Ռոմանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմանս (իսպ.՝ romance, ուշ լատիներեն romanice, բառացի՝ ռոմաներեն, այսինքն՝ իսպաներեն), կամերային երաժշտական բանաստեղծական ստեղծագործություն՝ գրված ձայնի համար գործիքի նվագակցությամբ (նշանակությամբ հաճախ հավասարվում է ձայնին)։ Ի տարբերություն երգի, ռոմանսի երաժշտությունը բանաստեղծության ընդհանուր տրամադրության արտահայտումից բացի, հետևում է տեքստի մանրամասներին, բացահայտում հույզերի նրբին անցումները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոմանս» (1894), պատկերված են Էրիկ Սաթիին և Ստեֆանի Նանտասին: Կտավ/յուղաներկ, 89,5 x 111,0 սմ, Կատալոնական արվեստի ազգային թանգարան, Բարսելոնա

«Ռոմանս» եզրույթը ծագել է Իսպանիայում՝ դեռևս միջնադարում (15-16-րդ դարեր), և նախապես նշանակել է աշխարհիկ երգ՝ գրված ոչ թե լատիներեն (հոգևոր երգերի լեզուն), այլ իսպաներեն («ռոմաներեն»)։ Այն օգտագործվել է որպես էպիկական և քնարերգական բնույթի երկի մակդիր (այստեղից էլ անվանումը[1][2]), որոնք, օրինակ, նկարագրել են պատմական իրադարձությունները, լեգենդար ազգային հերոսների սխրանքները, աղետները, պատերազմները, մավրերի հետ մարտերը և այլն։ Գրականագետները հաճախ զուգահեռներ են անցկացնում իսպանական ռոմանսի ժանրի և այլ երկրներում տարածված բալլադի միջև[3]։ Նման ռոմանսների ժողովածուների բնօրինակ անուններն են՝ Cancionero de romances (չնայած անվանը՝ «երգարանը» չի պարունակում նոտավորված մեղեդիներ), Libro de romances, Romancero։ Վերջին տերմինը՝ ռոմանսերո, ամրապնդվել է հետագա գրականագիտության մեջ՝ բոլոր նման «երգարանների» բնութագրման համար։

Ժանրային տեսակներից են բալլադը, եղերերգը, բարկարոլը և այլն։ Ռոմանսի բանաստեղծությունը զուրկ է ժանրային հաստատուն հատկանիշներից, սովորաբար՝ հանգավոր, տների բաժանված, երգուն, քնարական ոչ մեծ ստեղծագործություն է։ Ռոմանսը՝ որպես երաժշտաբանաստեղծական համադրական ժանր, զարգացել է 18-րդ դարի 2-րդ կեսին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ 19-րդ դարից նրա զարգացմանը մեծապես նպաստել են Յ. Վ. Գյոթեի, Հ. Հայնեի, Ա. Ս. Պուշկինի, Մ. Յ. Լերմոնտովի, Ա. Ա. Ֆետի և ուրիշների ստեղծագործությունները։ Նոր տեսակի ռոմանսի հիմնական թեման մարդու հոգեկան ապրումներն են՝ իրենց նրբերանգներով։ Կազմավորվել են ռոմանսի ավստրո-գերմանական (հիմնադիր՝ Ֆ. Շուբերտ, նաև Ռ. Շուման, Յ. Բրամս, Հ. Վոլֆ), ֆրանսիական (Հ. Բեռլիոզ, Շ. Գունո, Ժ. Բիզե, Ժ. Մասնե), ռուսական (Մ. Ի. Գլինկա, Ա. Ս. Դարգոմիժսկի, Մ. Ա. Բալակիրև, Մ. Պ. Մուսորգսկի, Ա. Պ. Բորոդին, Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով, Պ. Ի. Չայկովսկի, Ս. Վ. Ռախմանինով) դպրոցները։

Դասական ռոմանսին զուգահեռ զարգացել է նաև կենցաղային ռոմանսը (Ռուսաստանում՝ նաև գնչուական ռոմանս), որը, նախատեսված լինելով սիրող երգիչների համար, առավել պարզ ու մատչելի էր, ոճական առումով՝ երգին ավելի մոտ։

Կոմպոզիտորները հաճախ մի քանի ռոմանս միավորում են մեկ շարքում՝ հիմք ընդունելով գաղափարի և կերպարի ընդհանրությունը, կամ մեկ բանաստեղծի գործերը համակողմանի ընդգրկելու նպատակ։ Ռոմանսների առաջին շարքի հեղինակը Լ. վան Բեթհովենն է («Հեռավոր սիրուհուն», 1816)։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին ռոմանսներ են գրել նաև չեխական, լեհական, ֆիննական, նորվեգական ազգային դպրոցների կոմպոզիտորները։

Խորհրդային շրջանում ռոմանսն առանձնացել է դասական կամերվոկալ ժանրերով (Ա. Ն. Ալեքսանդրով, Ն. Յ. Մյասկովսկի, Յ. Ա. Շապորին) և վառ արտահայտված երգայնությամբ, դրանց նորացմամբ (Գ. Վ. Սվիրիդով) կամ դեկլամացիոն, բնութագրական (Ս. Ս. Պրոկոֆև, Դ. Դ. Շոստակովիչ) սկզբունքների զարգացմամբ։

Երբեմն ռոմանս են անվանում ջութակի, թավջութակի և այլ գործիքների համար գրված երգուն բնույթի գործիքային պիեսները, նաև երաժշտություն չունեցող, բայց ռոմանսային տեքստերին բնորոշ նույն ինտոնացիոն հնարքների համակարգով կառուցված քնարական բանաստեղծությունները (Վ. Պ. Ժուկովսկու «Ցանկություն», Պ. Վեռլենի «Ռոմանսներ առանց խոսքի», ժողովածուներ)։

Հայկական երաժշտության մեջ ռոմանսն սկզբնավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։ Առաջին ռոմանսները գրել են Տ. Չուխաճյանը («Գարուն», «Լոռա»), Գ. Երանյանը («Հայաստան», «Կիլիկիա»), Գ. Ղորղանյանը։ Հայկական ռոմանսի զարգացմանը մեծապես նպաստել են Ա. Սպենդիարյանը (կերպարային բովանդակության հարստացում, ժանրի և երաժշտական ձևի բազմազանություն), Ռ. Մելիքյանը (ազգային ոճի բյուրեղացում)։ Ռոմանսի ժանրին անդրադարձել են Կոմիտասը, Դ. Ղազարյանը, Հ. Ստեփանյանը, Կ. Զաքարյանը, Մ. Միրզոյանը, Մ. Մազմանյանը, Ա. Հարությունյանը, Է. Միրզոյանը, Ա. Խուդոյանը, Ս. Բալասանյանը, Է. Աբրահամյանը, Գ. Չթչյանը և ուրիշներ, կենցաղային ռոմանսներին՝ Ե. Բաղդասարյանը («Մի լար, բլբուլ»), Ա. Մայիլյանը («Ծովի երգը», «Ինձ մի խնդրիր»), Ա. Տիգրանյանը («Սև աչեր» և այլն) և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Romanze // Metzler Lexikon Literatur. 3. Auflage. Stuttgart, 2007, S. 666.
  2. Гаспаров М. Л. Романс // Литературный энциклопедический словарь. М.: Советская энциклопедия, 1987, с. 333.
  3. Гаспаров М. Л. Романсы испанские // Литературный энциклопедический словарь. М.: Советская энциклопедия, 1987, с. 334.

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаспаров М. Л. Романс // Литературный энциклопедический словарь. М.: Советская энциклопедия, 1987, с. 333.
  • Гаспаров М. Л. Романсы испанские // Литературный энциклопедический словарь. М.: Советская энциклопедия, 1987, с. 333—334.
  • Романс // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-X
  • Гервер Лариса. Поэзия романсового творчества: Рахманинов и Метнер (заметки к теме) // Научный вестник Московской консерватории. — 2014. — № 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանս» հոդվածին։