Ռուբեն Վարդանյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռուբեն Վարազդատի Վարդանյանը (ծնվել է Երևանում մայիսի 26 1929 թ - մահացել է դեկտեմբերի 21 1996 թ) անվանի մարզական գործիչ է, Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մրցավար, Օլիմպիական Կոմիտեի պատվավոր անդամ, առաջին հայ միջազգային բարձրագույն կարգի մրցավար:

Կենսագրություն[խմբագրել]

Ռուբեն Վարդանյանի անունը հայտնի է ինչպես մեր Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա երկար տարիներ Հայաստանի մարզական պատիվը բարձր է պահել ինչպես նախկին Խորհրդային Միությունում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:

Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1929 թ. Երևան քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, իսկ 1958-1963 թվականներին` Երևանի պետական համալսարանի իրավաբանական Ֆակուլտետը:

1946 թ-ին սկսել է զբաղվել սպորտով: Նույն թվականին մասնակցելով Հայաստանի ըմբշամարտի առաջնությանը, առաջին անգամ դառնում է Հանրապետության չեմպիոն: Հետագայում ևս 9 անգամ նա զբաղեցրել է Հայաստանի չեմպիոնի պատվավոր առաջին տեղը: Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է Հայաստանում հետպատերազմյա առաջին սպորտի վարպետը:

1952 թ-ին մասնակցելով ԽՍՀՄ առաջնությանը, գրավել է 2-րդ տեղը, իսկ 1953 թ-ին նվաճել է Սովետական Միության չեմպիոնի ոսկե մեդալը: Նա հանդիսանում է 1954 թ-ին Բուդապեշտում կայացած Համաշխարհային ունիվերսիադայի երկրորդ մրցանակակիր: Իր մարզական կենսագրության ընթացքում Ռ. Վարդանյանը անց է կացրել 665 գոտեմարտ, որից 627 հանդիպում ավարտել է հաղթանակով, 24 միջազգային մրցումներում պատվավոր պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնել է 23 անգամ:

1948 թ-ից միաժամանակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, պատրաստել է հարյուրավոր առաջատար մարզիկներ, ավելի քան 20 սպորտի վարպետ, որից շատերը դարձել են ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես ել տարբեր միջազգային մրցումների հաղթողներ և մրցանակակիրներ: Բարձր գնահատելով Ռ. Վարդանյանի մարզչական աշխատանքը, 1964 թ-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր մարզչի կոչում: 1956-1962թթ. Ռ. Վարդանյանը աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որպես դասախոս:

Ակտիվ սպորտը թողնելուց հետո 1962 թ-ից մինչև 1992 թ-ը նա ղեկավարել է սկզբից “Աշխատանք” մարզական ընկերությունը, իսկ հետագայում` արհմիությունների միավորված մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհուրդը: Ռ. Վարդանյանը հանդիսանում է ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրը, մարզօջախ, որը պատրաստել է բազմաթիվ սպորտի վարպետներ, Հայաստանի, ԽՍՀՄ-ի, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ: Ռուբեն Վարդանյանը հանդիասանում է նաև միջազգային բարձրագույն կարգի առաջին հայ մրցավարը:

1969 թ-ից որպես միջազգային բարձրագույն կարգի մրցավար և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) անդամ նա բարձր է պահել Հայաստանի պատիվը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Մյունխենի, Մոնրեալի, Մոսկվայի օլիմպիական խաղերում: Ավելի քան 20 տարի Ռուբեն Վարդանյանի անունը տեղ է գտել աշխարհի և միության 10 լավագույն մրցավարների շարքում: Մրցավարական գերազանց գիտելիքների, երկարամյա և արդյունավետ գործունեության համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նրան պարգևատրել է արծաթե մեդալով:

Հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ռ. Վարդանյանը պարգևատրվել է “Աշխատանքային արիություն” մեդալով, Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվոգրերով, ՀամԿԽ-ի և ԽՍՀՄ սպորտկոմիտեի բազմաթիվ շքանշաններով, նրա անունը գրանցվել է ԽՍՀՄ սպորտկոմիտեի Պատվավոր Գրքում:

1999 թ. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքին, որտեղ 1955-1996 թթ. ապրել է Ռ.Վարդանյանը, տեղադրվել է նրա անվամբ հուշատախտակ:

Բարձր գնահատելով Ռուբեն Վարազդատի Վարդանյանի անցած մարզական և աշխատանքային ուղին, մասնավորապես, նրա ներդրումը Հայրենական ըմբշամարտի զարգացման գործում և նպատակ ունենալով հավերժացնել նրա անունը, արհմիությունների “Հայաստան” մարզական միության ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան «Աշխատանք» մարզադպրոցը անվանակոչվել է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ անունով: