Ռազմական տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա գերմանական պաստառ, որը տեղեկացնում է բնակչությանը, թե ինչպես խնայել օճառն ու յուղը պատերազմի ժամանակ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա պաստառ, որը ԱՄՆ-ի ժողովրդին կոչ էր անում աջակցություն ցուցաբերել ամերիկյան նավատորմը հեռադիտակներով ապահովելու գործին:
«Ազատության փոխառությունը հայրենասիրության կանխիկ արձանագրումն է», - նշված է ԱՄՆ-ի պատերազմական տարիների Սննդամթերքի վարչության կրթական բաժնի բացիկի վրա:
Ռազմական ծախսերը առանձին երկրներում՝ 2007 թվականի դրությամբ:

Ռազմական տնտեսություն (անգլ.՝ War economy, ռուս.՝ Вое́нная эконо́мика, գերմ.՝ Kriegswirtschaft, ֆր.՝ Économie de guerre), պետության կամ հասարակության տնտեսության մի ճյուղ, որը լայն ըմբռնմամբ ներառում է ռազմական գործի բոլոր տնտեսական հարցերը, ապահովում է պետության, հասարակության պաշտպանական (ռազմական) ներուժը (պաշտպանական պոտենցիալ, ռազմական պոտենցիալ)։ Բացի այդ, «ռազմական տնտեսություն», իսկ ավելի ճիշտ՝ «ռազմական տնտեսագիտություն» տերմինով նշանակվում է գիտության այն ճյուղը և ուսումնական առարկան, որը զբաղվում է պետությունում, հասարակությունում ռազմական գործի, ռազմական պաշտպանության, բանակաշինության կամ ռազմական շինարարության, զինված ուժերի պահպանման և զարգացման տնտեսական ապահովման օրինաչափությունների և նման այլ հիմնախնդիրների ուսումնասիրմամբ[1]։

Արևմտյան մոտեցումը ռազմական տնտեսությանը. «Պատերազմական ժամանակաշրջանի տնտեսություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրօրինակ է ռազմական տնտեսության սահմանումը արևմտյան տնտեսագիտության, քաղաքագիտության և ռազմագիտության մեջ։ Արևմտյան տնտեսագիտական, քաղաքագիտական և ռազմագիտական տեսակետից՝ ռազմական տնտեսությունը չնախատեսված հանգամանքների մի ամբողջություն է, որը պետք է հաշվի առնի արդիական պետությունը՝ իր տնտեսությունը պատերազմին պատրաստելու, այսինքն՝ ռազմական արտադրության համար մոբիլիզացնելու նպատակով։ Կարելի է նկատել, որ «ռազմական տնտեսություն» հասկացությունը Արևմուտքում ըմբռնվում է ավելի շատ որպես «պատերազմական տնտեսություն» կամ առավել ճիշտ ձևակերպմամբ՝ «պատերազմական ժամանակաշրջանի տնտեսություն»։

Ֆիլիպ Լե Բիյոնը (fr:Philippe Le Billon) ռազմական տնտեսությունը նկարագրում է որպես «բռնությանն օժանդակելու նպատակով ռեսուրսների արտադրության, մոբիլիզացման և բաշխման համակարգ»։ Որոշակի միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում՝ հարկային դրույքների բարձրացումը, ինչպես նաև՝ ռեսուրսների բաշխման ծրագրերի ներմուծումը։ Անշուշտ, ինքնըստինքյան հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր իր տնտեսության վերակոնֆիգուրացիան կատարելու իր յուրահատուկ մոտեցումն ունի։

Շատ պետություններ պատերազմների ընթացքում մեծացնում են իրենց տնտեսության պլանավորման աստիճանը։ Շատ դեպքերում դա տարածվում է նաև պարենամթերքի բաշխման վրա։ Որոշ դեպքերում պարտադիր զինծառայություն է մտցվում քաղաքացիական պաշտպանության համակարգում, ինչպես, օրինակ՝ «Կանանց ցամաքային բանակը» (անգլ.՝ Women's Land Army) և «Բևինի տղաները» (անգլ.՝ Bevin Boys[2]) Միացյալ թագավորությունում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Առաջին համաշխարհային պատերազմի պաստառ Մեծ Բրիտանիայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պատմությունը վկայում է պատերազմի և տնտեսության միջև ամենասերտ կապի գոյության մասին[3]։ Գերմանացի նշանավոր իմաստասեր, տնտեսագետ և քաղաքագետ Ֆրիդրիխ Էնգելսը, ուսումնասիրելով զինված ուժերի ստեղծման և պատերազմների պատմությունը, մշակելով ռազմական գիտության հիմնադրույթները, արմատական դրույթները, հանգել է հետևյալ եզրակացությանը. «Ոչինչ այնպես կախված չէ տնտեսական պայմաններից, որքան հենց բանակը և նավատորմը։ Սպառազինությունը, կազմը, կազմակերպվածքը, մարտավարությունը և ռազմավարությունը կախված են նախ և առաջ տվյալ պահին ձեռք բերված արտադրության և հաղորդակցության միջոցների աստիճանից»։ (Friedrich Engels, Anti Duehring, Ֆրիդրիխ Էնգելս, Անտի Դյուրինգ, ըստ ռուսերեն հրատարակության)[4][5]։ Այսինքն՝ դեռևս մարդկային հասարակության պատմության նոր ժամանակաշրջանում քաղաքագիտության և ռազմական քաղաքագիտության մեջ պարզ է եղել, որ պատերազմի վարման եղանակները զգալիորեն պայմանավորված են մարդկային հասարակության տնտեսական հիմքից, նյութական արտադրության զարգացման տվյալ պահին առկա մակարդակից։

Եվրոպական ռազմագետներին և գործնական զինվորականներին դեռևս XVIII դարի երրորդ քառորդում հիանալի հայտնի էր, որ ռազմական գործի հիմքը կազմում է ժողովուրդների կյանքի տնտեսական կարգը: Մասնավորապես Գերմանական երկրորդ ռայխի զինված ուժերի գլխավոր շտաբի կապիտան Մաքս Յենսը 1876 թվականի ապրիլի 20-ին ներկայացրել էր մի զեկույց՝ «Մաքիավելին և համընդհանուր զինապարտության գաղափարը» վերտառությամբ, որտեղ բառացիորեն նշել է վերոհիշյալ միտքը։ Պատահական չէ, որ Ֆրիդրիխ Էնգելսը իր՝ 1877-1878 թթ. գրված «Անտի-Դյուրինգ» աշխատությունում մեջբերել է գերմանական գլխավոր շտաբի սպայի վերոհիշյալ կարևոր միտքը՝ «Ռազմական գործի հիմքը կազմում է ժողովուրդների կյանքի տնտեսական կարգը»։ Նաև դրանից ելնելով է, որ գերմանացի հայտնի իմաստասերը եզրակացնում է. «Բանակների ամբողջ կազմակերպվածքը և նրանց կողմից կիրառվող մարտի վարման եղանակը, իսկ դրա հետ միասին՝ հաղթանակները և պարտությունները սկսում են կախված լինել տնտեսական, այսինքն՝ նյութական պայմաններից...»[6]:

Թեպետ ռազմական պատմությունը և նրա մասը կազմող՝ պատերազմների պատմությունը վկայում են, որ պատերազմի և տնտեսության միջև սերտագույն կապ է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, և տնտեսական ու բարոյական գործոնները կարևոր դեր են խաղացել ռազմական գործի զարգացման բոլոր փուլերում, սակայն ռազմագետների, քաղաքագետների, այդ թվում՝ ռազմական քաղաքագետների համար ակնհայտ է, որ պատերազմի և տնտեսության միջև կապն առավել խորը և բազմակողմանիորեն սկսում է ի հայտ գալ սոսկ իմպերիալիզմի կամ կայսերապաշտության ժամանակաշրջանում։ Այդ ժամանակաշրջանը սկիզբ է առել XIX դարի վերջից և XX սկզբից, հանգեցնելով Առաջին, իսկ ապա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հենց այդ ժամանակաշրջանում է, որ պատերազմին սկսեցին մասնակցել ոչ միայն այս կամ այն երկրի զինված ուժերը, այլև այս կամ այն երկիրն ամբողջությամբ։ Հենց այդ ժամանակաշրջանում է, որ պատերազմի ընթացքն ու պատերազմի ելքը սկսեցին հիմնականում կախված լինել պատերազմող երկրների թիկունքի ամրությունից[3]։ Պատերազմող երկրի թիկունք հասկացությունը ներառում է առնվազն տվյալ երկրի ազգային կամ ժողովրդական տնտեսությունն ու ազգի կամ ժողովրդի բարոյական ոգին[7]։

