Ռոկֆոր (պանիր)
Ռոկֆոր (ֆրանսերեն՝ Roquefort), հորած պանիրների կարգին («կապույտ պանիր») պատկանող ոչխարի պանիր, արտադրվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոկֆոր-սյուր-Սուլզոն քարանձավների շրջանում, ինչից և ստացել է իր անունը և առևտրական ապրանքանիշը։ Ռոկֆորը ֆրանսիական առաջին արտադրանքն է, որին 1925թ. շնորհվել էր Appellation d'Origine Contrôlée նորաստեղծ վկայականը։
Պատրաստվում է ոչխարի պանրի պատրաստման մեթոդով, ապա տեղադրվում այդ շրջաններում տարածված կրաքարային անձավներում, որտեղ պանիրը բնական կերպով «վարակվում» է սնկային բորբոսով՝ բավարար օդափոխության և խոնավության պայմաններում, կամ էլ՝ արհեստականորեն ներարկվում է Penicillium roqueforti սնկային կուլտուրայով՝ պանրի հասունացումն արագացնելու նպատակով։
Իր յուրային որակի, համի և ձեռք բերված համաշխարհային համբավի շնորհիվ ռոկֆորն ստացել է «պանիրների արքա» պատվավոր մականունը։
