Ռուսաստանի Պետական Գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՍՀՄ գրադարան Վ․ Ի․ Լենինի անվան, Լենինի շքանշանակիր, Վ․ Ի․ Լենինի անվան ԽՍՀՍ պետ․ գրադարան, Մոսկվայում, Եվրոպայի և աշխարհի խոշորագույն գրադարաններից, գրադարանագիտության, գրքի պատմության, մատենագիտության բնագավառների ԳՀ առաջատար հիմնարկ։ Հիմնվել է 1862հուլիսի 1-ին՝ Ռումյանցևյան հանրային թանգարանի կազմում։ Կազմավորման սկզբից ստանում է հայրենական հրատարակությունների պարտադիր օրինակներ (մինչև 1922-ը՝ 1, 1922—1944-ին՝ 2, 1945-ից՝ 3 օրինակ)։

Նրա ընթերցողներից են եղել Լև Տոլստոյը, Ֆեոդոր Դոստոևսկին, Դմիտրի Մենդելեևը, Կոնստանտին Ցիոլկովսկին, Կլիմենտ Տիմիրյազևը, Անտոն Չեխովը, Վալերի Բրյուսովը և ուրիշներ։ 1893-ին և 1897-ին գրադարանի ընթերցասրահում աշխատել է Վ․ Ի․ Լենինը, իսկ 1919—1921-ին եղել է բաժանորդ։ 1924-ին Ռումյանցևյան գրադարանը վերանվանվել է Վ․ Ի․ Լենինի անվան ռուսական, 1925փետրվարի 6-ին՝ Վ․ ի․ Լենինի անվան ԽՍՀՍ պետական գրադարան։ 1945-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Լենինի պետական գրադարանի ֆոնդերում 1982-ին եղել է 11,7 մլն գիրք, 10,1 մլն ամսագիր, աշխարհի 200 (ԽՍՀՍ ժողովուրդների 89) լեզուներով 397 հազար թերթերի տարեկան հավաքածո, 330 հազար միավոր ձեռագիր, 1,3 մլն միավոր քարտեզ, 405 հազար միկրոժապավեն։

Գրադարանն ունի 22 ընթերցասրահ։ Լայն կապերի մեջ է արտասահմանյան գրապահոցների և գրքի գործերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Գրադարանի հին շենքում (նախկինում՝ Պաշկովի տուն, կլասիցիզմ, 1784—1786, ճարտարապետ Վասիլիյ Բաժենով) տեղավորված են ընդհանուր և պատանիների ընթերցասրահները։ 6 նոր մասնաշենքերը (այդ թվում 9 հարկանի գրապահոցը) կառուցվել են 1928—1958-ին (ճարտարապետներ՝ Վ․ Գ․ Գելֆրեյխ, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ) և գլխավոր մուտքի կողմից միավորված են բարձր մույթավոր պորտիկով։

Գրադարանի ճակատները հարդարված են քանդակներով (գրողների և գիտնականների կիսանդրիներ (քանդակագործներ՝ Ն․ Վ․ Կրանդիևսկայա, Ս․ Ա․ Եվսեև), բանվորի, կոլտնտեսականի, գիտնականի և այլ ֆիգուրներ (քանդակագործներ՝ Վ․ Ի․ Սուխինա, Ս․ Գ․Սանիզեր, Վ․ Վ․ Լիշև, Ե․ Ա․ Ցանսոն-Սանիզեր և այլոք)։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png