Ռամոն Մերկադեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռամոն Մերկադեռ (ռուս.՝ Ха́йме Рамо́н Меркаде́р дель Ри́о Эрна́ндес, հայտնի է նաև ռուս.՝ Рамон Иванович Лопес անունով) (1913-1978, Կուբա), Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) գործակալ, խորհրդային հետախուզության ցուցմամբ սպանել է խորհրդային ընդդիմադիր գործիչ, Իոսիֆ Ստալինի հակառակորդ և ընդդիմախոս Լև Տրոցկուն: ԽՍՀՄ հերոս (1960): Իսպանացի կոմունիստ, հավաքագրվել է իր մոր՝ Մարիա Կարիդադի միջոցով, որը նույնպես խորհրդային գործակալ էր: Տրոցկուն սպանելու նպատակով Ժակ Մորնար անվան տակ մոտիկություն է հաստատել նրա քարտուղարի հետ, ինչի միջոցով ստացել է մուտք դեպի նրա տուն: 1940թ. օգոստոսի 20-ին սառույցի կտրտման համար նախատեսված գործիքով մահացու հարված է հասցրել Տրոցկուն: Ձերբակալվել է, հրաժարվել է ցուցմունքներ տալ և դատապարտվել է Մեքսիկայի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման: Կրել է պատիժը ամբողջությամբ, ազատ է արձակվել 1960թ. մայիսի 6-ին, տեղափոխվել է Կուբա, այնուհետև՝ ԽՍՀՄ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում: 1970 - ական թթ. նորից մեկնել է Կուբա: Մահացել է սարկոմայից: Թաղված է Մոսկվայի Կունցևյան գերեզմանոցում: