Ռայմոնդ Բեռնարդ Քեթթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռայմոնդ Քեթթել (անգլ.՝ Raymond Bernard Cattell, 20 մարտի, 1905 - 2 փետրվարի, 1998), անգլիացի հոգեբան:

Ծնվել է 1905թ. Անգլիայում: Նա ունեցել է երջանիկ մանկություն, որը սակայն դադարում է լինել այդպիսին, երբ Անգլիան ընդգրկվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: 16 տարեկան հասակում Քեթթելն ընդունվում է Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է ֆիզիկա և քիմիա, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը հետզհետե ընդգրկում է մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց այդ գիտություններն ի զորու չէին պատասխանել և Քեթթելը որոշում է զբաղվել հոգեբանական հետազոտություններով: 1929թ. ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: 1932-1937թթ. աշխատում է Անգլիայի հոգեբանական կլինիկայի տնօրեն, որից հետո մեկնում Նյու Յորք: 1938թ. նա աշխատում է Քլարկի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ 1941թ. զբաղեցնում հոգեբանության դասախոսի պաշտոն Հարվարդի համալսարանում: 1945թ. տեղափոխվում է Իլինոյսի համալսարան, որտեղ գրեթե 30 տարի զբաղեցնում է անձի և խմբային վերլուծության լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը: 1973թ.Կոլորադո նահանգում հիմնում է ինքնիրացման և բարոյականության հիմունքների հետազոտման ինստիտուտ: 1977թ. Հավայան համալսարանի խորհրդատու ու պրոֆեսոր է, ինչպես նաև Իլինոյսի պատվավոր պրոֆեսոր:

Քեթթելն իր կյանքի ընթացքում հրատարակել է 35 գիրք և 400 հետազոտական հոդված: Առավել ուշադրության են արժանի նրա հետևյալ գրքերը՝ «Անձի չափումները և նկարագիրը» (1946), «Անձնավորություն. համակարգային տեսական և փաստարկային հետազոտություն» (1950), «Անձի գիտական վերլուծություն» (1965), «Անձի և ընդունակությունների ժառանգում» (1982) և այլն:

Քեթթելը մահացել է 92 տարեկանում, 1998թ. փետրվարի 2-ին:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010թ. - 153 էջ: