Ռաֆայել Պապայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Պապայան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1942(1942-12-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 5, 2010(2010-10-05) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Ռաֆայել Արամաշոտի Պապայան (դեկտեմբերի 22, 1942(1942-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 2010(2010-10-05), Երևան, Հայաստան), ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (1997-2010), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ (1991 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Պապայանը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 22-ին դրամատուրգ Արամաշոտ Պապայանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, որն ավարտել է 1965 թվականին։ 1965-1967 թվականներին աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում որպես ուսուցիչ, այնուհետև Վալերի Բրյուսովի անվան ինստիտուտի ռուս գրականության ամբիոնում որպես լաբորանտ (1967-1968), իսկ 1969 թվականին՝ Երևանի պետհամալսարանի գրական կապերի կաբինետում որպես լաբորանտ։

1969-1971 թվականներին եղել է Տարտուի (Դորպատի) համալսարանի ասպիրանտ, այնուհետև 1972 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ։ 1972-1980 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, այնուհետև՝ դոցենտ։ 1981-1982 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։

1975 թվականին համահիմնադրել է Հայկական Հելսինկյան խումբը, մի հասարակական կազմակերպություն, որը զբաղվում էր Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների բացահայտումով և հրապարակումով։

1982-1987 թվականներին ենթարկվել է քաղաքական հետապնդումների, բանտարկվել Մորդովիայի խիստ ռեժիմի գաղութում և դատապարտվել «Հակասովետական ագիտացիա և պրոպագանդա» մեղադրանքով՝ 4 տարվա ազատազրկման, հետագայում՝ 2 տարի աքսորով, սակայն գորբաչովյան բարեփոխումների շրջանակում վաղաժամկետ ազատվել է։

1989 թվականին հիմնադրել է Մարդու իրավունքների հայկական լիգան և դարձել նախագահը։ Նույն թվականին հիմնադրել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայի հայագիտության ամբիոնը և դարձել դրա վարիչը։

1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Նախագահության անդամ։ 1992 թվականից հանդիսացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։ 1994-1997 թվականներին Ուղղափառության միջպառլամենտական վեհաժողովի քարտուղարության անդամ էր։

1995-1997 թվականներին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1997 թվականից՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։

1998 թվականին ստացել է Դատավորի որակավորման բարձրագույն դաս[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունիսի 14-ին պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Սուրբ Բարեպաշտ իշխան Դանիել Մոսկովյանի շքանշանով՝ Ի փառս Սուրբ եկեղեցու ծավալած գործունեության համար[2]։

2003 թվականի օգոստոսի 15-ին պարգևատրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Պապանյանի բազմաթիվ աշխատություններ հրապարակվել են Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տարտուում, Փարիզում և այլուր։ Բացի գրականագիտական աշխատություններից (այդ թվում՝ «Ազգային տաղաչափության համեմատական տիպաբանություն» մենագրությունը, 1981), գրել է բանաստեղծական ժողովածուներ («Տագնապներ», «Նաիրի», «Անահիտին»), կատարել թարգմանություններ, այդ թվում՝ Միսաք Մեծարենցից, Բուլատ Օկուջավայից, հեղինակել բազմաթիվ հրապարակախոսական աշխատություններ (այդ թվում՝ «Маски террора», Ереван, «Арачэнтац», 1992), իրավունքի հիմնահարցերին առնչվող մենագրություններ՝ «Христианские корни современного права», «Суд в библейском осмыслении», «Христианские корни современного права», «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-29 հրամանագիր, 1998, ապրիլի 23
  2. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի հրամանագիր, 1995, հունիսի 14
  3. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիվ 180 Կոնդակ, 2003, օգոստոսի 15

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]