Ռաֆայել Արշակի Աթայան
Տես նաև Արշակ Աթայան
Ռաֆայել Արշակի Աթայան (1907, հոկտեմբերի 30 - 1990), հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Բանաստեղծ, արձակագիր ու թարգմանիչ Արշակ Աթայանի որդին։
Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում և անգլիական քոլեջում։ 1923-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1923-25-ին որպես անգլերենի թարգմանիչ աշխատել է Արմենտայում (հետո` Արմենպրես), 1925-28-ին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1928-34-ին` «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար, 1934-35-ին` Պետհրատում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1943-44-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։
1944-83-ին աշխատել է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Հայերեն և ռուսերեն գրել է մանկավարժական-գրականագիտական աշխատություններ։ 1948-ին «Կրասնոդոնի երիտգվարդիականները Ա. Ֆադեևի պատկերումով» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-57-ին դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, վարելով հայ և ռուս գրականությունների ամբիոնը։ Կազմել է (հեղինակակցությամբ) գրականության դասագիրք 5-րդ դասարանի համար (հրատ. 1969-79-ին)։ Նրա «Մայա» վիպակը արժանացել է Հայպետհրատի 1949-ին հրատարակած մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի։
Թարգմանվել և ռուսերեն տպագրվել են նրա «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը (1966-72)։ Այս եռագրությունը երկրորդ անգամ ռուսերեն լույս է տեսել Մոսկվայում, 1980-ին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուս գրականությունը հայկական դպրոցներում դասավանդելու փորձից» (Երևան, 1948), «Ռուսերեն ինքնուրույն գրավոր աշխատանքների համակարգի մասին» (Երևան, 1951), «Ակնարկներ հայկական դպրոցներում ռուս գրականության դասավանդման» (Երևան, 1949)։ 1985-ին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Գտնենք կորցրածը» վիպակ եռերգությունը։
Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1972)։ 1985-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։[1]
Ռ. Աթայանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Մայա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1962, 62 էջ։
- Պանաս Սմիռնի, կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1954, 32 էջ։
- Զարթոնք, Երևան, Հայպետհրատ, 1958, 495 էջ։
- Սպարտակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 525 էջ։
- Դպրոցական այգի (գիրք ուսուցիչների և ծնողների համար), Երևան.1963, 207 էջ։
- Մրրիկի թևով, Երևան, Հայպետհրատ, 1964, 394 էջ։
- Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը, Երևան, 1974, 205 էջ։
- Սպարտակ (գրքում տեղ է գտել «Սպարտակ» եռագրությունը` «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը), Երևան, «Հայաստան», 1976, 740 էջ։
- Շարադրությունը ուսման և դաստիարակության համակարգում, Երևան, 1979։
- Գեղեցիկ խոսքը մայրենի լեզվի ուսուցման գործում, Երևան, «Լույս», 1983, 96 էջ։
Ռ. Աթայանի կատարած թարգմանությունները (ռուսերեն) [խմբագրել]
- Կ. Դ. Ուշինսկի, Ուսումնա-դաստիարակչական աշխատանքը դպրոցում, Երևան, 1945, 132 էջ։
- Լ. Սավելև, Հետքեր քարի վրա, Երևան, 1949, 386 էջ։
- Ջորդանո Բրունո, Անվերջականություն, տիեզերքի և աշխարհների մասին, Երևան, 1950, 290 էջ։
- Ա. Ս. Բարկով, Ֆիզիկական աշխարհագրություն, Երևան, 1951, 200 էջ։
- Վ. Ֆ. Շուլաև, Ն. Ա. Ռիկով, Կենդանաբանություն, Երևան, 1951, 439 էջ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 26-27։