Ռալֆ Յիրիկյան
Ռալֆ Յիրիկյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն
Ռալֆ Սեզարի Յիրիկյանը ծնվել է 1967թ. նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1987թ. ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991թ.` ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում: 1992թ. ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում:
1991-1992թթ. Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում` որպես փաստաթղթերի բաժնի օգնական, այնուհետև` Լիբանանի «Ջորջ Մաթթա իսթեբլիշմենթ» ընկերությունում` որպես համակարգչային օպերատոր: 1993թ. աշխատել է Կատարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994-ին` Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության կառավարման խորհրդատուի օգնական:
1994-1996 թթ. Ռալֆ Յիրիկյանը զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության հավաքագրման վարչության ղեկավարի պաշտոնը: 1997-1999թթ. եղել է Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության ղեկավար: 1999-2001թթ. Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունում` որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն:
2004թ. նոյեմբերից Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենն է: Կարճ ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ օրինակելի ձեռնարկություն և այսօր հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը:
Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն փոխել է Հայաստանի բջջային հաղորդակցության ոլորտի շուկան: Ընկերությունն այսօր ունի ավելի քան 1200աշխատակից: Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին ու դեռևս միակ բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագորման թույլտվություն` 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի ներդրման շնորհիվ Հայաստանը դասվում է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին: Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 96%-ում ծածկույթ ապահովող ժամանակակից 3.5G ցանցի դեպքում, որն ամենաընդարձակն է Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE` 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի կդառնա Հայաստանի ամբողջ բնակչությանը:
Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում: Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ:
Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում: Նա Սփյուռքի նախարարության ատյանի (կոլեգիայի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգևի մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի, ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ է:
Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ շքանշաններ, այդ թվում`
«Մովսես Խորենացի» մեդալ` շնորհված ՀՀ նախագահի կողմից , «Պատվո շքանշան» շնորհված ՀՀ նախագահի կողմից, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից , «Անանիա Շիրակացի» մեդալ` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից, «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշան` շնորհված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից, «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշան` շնորհված Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, «Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան» շնորհված ՌԴ Նախագահի կողմից, «Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» շքանշան, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ, «Մանթաշյանց ասպետ» պատվո ադամանդյա շքանշան` շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից, «Մանթաշյանց ասպետ» պատվո պլատինե շքանշան` մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար, «Երևանի զինանշան» հուշամեդալ` Երևանի քաղաքապետի կողմից, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամի, ակադեմիկոսի կոչում, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում, Եվրոպայի Ասպետական Միացյալ Օրդենի Սենատորի շքանշան, Ալեքսանդր Մանթաշևի անվան շքանշան` Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից, «Արծաթե ասպետական աստղ» բարձր պարգև` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության կողմից (կենտրոնակայանը` Հանովեր, Գերմանիա), «Բնապահպանական պատվոգիր 2011»` World Land Trust-ի կողմից` Հայաստանի բնական հարստության պահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար, «Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված` «Բիզնես առաջնորդության» մրցանակ և այլն:
Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է բարձրագույն ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և այլ պատվավոր կոչումներ, այդ թվում` «Տարվա մարդ» կոչումը` «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի և «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը` Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից:
Ռալֆ Յիրիկյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է: