Սերգեյ Արամի Սարգսյան (հոկտեմբերի 22, 1921(1921-10-22)), հայ խորհրդային ինժեներ-տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969), ՌԽՖՍՀ գիտությունների վաստաստակավոր գործիչ (1977), ԽՄԿԿ անդամ (1943)։
1942-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ 1967 թվականից նույն ինստիտուտի թռչող ապարատների էկոնոմիկայի և արտադրության կազմակերպման ֆակուլտետի դեկան, 1969 թվականից՝ նաև տեխնիկական մեծ համակարգերի էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի սեկցիայի, բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի մասնագիտացված խորհրդի և փորձագետների խմբի նախագահն էր, Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի տիեզերական օպերացիաների արժեքի իջեցման սեկցիայի համանախագահը[1]։
Գիտական աշխատությունները վերաբերում են տեխնիկական մեծ համակարգերի զարգացման հիմնական միտումներին, այդ զարգացման կանխատեսման մեթոդաբանության, հատուկ տեխնիկայի արդյունավետության տեսական հարցերին։ Առաջարկել է թռչող ապարատների համակարգերի օպտիմալացման նոր սկզբունքներ և մեթոդներ։ Նրա ղեկավարությամբ մշակվել են թռչող ապարատների և դրանց համակարգերի ռեսուրսային ապահովման կանխատեսման տեսություն, ավիացիայի և տիեզերական տեխնիկայի կիրառման տնտեսապես օպտիմալ ոլորտների որոշման մեթոդներ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 225)։