Սալեռնո
| Քաղաք
Սալեռնո
Salerno
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Սալեռնո (իտալերեն՝ Salerno) ― քաղաք Իտալիայում, համանուն գավառի (Սալեռնո գավառ) մայրաքաղաքը։ Գտնվում է Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում, Սալեռնոյի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևելք։
Պատմություն [խմբագրել]
Հին հռոմեական 'Սալեռնում' բնակավայրը հիմնվել է մ. թ. ա. 197-ին, նախկին մեկ այլ բնակավայրի (հավանական է՝ էտրուսկյան) տեղում։ 646-ից Սալեռնո քաղաքը մտավ Լոմբարդյան դքսության կազմի մեջ, և 839-ին դարձավ անկախ իշխանության մայրաքաղաք, մինչև նորման արկածախնդիր իշխան Ռոբերտ Գվիսկարի կողմից նվաճվելը (1077) և այդ նոր տիրակալի նորաստեղծ իշխանության մայրաքաղաքը դառնալը։ 1194 թվականին Սալեռնոն ավարի է ենթարկվել Շվաբիայի Հոհենշտաուֆենների արշավանքի հետևանքով և նորից մասամբ վերականգնվել է սիցիլիական ապստամբությունների հերոս Ջովաննի դա Պրոչիդայի ղեկավարության ներքո (1282)։ Նա ոչ միայն լայնացրեց և աշխուժացրեց Սալեռնոյի նավահանգիստը, այլ նաև մեծապես նպաստեց քաղաքի և շրջակայքի տնտեսական վերելքին։ Այնուհետև, 1419-ից սկսյալ, Սալեռնոն անցավ տարբեր իշխանական տոհմերի տիրապետության տակ (Կոլոննաների, Օրսինիների և Սանսևերինոների), մինչև Նեապոլի թագավորությանը ենթարկվելը։
Սալեռնոն հատկապես հռչակավոր է իր բժշկական ուսումնարանի շնորհիվ, որը հնագույնն է Եվրոպայում և որը ծաղկում ապրեց 11-րդ և 12-րդ դարերում, բազմաթիվ ուսանողներ հրապուրեց ոչ միայն Իտալիայից, այլ նաև՝ Եվրոպայի այլ վայրերից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սալեռնոյի ծովափը ծանր ճակատամարտերի թատերաբեմ դարձավ (սեպտեմբեր 8-18, 1943թ.)՝ գերմանական ռազմուժերի և դաշնակիցների ափհանման դեսանտի միջև։ Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքը հսկայական կորուստներ և վնասվածքներ կրեց, մինչև բրիտանական 8-րդ Բանակի ժամանումը Կալաբրիա, և գերմանական զորքերի նահանջը։
Ճարտարապետություն [խմբագրել]
Լոմբարդյան ժամանակաշրջանից պահպանվել են Արեկիի դղյակի փլատակները, դղյակի դարպասը, իշխանական այդ ապարանքի մնացուկները, բայց քաղաքի ամենահայտնի հուշարձանն է Սուրբ Մատթեոսի մայր տաճարը, որը հիմնվել է 845-ին և վերականգնվել՝ 1076 - 1085 շրջանում, Ռոբերտ Գվիսկարի կողմից։ Տեղիս ավանդության համաձայն, Սուրբ Մատթեոսի աճյունը բերվել է հենց այդտեղ՝ 10-րդ դարում, և մինչև հիմա պահվում է այդ տաճարի դամբարանում։ Մայր տաճարում նույնպես գտնվում է Հռոմի պապ Գրիգոր VII-ի աճյունը։
Բնակչություն [խմբագրել]
2009թ. դրությամբ, Սալեռնոյի բնակչությունը կազմում էր 146,045մարդ։