Բազում ականավոր պետական գործիչների հուզում էին ռազմական տնտեսության հարցերը, տնտեսություն, որը ծագեց ռազմական գործի ծագման հետ միասին։ Մի շարք եվրոպական երկրներում և Ռուսաստանում ռազմական տնտեսության վերաբերյալ գիտական աշխատությունները ի հայտ եկան XIX դարում։ XIX դարի վերջին — XX դարի սկզբին զանազան պետություններում առավել ակտիվորեն սկսեցին լույս ընծայվել գիտական աշխատություններ, որոնք նվիրված էին զինված ուժերի, ռազմական գործողությունների և ռազմական տնտեսության փոխադարձ կապին։

Ժողովրդական տնտեսության ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական տնտեսության զարգացումը անքակտելիորեն կապված է պետության, հասարակության տնտեսական ներուժի, տնտեսական պոտենցիալի ընդհանուր զարգացմանը, ռազմական գործողությունների (պատերազմ) պայմաններում տնտեսության գործառնության հնարավորություններին, ինչպես նաև թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակաշրջաններում զինված ուժերի պահանջմունքների բավարարմանը։

Ռազմական տնտեսությունը ներառում է պաշտպանական տնտեսության, ռազմական արդյունաբերության հզոր ճյուղերի ստեղծումը, դրանց արտադրական հնարավորությունների աճը, պետության տարածքում պաշտպանական (ռազմական) ձեռնարկությունների համապատասխան աշխարհագրական տեղաբաշխումը, դրանց միջև կայուն տնտեսական և գիտատեխնիկական կապերի հաստատումը, նոր տեխնոլոգիաների յուրացումը, էներգետիկայի նախապատրաստումը, գյուղատնտեսության, առողջապահության, պետական կապի ցանցի, փոխադրամիջոցների և հաղորդակցության ուղիների ցանցի զարգացումը՝ հաշվի առնելով ռազմագործողությունների, ռազմական օպերացիաների անցկացումը, ինչպես նաև հասարակության ու տնտեսության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը։

Ռազմական տնտեսությունը քաղաքացիական տնտեսությունից առանձնացված չէ։ Տնտեսության ճյուղերի ու ձեռնարկությունների մի ամբողջ շարք արտադրում է, թե՛ քաղաքացիական, և թե՛ ռազմական արտադրանք, ակմ էլ այնպիսի արտադրանք, որը օգտագործվում է տբտեսության թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ճյուղերում (երկակի նշանակության արտադրանք)։ Նման արտադրանքի օրինակներից են՝ կոշկեղենը, կտորեղենը, հագուստը, պարենը, փոխադրամիջոցները և այլն։

«Դա բացատրվում է նրանով, որ ռազմական տնտեսությունը թե՛ որպես առարկայական իրականություն, և թե՛ որպես գիտություն զարգանում է յուրահատուկ պայմաններում։ Նրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ ռազմական տնտեսությունը հանդիսանում է, մի կողմից՝ ժողովրդական տնտեսության մի մասը, որին հատուկ են շուկայական համապատասխան հարաբերությունները՝ պահանջարկի և առաջարկի միջոցով նրա ներսում կատարվող գործընթացների կարգավորմամբ։ Մյուս կողմից՝ ռազմական տնտեսությունը սպասարկում է մի համակարգի, որը կոչվում է պետության ռազմական կազմակերպվածք, որին ներհատուկ է զուտ կենտրոնացված կառավարումը, գործառնության վերջնական արդյունքների, այսինքն՝ պետության ռազմական անվտանգության ապահովման համար ամենաբարձր պատասխանատվությամբ»[8]։

Կաղապար:Գլխավոր

Ռազմական բյուջեով առաջատար յոթ երկրները 2011 թվականին։
Գլխավոր աղբյուր՝ Ստոկհոլմի (Շվեդիա) SIPRI գիտահետազոտական ինստիտուտի 2012 թվականի տարեգիրքը։

Ռազմական տնտեսության գործառնական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական տնտեսության մեջ ներառվում են ռազմական արտադրանքի բազմազան տեսակների արտադրության, դրանց բաշխման, փոխանակման և օգտագործման ոլորտները։

Ռազմական տնտեսության գործառնական կառուցվածքը իրենից ներկայացնում է միմյանց փոխկապակցված հետևյալ երեք սեկտորների միասնություն[1][9].

