Սեյ Շոնագոն
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեյ Շոնագոն (ճապոներեն՝ 清少納言), (շուրջ 966—1017թթ.), ճապոնացի միջնադարյան կին գրող և պալատական տիկին կայսրուհի Թեյսիի (Սադակո) արքունիքում: Հայտնի է «Գլխավերևի նոթեր» (1002 թ., ճապոներեն՝ 枕草子, մակուրա-նո սո շի) իր միակ գրքով, որը սկիզբ է դրել ճապոնական գրականության մեջ «ձույխիցու» (բառացիորեն` «հետևելով վրձնին» - ակնարկ, էսսե, «գիտակցության հոսք») գեղարվեստական ժանրին:
Անունը [խմբագրել]
«Սեյ Շոնագոն»-ը հեղինակի պալատական անունն է: Նա սերում էր հին, սակայն աղքատացած Կիոհարա տոհմից։ Այս ազգանունը ճապոներենում գրվում էր երկու հիերոգլիֆներով. «Սեյ»-ը առաջին հիերոգլիֆի արտասանության տարբերակն է: Իսկ ճապոնացի գրողի անվան երկրորդ մասնիկը՝ «Շոնագոն»-ը, պալատական պաշտոնի անվանում է: Այն ժամանակ ընդունված էր ազնվականներին կոչել նրանց ազգանվան և պալատական պաշտոնի անվան զուգրադրմամբ։ Սեյ Շոնագոնի իսկական անունը մեզ հայտնի չէ, քանի որ տոհմագրություններում գրվում էին միայն տղաների անունները, իսկ ինքը` հեղինակն իր անունը որևէ տեղ չի հիշատակում: Սակայն նրա անվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ, որոնցից ամենահավանականը տվյալ պահին համարվում է այն, որ Սեյ Շոնագոնի իսկական անունն էր Կիոհարա Նագիկո (清原 諾子):
Կենսագրությունը [խմբագրել]
Սեյ Շոնագոնի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի: Նրա հայրն ու պապը հայտնի ճապոնական բանաստեղծներ էին, սակայն զբաղեցրել են քիչ եկամտաբեր պաշտոններ: 16 տարեկան հասակում (981թ.՞) Սեյ Շոնագոնն ամուսնացել է ոչ բարձր պաշտոնյա Տատիբանա Նորիմիցուի հետ: Իրենց ամուսնությունն անհաջող էր և կարճ է տևել: Ունեցել են մեկ զավակ: Ավելի ուշ նա ամուսնացել է Ֆուձիվարա Մունձյոի հետ, որից ունեցել դուստր (ենթադրվում է, որ դա ապագա բանաստեղծուհի Կոման է): Ըստ երևույթին, պալատական ծառայության մտնելու պահին Սեյ Շոնագոնը առաջին ամուսնուց ամուսնալուծված էր: 27 տարեկան հասակում (993թ՞) Սեյ Շոնագոնն ընդունվում է պալատական ծառայության` ընդգրկվելով երիտասարդ կայսրուհի Թեյսիի շքախմբում: Հեղինակի համար ծանր ժամանակներ են սկսվում, երբ Թեյսին կորցնում է կայսեր բարեհաճությունը: Այն բանից հետո, երբ 1000թ. կայսրուհին մահանում է ծննդաբերության ժամանակ Սեյ Շոնագոնը թողնում է ծառայությունը: Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակին է տեղի ունեցել երկրորդ ամուսնությունը: Համարվում է, որ «Գլխավերևի նոթերը», որոնք սկսվել էին գրվել դեռ կայսրուհու մոտ ծառայության ընթացքում, ավարտին են հասցվել 1001 և 1010թթ. միջև: Գրքում նա նշում է, որ այն գրել է իր համար, սակայն պատահական այցելուն վերցրել է ձեռագիրն իր հետ, որից հետո «Նոթերը» տարածվել են: Ավանդվում է, որ ծերությունը Սեյ Շոնագոնն անցկացրել է աղքատության մեջ, թեև հնարավոր է, որ դա լեգենդ է: Մեկ այլ տեղեկությամբ երկրորդ ամուսնու մահից հետո նա գնացել է բուդդայական մենաստան: Թաղման ճիշտ տեղը հայտնի չէ, նրա գերեզմանը ցույց են տալիս մի քանի վայրերում:
«Գլխավերևի նոթեր» [խմբագրել]
Սեյ Շոնագոնի միակ երկը` «Գլխավերևի նոթեր» ստեղծագործությունն է: Գիրքն իրենից ներկայացնում է հեղինակի մտքերի, մտորումների, ժանրային նկարագրությունների, տարբեր կենցաղային դրվագների, բնության պատկերների, անեկդոտների, պալատական կյանքի դրվագների, նովելների, բանաստեղծությունների, պալատական հանդիսությունների նկարագրությունների, պոետիկ զեղումների, հեղինակի շրջապատում տիրող բարքերի գողտրիկ նկարագրությունների մի հավաքածու:
«Նոթերը» բաժանված են գլուխների, որոնք ճապոներեն անվանվում են «դան» (աստիճան): Մեզ հասած ձեռագրերում դաների թիվը նույնը չէ (միջինը 300 է), և դրանք տեքստում տեղադրված են տարբեր հերթականությամբ: Գիրքը եզրափակվում է վերջաբանով, որտեղ պատմվում է «Նոթերի» ստեղծման պատմությունը:
