Ռամիլ Սաֆարով
Ռամիլ Սաֆարով (ադրբ. Ramil Sahib oğlu Səfərov, 1977 օգոստոսի 25, Շյուքյուրբեյլի, Ադրբեջանական ԽՍՀ), ադրբեջանցի մարդասպան, ով հայտնի է դարձել Բուդապեշտում իր կատարած հանցագործության՝ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության պատճառով։ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։[1][2]։ Սաֆարովը վերջինիս քնած ժամանակ կացնահարել է և մտադիր է եղել սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանին, սակայն դա չի հաջողվել։
2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության։
2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան[3], որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել[4], Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։
Արտահանձնումից 10 օր անց ռուսական Ռոսիա 1 հեռուստաալիքի հետ զրույցում Սաֆարովն անդրադարձել է հայ սպային սպանելու դրդապատճառներին: Նա մասնավորապես նշել է, որ դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտում էին գտնվում երկու հայ զինծառայող, որոնց նա անգամ չէր էլ ողջունում, սակայն մի անգամ երկուսին միասին «քչփչալով» տեսնելիս որոշել է սպանել նրանց` գլուխները կտրելով: Լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրորդ սպայի սպանությունը կանխվել է` նրա հետ նույն սենյակում բնակվող լիտվացի սպայի շնորհիվ:
2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ[5]: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ REGNUM. Հինգ տարի առաջ դաժանորեն սպանվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանը ՏՎ
- ↑ Հայի սպանության համար ադրբեջանցի զինվորականը ցմահ դատապարտվել է
- ↑ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան է վերադարձել
- ↑ Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Ռ. Ս. Սաֆարովին ներման շնորհման մասին
- ↑ Ազատություն ռադիոկայան, Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ, 01.03.2013
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Բուդապեշտյան գործ, Սաֆարովի գործին նվիրված հայկական կայք(անգ.)
- Ռամիլ Սաֆարով. «Եկավ ժամանակն ու նախագահը լուծեց այս հարցը»