  1. Վերջնական ռազմական արտադրանքի արտադրություն (մարտական տեխնիկա և սպառազինություն),
  2. Ռազմական արտադրանքի արտադրման միջոցների արտադրություն (պաշտպանական արտադրություն).
  3. Պաշտպանական արտադրությունում զբաղված մարդկանց, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի օգտագործման համար առարկաների արտադրություն։

Ռազմական տնտեսության նման կառուցվածքը պայմանավորում է նրա առանձնահատկությունը, բնութագրական գծերը, որով նա տարբերվում է ազգային կամ ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերից[1][9]։

Վերջնական ռազմական արտադրանքի արտադրությունը ռազմական տնտեսության գլխավոր կառուցվածքային տարրն է։ Այդտեղ արտադրվում է ռազմական նշանակության արտադրանքի ամբողջ տեսականին, որոնք անմիջականորեն օգտագործվում են զինված ուժերի կողմից թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակաշրջաններում[1][9]։

Ռազմական նշանակության ապրանքների ամբողջ համախումբը կարելի է բաժանել երկու խմբի.

1-ին խումբը՝ մարտական տեխնիկան ու սպառազինությունն է, զինված պայքարի մղման միջոցները, որոնք բնորոշում են զինված ուժերի տեխնիկական հանդերձվածությունn ու հագեցվածությունը, հանդիսանում են պատերազմում հաղթանակի հասնելու անմիջական նյութական հիմքը[1][9]։

2-րդ խումբը՝ այն ապրանքներն են, որոնք ապահովում են զինված ուժերի անձնակազմի կենսագործունեությունը (հանդերձանք, համազգեստ, պարենամթերք, դեղամիջոցներ և այլք)[9]։

Բնականաբար, վերջնական ռազմական արտադրանքի կառուցվածքում առաջատար, վճռորոշ տեղը գրավում են զինված պայքարի մղման միջոցները։ Դրանց մշակումը և արտադրությունը կանխորոշել են բուն ռազմական արտադրության կազմավորումն ու մշտական գործառնությունը՝ առանձնահատուկ աշխատակարգով՝ ռեժիմով[1][9]։

Ռազմական արտադրանքի այդ խմբի ապրանքների պատրաստման համար անհրաժեշտ են բարձրորակ աշխատանքային ռեսուրսներ և հատուկ արտադրական հզորություններ[1][9]։

Բուն ռազմական արտադրանքի առանձնացումը արտադրական գործունեության մյուս բոլոր տեսակներից՝ որպես պատերազմի և տնտեսության փոխազդեցության արդյունք, պայմանավորված է անմիջականորեն զինված պայքարում օգտագործվող ռազմական նշանակության ապրանքների արտադրության առանձնահատկություններով։ Ընդ որում, նման առանձնացումն առավել վառ կերպով արտահայտվեց XX դարի երկու համաշխարհային և բազմաթիվ տեղական՝ լոկալ պատերազմներում[1][9]։

Նույնիսկ 20-րդ դարի վեջին և 21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում, չնայած երկակի նշանակության տեխնոլոգիաների լայն ներդրմանը, բուն ռազմական արտադրանքի արտադրության առնաձնացման վերոհիշյալ միտումը պահպանվում է։ Դա կապված է ռազմական ապրանքների տեսականու ընդլայնմանը, նրանց յուրահատկություններին ներկայացվող պահանջների մշտապես մեծացմանը։ Ռազմական արտադրության ապրանքների անվանակարգը, դրանց որակն ու քանակը մշտապես փոփոխվող բնույթ ունեն, ինչը պայմանավորված է միջպետական և դաշնախմբային մակարդակով մրցակցությամբ և ռազմատեխնիկական հակամարտություն։ «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում՝ ձգձված, երկարատև բնույթ ստացած սպառազինությունների լայնածավալ մրցավազքը հանգեցրեց բուն ռազմական արտադրության նշանակալից ընդլայնմանը[1][9]։

Վերջին տարիներին աշխարհի առաջատար երկրների ռազմական տնտեսությունում էական փոփոխություններ են կատարվում։ Զինված ուժերի անձնակազմի, սպառազինության ու տեխնիկայի և ռազմական բյուջեների կրճատման, ինչպես նաև ռազմական արտադրության կոնվերսիայի պայմաններում, համապատասխանաբար կրճատվում է նաև արտադրվող ռազմական նշանակության ապրանքների ծավալը[1][9]։

Նշելով հանդերձ բուն ռազմական արտադրության յուրահատկությունը, պետք է այնուամենայնիվ նկատի ունենալ, որ այդ բուն ռազմական արտադրության առանձնացվածությունը հարաբերական հասկացություն է։ Այն արտահայտվում է ազգային տնտեսության կամ ժողովրդական տնտեսության մյուս ոլորտներից կազմակերպվածքային, արտադրական և տեխնոլոգիական որոշակի առանձնացվածությամբ։ Սակայն միևնույն ժամանակ ռազմական տնտեսության այդ գործառնական սեկտորը սերտ կապեր ունի ամբողջ ժողովրդական տնտեսության հետ, տնտեսական ռեսուրսները հարմարեցնելով և օգտագործելով իր առանձնահատուկ նպատակների համար[1][9]։

Բուն ռազմական արտադրությունը իրենից ներկայացնում է արտադրական ճյուղերի մի համալիր, որոնք մասնագիտանում են ռազմական արտադրանքի կոնկրետ տեսակների, տիպերի մշակման ու արտադրման գծով։ Դա պայմանավորված է բուն ռազմական արտադրությունում աշխատանքի և մասնագիտացումների բաժանմամբ, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել տնտեսական ռեսուրսները և արտադրել բարձրորակ ռազմական արտադրանք[1][9]։

Ռազմատնտեսական ներուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմատնտեսական ներուժը կամ ռազմատնտեսական պոտենցիալը երկրի, երկրների դաշնախմբի (երկրների կոալիցիայի) օբյեկտիվ հնարավորություններն են, որոնք կարող են օգտագործվել նրա պաշտպանական հզորության ամրապնդման և պատերազմի վարման համար։ Ռազմատնտեսական պոտենցիալը որոշվում է պետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգով, արտադրության ծավալով ու կառուցվածքով, արդյունաբերության (առաջին հերթին՝ ծանր և ռազմական) արտադրական կարողությունների առկայությամբ, գյուղատնտեսության զարգացմամբ, հաղորդակցության ճանապարհների վիճակով, համապատասխան տրանսպորտային միջոցների ու կապի գոյությամբ, բնակչության թվով ու բարոյաքաղաքական մակարդակով, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանով, ֆինանսների վիճակով, բնական ռեսուրսների առկայությամբ և դրանց յուրացման աստիճանով, արտադրողական ուժերի տեղաբաշխմամբ, արտադրության կոոպերացման, ներքին ու արտաքին տնտեսական կապերի մասշտաբներով ու խորությամբ, նյութական միջոցների ու ռեզերվների պաշարներով։ Ռազմատնտեսական ներուժի կարևոր ցուցանիշներից է ազգային տնտեսության հիմնական ճյուղերի ձեռնարկությունները կարճ ժամանակամիջոցում ռազմական արտադրության փոխադրելու հնարավորությունը[10]։

Ռազմական գիտության բաղկացուցիչ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական տնտեսությունը, իսկ ավելի ճիշտ՝ Ռազմական տնտեսագիտությունը ռազմական գիտության բաղկացուցիչ մասերից մեկն է[1]։

