Ռենե Կլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենե Կլեր (Clair) (իսկական ազգանունը՝ Շոմետ, Chomette, 11.11.1898, Փարիզ- 15.03.1981, Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր և կինոդրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1960)։ Առաջին ֆիլմը «Փարիզը քնած է» (1923) ֆանտաստիկ թեմայով կոմեդիան է։ Ֆրանսիական, կինոյի պատմության մեջ նշանակալից փուլ էր «Փարիզի տանիքների տակ» (1930) նուրբ հումորով երաժշտական կոմեդիան։ «Ազատություն մեզ» (1932) և «Վերջին միլիարդատերը» (1934) ֆիլմերում գերակշռում են գրոտեսկի և սոցիալական ծաղրի տարրերը։ 30-ական թթ. կեսին աշխատել է Մեծ Բրիտանիայում («Ուրվականը գնում է արեմուտք», 1936, «Զարմացրեք նորություններով», 1938) և ԱՄՆում («Ես ամուսնացել եմ վհուկի հետ», 1942 են)։ 1947-ին վերադարձել է Ֆրանսիա, նկարահանել «Լռությունը ոսկի է» (1947), «Սատանայի գեղեցկությունը» (1950), «Գիշերային գեղեցկուհիներ» (1952), «Մեծ զորախաղեր» (1955), «Լիլի նավահանգիստը» (1957), սովետական էկրաններում՝ «Փարիզի արվարձանում», «Աշխարհի ողջ ոսկին» (1961) կինոնկարները։ Կլերը իր ֆիլմերում քնարական երևակայության նրբությունը և սրամտությունը հակադրել է բուրժուական իրականության պրոզաիկ գորշությանը։ Իր ստեղծած մի շարք ֆիլմերի սցենարիստն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png