Ռելաքսացիա (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռելաքսացիաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռելաքսացիա (այլ կիրառումներ)

Ռելաքսացիա (լատին․՝ relaxatio - թուլացում, նվազում), ֆիզիկական համակարգի՝ արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված անհավասարակշիռ վիճակից հավասարակշռության անցնելու աստիճանական պրոցես։ Ռելաքսացիան ոչ շրջելի պրոցես է, որի ժամանակ համակարգի ներքին էներգիայի մի մասը փոխակերպվում է ջերմության (փակ համակարգում էնտրոպիան աճում է)։

Ռելաքսացիոն պրոցեսներ են, օրինակ, հեղուկում կարճատև ազդող ուժի հետևանքով առաջացած առաձգական լարումների վերացումը, հաստատուն դեֆորմացիայի դեպքում մարմնի լարված վիճակի աստիճանական թուլացումը, դիֆուզիայի հետևանքով լուծված նյութի անհավասարաչափ բաշխված խտության հավասարվելը, էլեկտրական դաշտում դիէլեկտրիկի բևեռացած մոլեկուլների կողմնորոշման կարգավորումը և այլն։

Ռելաքսացիան բազմաստիճան պրոցես է, քանի որ համակարգի ոչ բոլոր ֆիզիկական պարամետրերն եկ ձգտում հավասարակշռության նույն արագությամբ։ Սովորաբար սկզբից հավասարակշռություն է հաստատվում որևէ պարամետրով (մասնակի հավասարակշռություն), որը նույնպես կոչվում է ռելաքսացիա։ Տարբեր համակարգերում ռելաքսացիա ունի համակարգի մասնիկների փոխազդեցության բնույթից կախված առանձնահատկություններ։ Այդ իսկ պատճառով ռելաքսացիայի պրոցեսները խիստ բազմազան են։ Հավասարակշռության հաստատման ժամանակը կոչվում է ռելաքսացիայի ժամանակ։

Ռելաքսացիայի երևույթը էապես կախված է համակարգի միկրոսկոպիկ բնութագրերից (օրինակ, գազերի համար՝ մասնիկի ազատ վազքի ժամանակից և ազատ վազքի երկարությունից)։ Ռելաքսացիայի փուլերից մեկը միջավայրում թերմոդինամիկական հավասարակշռության հաստատման պրոցեսն է՝ միջավայրի ատոմների և մոլեկուլների սպինային մագնիսական մոմենտների համակարգի մասնակցությամբ։

Պինդ մարմիններում մագնիսական ռելաքսացիան էապես կախված է մարմնի կառուցվածքից։ Մագնիսական ռելաքսացիայի ժամանակը պինդ մարմնի այն պարամետրերից է, որոնք հեշտությամբ փոփոխվում են տեխնոլոգիական մշակման ընթացքում (լեգիրում, մխում և այլն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։