Ռուդի Ռուտիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
45 համարի խաղացող Ռուդի «հրթիռ» Ռուտիգերը՝ 1975թ․ խաղի ժամանակ

Դենիել «Ռուդի» Ռուտիգերը (Daniel Ruettiger) (ծնված 23.08.1948) ոգեշնչող հռետոր է (motivational speaker) և ամերիկյան քոլեջային ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) նախկին խաղացող, ով հայտնի է չնայած սպորտային բնածին տվյալների բացակայությանը՝ տարիների համառության ու նպատակասլացության շնորհիվ մեկ խաղի մասնակցելու համար։

Բովանդակություն

Վաղ տարիները [խմբագրել]

«Ռուդի» մականվամբ Դենիել Ռուտիգերը ծնվել է միջինից ցածր եկամուտ ունեցող ծնողների ընտանիքում (14 երեխաներից 3-րդը): Դպրոցում խնդիրներ է ունեցել՝ այդ ժամանակ իր մոտ դեռ չբացահայտված դիսլեքսիայի (dyslexia | կարդալու կարողության վրա ազդող ուսումնական խնդիր) պատճառով:
Հաճախել է Ժոլիետի Կաթոլիկ Ակադեմիան (Joliet Catholic Academy), որտեղ գլխավորել է ամերիկյան ֆուտբոլի թիմը՝ մրցակցին արգելափակելու (tackle) գծով:

Խաղը Նոտր Դամի Համալսարանի թիմի կազմում [խմբագրել]

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ռուտիգերը 4 տարի ծառայել է նավատորմում (US Navy):
Այնուհետև ընդունելության համար դիմել է Նոտր-Դամի Համալսարան (University of Notre Dame), բայց ստիպված է եղել քոլեջային սկզբնական տարիները անցկացնել Սուրբ Խաչի Քոլեջում (Holy Cross College), որտեղ երկու տարի ուսանելուց և տեղափոխվելու երեք մերժում ստանալուց հետո ի վերջո կարողացել է 1974թ. տեղափոխվել Նոտր-Դամի Համալսարան:

Ռուտիգերի երազանքն էր խաղալ Նոտր Դամի «Պայքարող Իռլանդացիներ» (Fighting Irish) թիմի կազմում՝ չնայած սպորտային բնածին տվյալների բացակայությանը (նրա հասակը ընդամենը 1.67 մետր էր [5'6"], իսկ քաշը՝ 74կգ [165 ֆունտ]):
Այդ ժամանակ Նոտր Դամի թիմի գլխավոր մարզիչ Արա Պարսեղյանը (en:Ara Parseghian | հայկական ծագումով ամերիկյան լեգենդար մարզիչ. 1980թ. ներառվել է Քոլեջային [Ամերիկյան] Ֆուտբոլի Պանթեոնի մեջ) քաջալերում էր թիմին կամավոր միացող խաղացողներին (walk-on player - խաղացող, ում չեն հրավիրել թիմ և չեն տրամադրել սպորտային կրթաթոշակ):
Աշխատասիրության և համառության շնորհիվ Ռուտիգերը վաստակում է իր տեղը Նոտր Դամի վարժանքների թիմում (scout team - պարապմունքների ժամանակ օգնում են հիմնական թիմին՝ հանդես գալով իբրև հակառակորդներ):

1974թ. խաղաշրջանից հետո Պարսեղյանը դուրս է գալիս, և թիմի գլխավոր մարզիչ է դառնում Դեն Դեվայնը (Dan Devine):
Դեվայնը հնարավորություն է ընձեռում արդեն ավարտական տարվա ուսանող և պարապմունքներից դուրս դեռ ոչ մի անգամ չխաղացած Ռուտիգերին՝ իբրև պաշտպան հանդես գալու թիմի կազմում ընդդեմ Ջորջիա Թեքի (Georgia Tech - Ջորջիայի Տեխնոլոգիական Ինստիտուտ) 1975թ․ նոյեմբերի 8-ին:
Նշված խաղի ժամանակ Ռուտիգերը կարողանում է արգելափակել հակառակորդ թիմի հարձակման ղեկավարին [quarterback] (դա նրա միակ գրանցված մասնակցությունն է թիմի խաղերին):
Խաղից հետո թիմակիցները Ռուդիին ուսերի վրա են դուրս տանում ստադիոնից. նա առաջին (և մինչև 1995թ.՝ միակ) խաղացողն է, ում Նոտր Դամի թիմի անդամները ուսերի վրա են տարել ստադիոնից:

