է Ռուսական մանրէաբանական ընկերության կազմակերպմանը (1903) և առաջին 2 տարին եղել է դրա նախագահը։

1922 թվականին մեկնել է Ֆրանսիա և մինչև կյանքի վերջը ղեկավարել Փարիզի Պաստյորի անվան ինստիտուտի ագրոբակտերիալոգիական բաժինը։ Վինոգրադսկին․ առաջինն է բացահայտել հատուկ միկրոօրգանիզմների գոյությունը, որոնք էներգիան ստանում են անօրգանական նյութերի օքսիդացման ճանապարհով։ Հայտնաբերել է քեմոինքնասուն միկրոօրգանիզմները և քեմոսինթեզի երևույթը (1887)։ Վինոգրադսկին 1893 թվականին առաջինը հողից անջատել է լատ.՝ Clostridium Pasteurianum անաերոբ, ազոտֆիքսող բակտերիաներ, որոնք ընդունակ են յուրացնելու մոլեկուլային ազոտը։

Մանրամասն ուսումնասիրել է ազոտաբակտերների մորֆոլոգիան, զարգացումը, ֆիզիոլոգիան և աճեցման մեթոդները։ Առաջինն է ներդրել ընտրողական-սնուցողական միջավայրի մեթոդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png