Սեֆյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաֆավիյաններից)

Սեֆյաններ (պարսկերեն՝ صفویان‎), թագավորական դինաստիա Իրանում 1502—1736 թվականին։ Հիմնադիրն էր շիա իսլամի Սեֆավիյե աղանդի առաջնորդ շեյխ Սաֆի (Սեֆի) ալ-Դին Իսհակ Արդաբիլիի սերնդից Իսմայիլը, որը, հենվելով ղըզըլբաշների վրա, պարտության է մատնել ակ-կոյունլուներին, հիմնել կիսաթեոկրատիկ պետություն, շիիզմը հռչակել պետական կրոն։ Սեֆյանների տիրապեաության տակ գտնվել են ամբողջ Իրանը, Ատրպատականը, Շիրվանը, Վրաստանը, Արևելյան Հայաստանը, Աֆղանստանի մեծ մասը, մասամբ Իրաքը, ինչպես նաև Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Թուրքիայի տարածքների որոշ մասերը։ Սեֆյանների պետության մայրաքաղաքը սկզբում Թավրիզն էր (մինչև 1555 թվականը), 1555—1597, 1598 թվականին՝ Ղազվինը, 1597/1598 թվականից՝ Սպահանը։

Սեֆյանների երկարատև պատերազմները Օսմանյան կայսրության դեմ շահագործման ուժեղացումը, ժողովրդական ապստամբությունները թուլացրել են Սեֆյաններիի պետությունը։ 1736 թվականին Նադիր շահը վերացրել է Սիեֆյանների դինաստիան։ 1555 և 1639 թվականի թուրք-իրանական պայմանագրերով Հայաստանի Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկահայք նահանգներն ամբողջությամբ, Այրարատի, Գուգարքի և Վասպուրականի արևելյան գավառները անցել են Սեֆյաններին։ Հայաստանի այդ մասն ընդգրկված էր Չուխուր Սաադի, Ղարաբաղի և Ատրպատականի վիլայեթների կամ բեկլարբեկությունների կազմի մեջ։

16-րդ դարի այդ վիլայեթներում ժառանգաբար իշխել են ղըզըլբաշ ցեղերի զինվորական առաջնորդները, որոնք կոչվել են բեգչերբեգի (բեկլարբեկի) և մեծարվել խան տիտղոսով։ 17-րդ դարի սկսած բեկլարբեկիներ նշանակվել են շահի գվարդիայի (ղուլամներ) բարձրաստիճան զինվորականները։ Վիլայեթները բաժանված էին նահիաների կամ մահալների, որոնք հիմնականում համընկնում էին Մեծ Հայքի գավառներին։ Մահալների վարչատարածքային ղեկավարները ֆեոդ, միջին դասից էին, անվանվել են նաիբ կամ միրբոլուք և կրել բեկ տիտղոսը։ Հողատիրության հիմնական ձևը թիուլն էր։

Սեֆեյանների հրովարտակներով հաստատում էին Էջմիածնի կաթողիկոսների և հայկական եկեղեցական հաստատությունների իրավունքներն ու հարկային արտոնությունները։ Քաղաքական, վարչատարածքային, զինվորական իշխանությունն ամրոոգաաես վերապահված էր կըզըլբաշ ավագանուն, հայ ունևոր դասի ներկայացուցիչները զբաղեցնում էին միայն քաղաքացիական պաշտոններ, ինչպիսիք էին քյադխուդայությունը և մելիքությունը, նրանց վրա դրված էր նաև պետական հարկերի գանձման պարտականությունը։ Որոշակի քաղաքացիական և զինվորական իշխանությամբ օժտված էին միայն Սյունիքի և Արցախի գավառներում իշխող հայ մելիքները։

Սեֆեյանների արքայացանկը[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png