Դպրոցական ֆուտբոլի Ռուդի մրցանակը [խմբագրել]

2009թ․ սեպտեմբերից Ռուդին երիտասարդ ատլետների խրախուսմանը նպատակաուղղված «Վստահելի սպորտ» (Trusted Sports) կազմակերպության հետ միասին նախաձեռնել է «Դպրոցական ֆուտբոլի Ռուդի մրցանակը» (High School Football 'Rudy' Awards), որը տրվում է ամերիկյան ֆուտբոլի ամենաոգեշնչող դպրոցական խաղացողին, ով անձնավորում է Ռուդիի նշած հատկանիշները (խիզախություն, բնավորություն, նվիրվածություն և ներդրում [four C's: Courage, Character, Commitment and Contribution]) և խանդավառում իր թիմին ու համայնքին:
Մրցանակի 2010թ․ փետրվարի 3-ին հայտարարված եզրափակիչ փուլի մասնակիցներն էին․

  • Քելըբ Լեյնդեկեր (Calob Leindecker) (հաղթող)․ կորցրել է ոտքը՝ մեքենան երթևեկությունից հանելու ժամանակ ընկերոջը օգնելիս։ Ավելի քան 9 վիրահատությունից հետո սովորել է քայլել պրոթեզով և առաջնորդել է իր թիմը 2009թ․ խաղաշրջանի ժամանակ։
  • Կայլ Վիֆեր (Kyle Weafer)․ երեք տարեկանում նրա մոտ աուտիզմ է հայտնաբերվել։ Չնայած դիպչելուց ունեցած վախին և կոշիկ հագնել չսիրելուն՝ 2009թ․ սկսել է խաղալ և արժանացել հանդիսատեսի համակրանքին (ընդհուպ մինչև խաղերի ժամանակ «Կայլ» կանչերով նրա մասնակցությունը պահանջելը)։
  • Ջաստին Դյուկ (Justin Ray Duke)․ 2006թ․ բասկետբոլի խաղի ժամանակ ջարդել է վզի 2 ող: Չնայած բժիշկների եզրակացությանը, որ նա վզից ներքև ցմահ հաշմանդամ է մնալու, Դյուկը նորից սովորել է քայլել և երկարատև վերականգնողական ժամանակահատվածից հետո 2006թ․ հոկտեմբերին վերադարձել է խաղադաշտ։
  • Բոբի Քինի (Bobby Keeney) (երկրպագուների մրցանակ)․ 7 տարեկան հասակում ականատես է եղել փոքր քրոջ մահվանը՝ դժբախտ պատահարից, դպրոցական տարիներին ստիպված է եղել հաղթահարել նաև առողջական ուսումնական խնդիրներ։ Այժմ մասնակցում է բազմաթիվ սպորտային խմբակների և օգնում մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ապրել ակտիվ ու լիարժեք սպորտային կյանքով։


Հետաքրքիր փաստեր [խմբագրել]

  • Ռուտիգերը ճանաչման է արժանացել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից:
  • Ռուտիգերը ԱՄՆ մի շարք քաղաքների բանալիների է արժանացել՝ իր ոգեշնչվածության, նվիրվածության և մարդկային ոգու համար:
  • 1993թ. «Ռուդի» (Rudy) ֆիլմը պատմում է Ռուտիգերի անկոտրում համառության ու երազանքի իրականացման ճանապարհի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Անսպոն (David Anspaugh), Ռուդիի դերում՝ Շոն Աստինը (Sean Astin): Ինքը Ռուտիգերը ֆիլմում երևում է Ռուդիի խաղի ժամանակ նրա հոր և եղբոր ետևում կանգնած երկրպագուներից մեկի դերում: