Սահմանային վիճակների մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սահմանային վիճակների մեթոդ - շինարարական կառույցների նախագծային հաշվարկի մեթոդ, որի իմաստն այն է, որ նախագծման փուլում կառույցների համար նախատեսվում են սահմանային վիճակներ, որոնց նրանք չպետք է հասնեն բեռնվածքների ամենաանբարենպաստ ազդեցության և նյութերի ամրության բնութագրերի ամենափոքր արժեքների դեպքում։

Հաշվարկի խնդիր այն է, որ նյութի հնարավոր նվազագույն ծախսումով ապահովվի կառույցի նորմալ ու հուսալի աշխատանքը ինչպես շինարարության ժամանակ, այնպես էլ կառույցի շահագործման ամբողջ ընթացքում։ Այս սկզբունքը վերաբերում է բոլոր շինարարական կառույցներին, այդ պատճառով էլ հաշվարկի դրույթները ընդհանուր են բոլոր տիպի կառույցների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ շինարարական, մասնավորապես ամրանաբետոնե կառույցների հաշվարկը կատարվում էր նյութերի դիմադրության բանաձևերով և կոչվում էր թույլատրելի լարումների մեթոդ։

1930-ական թվականների սկզբներին ամրանաբետոնե կառույցների հաշվարկի համար Խորհրդային Միությունում մշակվեց քայքայող ճիգերի մեթոդը, որում հաշվի էր առնվում ամրանաբետոնի առաձգապլաստիկ աշխատանքը։ 1938 թ. ընդունված նորմերի հիման վրա, 1939 թ. սկսած ամրանաբետոնե կառույցների հաշվարկը և նախագծումը կատարվում էր քայքայող ճիգերի մեթոդով։ Քայքայող ճիգերի մեթոդի հետագա զարգացման արդյունքը եղավ սահմանային վիճակների մեթոդը, որով հաշվի էր առնվում ոչ միայն ամրանաբետոնի առաձգապլաստիկ աշխատանքը, այլ նաև բեռնվածքների և նյութերի դիմադրությունների պատահական փոփոխելիությունը։ 1955 թվականից սկսած Խորհրդային Միությունում շինարարական կառույցների (մետաղե, ամրանբետոնե և այլն) հաշվարկը կատարվում է սահմանային վիճակների մեթոդով։

ԱՄՆ-ում և արևմտաեվրոպական մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) քայքայող ճիգերի մեթոդը, սահմանային բեռնվածքների մեթոդ անվանումով, սկսվեց կիրառվել միայն 1950 ական թվականների կեսերից հետո, իսկ 1970 ական թվականների կեսերից սկսած այդ երկրներում կիրառվեց է նաև սահմանային վիճակների մեթոդը։ Հետագայում այդ մեթոդը տարածվեց աշխարհի բոլոր երկրներում, ներկայում այն օգտագործվում է ամբողջ աշխարհում որպես մի միասնական մեթոդ, ոչ միայն շինարարական կառույցների հաշվարկի համար, այլև ինժեներական գործունեության գրեթե բոլոր բնագավառներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Տեր-Պետրոսյան և Իոսիֆ Պալյան, «Կիրառական մեխանիկա և շինարարական կոնստրուկցիաներ» - մոդուլային ուսումնական ձեռնարկ տեխնիկ-շինարարի համար, Երևան, Նոյյան Տապան, 2008