Ռադիոլոկացիոն կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոլոկացիոն կայան, ռադիո լոկատոր, ռադար, ռադիոլոկացիայի մեթոդներով տարբեր օբյեկտներ (նշանակետեր) դիտելու սարքավորում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հանգույցներն են հաղորդիչը և ընդունիչը, որոնք կարող են տեղադրվել նույն կետում, այսպես կոչված, համատեղված ռադիոլոկացիոն կայաններ, կամ որոշակի հեռավորության վրա՝ երկդիրք և բազմադիրք ռադիոլոկացիոն կայաններ։ Կարևորագույն հանգույցներից է էլեկտրոնաճառագայթային ինդիկատորը, որի օգնությամբ ընդունիչի ելքում ստացված իմպուլսով որոշվում է նշանակետի տարածական դիրքը։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների կեսերից ինդիկատորներն օգտագործվում են ԹՀՄ-ների հետ, որոնք թույլ են տալիս մեծացնել ռադիոլոկացիոն կայանի խանգարումակայունությունը, ավտոմատացնել ռադիոլոկացիոն դիտման և ազդանշանների մշակման պրոցեսը։ Ռադիոլոկացիոն կայանի հիմնական պարամետրերնեն չափման ճշգըրտությունը, չափվող մեծությունների սահմանային արժեքները (առավելագույն և նվազագույն հեռավորությունները, դիտման սեկտորի լայնությունը, դիտման ժամանակամիջոցը, լուծունակությունը), խանգարումակայունությունը, ռադիոլոկացիոն կայանի զանգվածը, չափսերը, էլեկտրասնուցման հզորությունը։ Առաջին ռադիոլոկացիոն կայանները ստեղծվել են 1936-ին, Մեծ Բրիտանիայում և օգտագործվել երկրորդ համաշխարհային պատերազմում (1939—1945)՝ գերմանական ռազմաօդային օբյեկտների հայտնաբերման և ոչնչացման համար։

Ընդունված է ռադիոլոկացիոն կայանների հետևյալ դասակարգումը, ըստ տեղադրման վայրի՝ երկրային, ծովային, ինքնաթիռի, արբանյակի և այլն, տեխնիկական պարամետրերի, կիրառման բնագավառների։ Տեխնիկական բնութագրերն են․ էլեկտրամագնիսական ալիքի երկարությունը մետրային, դեցիմետրային, սանտիմետրային, միլիմետրային ռադիոլոկացիոն կայաններ, օպտիկական լոկացիոն կայաններ), աշխատանքային ռեժիմը (իմպուլսային և անընդհատ ճառագայթումով ռադիոլոկացիոն կայաններ), զոնդող ազդանշանների տեսակը և դրանց ընդունման ու մշակման սկզբունքները, հիմնական հանգույցների կարևորագույն պարամետրերը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կիրառման բնագավառների տարբերում են բոլորագիծ դիտման նախնական հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ (կարող են լինել երկրային), որոնց կիրառումը հնարավորություն է տալիս կատարել «կույր ռմբակոծում», սուզանավերի, կամուրջների և այլ օբյեկտների նախնական հայտնաբերում և այլն, կոորդինատների (ազիմուտ, տեղի անկյուն, հեռավորություն) ճշգրիտ չափման ռադիոլոկացիոն կայաններ, որոնք կիրառվում են ինքնաթիռների «կույր» վայրէջքի կառավարման, հրանոթային նշանառման համար և այլն, արհեստական՝ արբանյակների շարժմանը հետևելու և նրանց հետագծերը չափելու (հաճախ բազմադիրք) ռադիոլոկացիոն կայաններ, թույլ են տալիս չափել օբյեկտի շարժման մինչև 6 պարամետր (հեռավորություն, ազիմուտ, տեղի ան կյուն, շառավղային արագություն, ան կյունային արագության 2 բաղադրիչ), մոլորակային ռադիոլոկացիոն կայաններ, որոնք թույլ են տալիս չափել մոլորակի հեռավորությունը, շարժման պարամետրերը և այլ ֆիզիկական բնութագրեր։ Կիրառվում են ռազմական գործում, ծովային, գետային, օդային տրանսպորտում, աստղագիտության, տիեզերագնացության, օդերևութաբանության մեջ և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։