Սամվել Շմավոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ստեփանի Շմավոնյան
Ծնվել էհավանաբար 1856
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1916
Մահվան վայրՀալեպ
Մահվան պատճառԲծավոր տիֆ
Ազգությունհայ
Դավանանքավետարանական
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինԱղավնի Արամյան
ԾնողներՍտեփան Շմավոնյան

Սամվել Ստեփանի Շմավոնյան (հավանաբար 1856, Կ. Պոլիս - 1916, Հալեպ), հայ բժիշկ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար 1856 թվականին Կոստանդնուպոլսի Հայնի թաղամասում։ Կ. Պոլսի հանրահայտ վերապատվելի Ստեփան Շմավոնյանի որդին է։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1872 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ միաժամանակ աշխատել է և ուսանել Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Համալսարանի 1500 ուսանողներից միակն է, որ ուսումն ավարտել է ոսկե մեդալով։ Մի քանի տարի աշխատել է զանազան բուժհիմնարկներում և հմտացել մասնագիտության մեջ։

1885 թվականին վերադարձել է Հալեպ՝ հիվանդ քրոջը՝ տիկին Ռեբեկա Մարգարյանին բուժելու նպատակով։ Քրոջ ապաքինվելուց հետո հաստատվել է Հալեպի Կաստ-էլ-Հաջար թաղամասում, ուր բացել է իր սեփական հիվանդանոցը և աշխատել։ Կարճ ժամանակ անց մեծ համբավ է ձեռք բերել քաղաքի քրիս­տո­նյա, մուսուլմանական և հրեա բնակչության շրջանում։

Ամուսնացել է պոլսեցի Աղավնի Արամյանի հետ։ Զավակներ չեն ունեցել։ Աշխույժ մասնակցություն է ունեցել քաղաքում իրականացվող ազգային, եկեղեցական, կրթական և այլ ազգանպաստ միջոցառումներին։ Նյութապես օգնել և բարոյապես քաջալերել է 1909 թվականին Հալեպի Ակ-յոլ թաղամասում դարմանատուն բացած սասունցիներին։ Միաժամանակ աշխատելով այդ դարմանատանը, քննել է հիվանդներին, հսկել մաքրությանն ու կարգուկանոնին։ Եղել է ՀԲԸՄ-ի 1910 թ. Հալեպում հիմնված մասնաճյուղի հիմնադիրներից մեկը և նրա վարչության ցմահ ատենապետը։ 1915 թվականին՝ հայերի տարագրության և Մեծ Եղեռնի ընթացք ում, թողնելով գործերը, մի բարի հրեշտակի նման ընդունել, կերակրել ու հագցրել է աքսորյալ ազգակիցներին։ Երբ վերապատվելի Ահարոն Շիրաճյանն ստանձնել է որբանոց-ապաստարան բացելու գործը, բժիշկը դարձել է նրա առաջին բարերարը՝ 200 հնչյուն ոսկի պատկառելի գումար նվիրաբերելով։

Հալեպի Ազիզիե թաղամասում ավետարանական Էմմանուել եկեղեցու կառուցման համար նվիրաբերել է 300 օսմանյան ոսկի։ Լինելով ավետարանական համայնքի անդամ՝ մշտապես ներկա է եղել եկեղեցու կարևոր ժողովներին և ջանացել խոսքով, խորհուրդներով ու գործով օգտակար լինել եկեղեցական, կրթական ու հասարակական միջոցառումներին։

1916 թվականին թուրքական կառավարությունը վտանգավոր է համարել ՀԲԸՄ-ի գործունեությունը։ 1916 թվականին Ջեմալ փաշան հրաման է արձակել կախաղան բարձրացնել բժշկին՝ որպես վտանգավոր ընկերության պարագլխի, սակայն հայ և մուսուլման բնակչությունը միասնաբար դիմել է կառավարությանը և կարողացել մահապատժից փրկել սիրելի բժշկին։

1916 թվականին հազիվ բեկանված մահավճիռը, վարակվել է տիֆով և մի քանի օր անց մահացել՝ մոտ 60 տարեկանում։

Չնայած անկայուն քաղաքական իրավիճակին, հալածանքներին ու աքսորին, բազմազգ թափորը թաց աչքերով է ուղեկցել բժշկի դագաղը։

Բժիշկ Սամվել Շմավոնյանը նախօրոք գիտակցել էր, որ իր դեմ մահվան վճիռ է արձակված։ Երբ խնամում էր տիֆով հիվանդ քրոջը՝ Արուսյակ Մարգարյանին, շարունակ կրկնել է. «Ինքս պէտք էի ըլ­լալ թի­ֆու­սէ վա­րա­կո­ւո­ղը, պի­տի նա­խընտ­րէի հի­ւան­դու­թե­ամբ մեռ­նիլ, քան թէ կա­խա­ղա­նի վրայ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարեան-Սինանեան Ա., Տոքթ. Սամուէլ Շմաւոնեան, «Գե­ղարդ» սուրիահայ տարեգիրք, Ե. գիրք, Հալէպ, 1996։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։