Սանիտարա-համաճարակային կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանիտարա-համաճարակային կայան (ՍՀԿ), սանիտարա-համաճարակագիտական ծառայության գլխավոր մասնագիտացված հիմնարկություն։ Սանիտարա-համաճարակային կայանի հիմնական խնդիրը համապատասխան սպասարկվող տարածքում պետական սանիտարական հսկողության, սանիտարա-հիգիենային, սանիտարա-հակահամաճարակային միջոցառումների իրականացումն է։ Նպատակն է արտաքին միջավայրի աղտոտման կանխումը, աշխատանքի, ուսման, կենցաղի, հանգստի պայմանների առողջայումը։ Կազմակերպում է նաև վարակիչ ու պրոֆեսիոնալ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, բնակչության ու բնակավայրերի սանիտարական վիճակի բարելավման միջոցառումներ։ Առաջին ՍՀԿ Ռուսաստանում ստեղծվել է Ֆ․ Էրիսմանի նախաձեռնությամբ (1891 թ.), Մոսկվայում։ Գոյություն ունեն հանրապետական, երկրամասային, մարզային, օկրուգային, քաղաքային, շրջանային, ինչպես նաև ավազանային, ջրային, երկաթուղային տրանսպորտի ՍՀԿ-ներ։ Ըստ սպասարկվող տարածքի ազգաբնակչության թվի և շրջանների քանակի ՍՀԿ-ները լինում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի։ ՍՀԿ-ները իրականացնում են հետևյալ միջոցառումները, արդյունաբերական ձեռնարկությունների շինարարության նպատակով հողամասերի հատկացման պլանավորումը, բնակելի շենքերի և կուլտուր-կենցաղային այլ շինարարությունների նպատակով հեռանկարային հողատարածությունների հանձնումը։ Սննդամթերքների արտադրման, պահպանման, փոխադրման, տեխնոլոգիական հագեցվածության, խոհարարական մշակման, տարաների արտադրության, նյութերի փաթեթավորման, ինչպես նաև ռադիոակտիվ և ուժեղ ազդող նյութերի, պաշտպանության քիմիական միջոցների արտադրության, վւոխադրման, պահպանման և անվտանգ դարձնելու հարցերը։ Վարակիչ և պրոֆեսիոնալ հիվանդությունների կանխման և վերացման միջոցառումները, ինչպես նաև տարածքի սան․ պաշտպանությունը։ Մակերեսային ու ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխող միջոցառումներ։ Աղմուկի կանխումը, պակասեցումը, վերացումը։ Փողոցների, բակերի, ինչպես նաև բնակչության մերձքաղաքային հանգստյան վայրերի, լողափերի սանիտարական կանոնների պահպանումը, սանիտարական դաստիարակության միջոցառումների անցկացումը։ Քաղաքային, մարզային, հանրապետական ՍՀԿ-ներում գոյություն ունի սանիտարա-համաճաբակային բաժին, որն ընդգրկում է սանիտարական և հակահամաճարակային, ինչպես նաև սանիտարական վիճակագրության, սանիտարական լուսավորության, պատվաստումների բաժանմունքներ։ Բաժինը ուսումնասիրում է շրջանում սանիտարա-համաճարակային վիճակը, վերլուծում ազգաբնակչության ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի տվյալները, ուսումնասիրում հիվանդությունները, գնահատում անցկացված միջոցառումների արդյունավետությունը, սահմանում կանխարգելիչ և ընթացիկ սանիտարական հսկողություն, ուսումնասիրում վարակիչ հիվանդությունների օջախները, սննդային թունավորումները, միջոցառումներ է ձեռնարկում նշված հիվանդությունների նկատմամբ, հսկում բուժ-կանխարգելիչ հիմնարկություններում տարվող համաճարակային միջոցառումները են։ Ախտահանության բաժինն իրականացնում է վարակիչ հիվանդությունների օջախների վարակազերծում, անհրաժեշտության դեպքում կազմակերպում և անցկացնում է պայքար վարակիչ հիվանդությունների կենդանի փոխանցողների (միջատներ) ու վարակի աղբյուրի (կրծողներ) դեմ, ապահովում վարակիչ հիվանդների հոսպիտալացման հարցերը (բացառությամբ այն քաղաքների, ուր գոյություն ունեն ախտահանիչ կայաններ)։ ՍՀԿ-ի հիմնական բաժիններից է սանիտարա-բակտերիալոգիական լաբորատորիան, որը կարող է ընդգրկել նաև բակտերիալոգիական, ռադիոլոգիական, կոմունալ սանիտարիայի, սննդի հիգիենայի, արդյունաբերական սանիտարիայի, վիրուսային բաժանմունքներ։ ՍՀԿ-ի աշխատանքները գլխավորում է գլխավոր բժիշկը, որը միաժամանակ գլխավոր պետական սանիտարական բժիշկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 180