«Ռազմական տնտեսագիտություն» գիտաճյուղի և ուսումնական առարկայի բաղադրակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Значение слова "Экономика военная" в Большой Советской Энциклопедии
  2. Bevin Boys – BERR Արխիվացված 14 Հուլիս 2009 Wayback Machine
  3. 3,0 3,1 Шигалин Григорий Иванович. Военная экономика в первую мировую войну. М.: Воениздат, 1956. — 332 с.: «Военная история свидетельствует о самой тесной связи между войной и экономикой». [1]
  4. Фридрих Энгельс, Анти-Дюринг, III. Теория насилия (продолжение). Москва, Госполитиздат, 1950, стр. 156. Տե՛ս նաև՝ Ф. Энгельс. Избранные военные произведения, Воениздат, 1956, стр. 11. Մեջբերումը՝ ըստ Ճարտարագիտա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ.Ի.Պոկրովսկու՝ «Գիտությունը և տեխնիկան արդիական պատերազմներում» գրքի (ռուսերեն), 2-րդ ճշգրտված և լրացված հրատարակություն։ ԽՍՀՄ Ռազմական հրատարակչություն, Մոսկվա, 1959։ ռուս.՝ Генерал-майор инженерно-технической службы, профессор, доктор технических наук Г.И.Покровский. Наука и техника в современных войнах. Издание 2-е, исправленное и дополненое. Военное издательство Министерства обороны Союза ССР. Москва, 1959 год. | «Ничто так не зависит от экономических условий, как именно армия и флот. Вооружение, состав, организация, тактика и стратегия зависят прежде всего от достигнутой в данный момент ступени производства и от средств сообщения». [2]
  5. Ճարտարագիտա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ.Ի.Պոկրովսկի։ «Գիտությունը և տեխնիկան արդիական պատերազմներում» (ռուսերեն)։ 2-րդ ճշգրտված և լրացված հրատարակություն։ ԽՍՀՄ Ռազմական հրատարակչություն, Մոսկվա, 1959։ ռուս.՝ Генерал-майор инженерно-технической службы, профессор, доктор технических наук Г.И.Покровский. Наука и техника в современных войнах. Издание 2-е, исправленное и дополненое. Военное издательство Министерства обороны Союза ССР. Москва, 1959 год. [3]
  6. Մեջբերումը՝ ըստ «Ռուսաստանի սոցիալ-տնտեսական պատմություն. Քրեստոմատիա» գրքի։ Հատոր 3-րդ, մաս 2-րդ։ Հոդվածներ և տեղեկանքային նյութեր։ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Մոսկվա, 2014թ.: Գիտական խմբագիր՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա.Գ.Խուդոկորմով։ ռուս.՝ Социално-экономическая история России. Том 3, часть 2. Статьи и справочные материалы. Научный редактор доктор экономических наук, профессор А. Г. Худокормов. Московский государственный университет. Экономический факультет. Москва, 2014 год. [4]:
  7. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Ռազմական քաղաքագիտություն։ 1-ին մաս։ Գլուխ 3։ Երևան, 2014թ.: էջ 139։
  8. Թարգմանված է ռուսերենից՝ Վիկուլով Ս.Ֆ. Ռազմագիտական կադրերի պատրաստման հիմնախնդիրներ։ |«Անկախ ռազմական տեսություն» շաբաթաթերթ (ռուս.՝ «Независимое военное обозрение»), 21 դեկտեմբերի 2012 թվական։ |«Это объясняется тем, что военная экономика и как объективная реальность и как наука развивается в специфических условиях. Специфика состоит в том, что военная экономика является, с одной стороны, частью экономики народного хозяйства, которой свойственны рыночные отношения с регулированием происходящих в ней отношений через спрос и предложение. С другой – она обслуживает систему, именуемую военной организацией государства с её сугубой централизацией управления, высочайшей ответственностью за конечные результаты функционирования — обеспечение военной безопасности государства». |Викулов С.Ф. Проблемы подготовки военно-научных кадров |Независимое военное обозрение, 21 декабря 2012 года.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Econtool համացանցային կայք։ Функциональная структура военной экономики
  10. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 9, էջ 588
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմական տնտեսություն» հոդվածին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Moeller, Susan. (1999). "Compassion Fatigue", Compassion Fatigue: How the Media Sells Disease, Famine, War and Death. New York & London: Routledge. 6 - 53.
  • Goldstein, Joshua S. (2001). War and gender: How gender shapes the war system and vice versa. Cambridge: Cambridge University Press.
  • Le Billon, Dr. Philippe (2005) Geopolitics of Resource Wars: Resource Dependence, Governance and Violence. London: Frank Cass, 288pp.
  • Roosevelt, Franklin Delano. "The Great Arsenal of Democracy".
  • Durham, Robert. "Supplying the Enemy: The Modern Arms Industry & the Military–Industrial Complex". Google Books. Lulu.com, 2015. Retrieved 1 August 2015.
  • Jump up to: a b c d e Henretta, Edwards, Self, James A., Rebecca, Robert O. (2011). America's History. New York: Bedford/St. Martin's. pp. 672+.
  • Creel, George (1920). How We Advertised America: The First Telling of the Amazing Story of the Committee on Public Information That Carried the Gospel of Americanism to Every Corner of the Globe. New York: Harper and Bros. pp. 84–88, 90–92.
  • Tassava, Christopher. "The American Economy During World War II". EH.net. Retrieved 2012-04-04.
  • Blum, Matthias (December 2011). "Government Decisions Before and During the First World War and the Living Standards in Germany During a Drastic Natural Experiment". Explorations in Economic History. 48 (4): 556–567. doi:10.1016/j.eeh.2011.07.003. Retrieved 2012-03-27.
  • Trueman, Chris. "The Nazis and the German Economy". History Learning Site. HistoryLearningSite.co.uk. Retrieved 2012-04-18.
  • Boldorf, Marcel; Scherner, Jonas (April 2012). "France's Occupation Costs and the War in the East: The Contribution to the German War Economy, 1940-4" (PDF). Journal of Contemporary History. 47 (2): 291–316. doi:10.1177/0022009411431711. Retrieved 2012-04-25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ռազմական գործ Կաղապար:Տնտեսություն