Ռուդոլֆ Կառնապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառնապ (Carnap) Ռուդոլֆ (1891 — 1970), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—35 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png