Սերբա-չեռնոգորյան-թուրքական պատերազմներ (1876-1878)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերբա - Չեռնոգորյան - Թուրքական Պատերազմներ 1876-1878, Սերբիայի և Չեռնոգորիայի մղած պատերազմները Օսմանյան կայսրության դեմ։

Տեղի են ունեցել Բալկաններում ազգային-ազատագրական շարժման վերելքի պայմաններում։ 1876 թ. պատերազմին (որը հունիսին հայտարարել էին Սերբիան և Չեռնոգորիան, և որոնք Օսմանյան կայսրությունից պահանջում էին Բոսնիան և Հերցեգովինան) Սերբիան և Չեռնոգորիան անպատրաստ էին։ Ռազմական գործողությունների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին Սերբիայի մի շարք վայրեր։ Թուրքական կառավարությանը ներկայացրած (1876 թ. հոկտեմբեր) Ռուսաստանի վերջնագրի շնորհիվ կռվող կողմերի միջև կնքվեց զինադադար, իսկ 1877 թ. փետրվարին Սերբիան հաշտություն կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ նախապատերազմական վիճակը վերականգնելու պայմանով (Չեռնոգորիան չստորագրեց հաշտության պայմանագիրը)։ 1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմի սկզբին Չեռնոգորիան վերսկսեց (1877 թ. ապրիլ) ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ։ 1877 թ. դեկտեմբերին Սերբիան դարձյալ մտավ պատերազմի մեջ։ Սերբական և չեռնոգորիական զորքերը հասան նշանակալի հաջողությունների, Սերբիան ազատագրեց երկրի հարավ և արևելքի մի շարք շրջաններ։ Ռուսաստանի հաղթանակը 1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմում վճռական դեր խաղաց Սերբիայի և Չեռնոգորիայի անկախության նվաճման գործում։ Բեռլինի կոնգրեսի որոշմամբ Սերբիան և Չեռնոգորիան ստացան անկախություն և զգալիորեն ընդլայնեցին իրենց տարածքը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png