Ռադիոընդունիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիոլսող սարք 1922 թվական
Սեղանի ռադիոընդունիչ 1961 թվական
Ծովային ռադիոընդունիչ II Համաշխարհային պատերազմի ժամանակ
Գրպանի ռադիոընդունիչ 1990-ական թվականներ

Ռադիոընդունիչ, սարքավորում, որն ապահովում է անհրաժեշտ ռադիոազդանշանի ընդունումը, ուժեղացումը, փոխակերպումը ցածր հաճախային ազդանշանի և փոխանցումը բարձրախոսին, էլեկտրոնաճառագայթային խողովակին։ Ըստ նշանակման ռադիոընդունիչները լինում են ռադիոհաղորդման, հեռուստատեսային (տես Հեռուստացույց), կապի (տես Ռադիոկապ), ռադիոլոկացիոն (տես Ռադիոլոկացիոն կայան) և այլ տեսակների։ Հիմնական ֆունկցիաներն են․ հաճախային ընտրումը, ուժեղացումը, համուղղումը, որոնք իրականացվում են հաճախաընտրողական ռեզոնանսային շղթաներով (տատանողական համակարգեր, ծավալային ռեզոնատորներ, էլեկտրական զտիչ ներ) էլեկտրական տատանումների ուժեղացուցիչներով և դետեկտորով։ Ռադիոընդունիչում կատարվում է նաև ուժեղացման ավտոմատ կառավարում և հաճախականության ավտոմատ ենթալարում։ Ուժեղացումը կատարվում է կամ մինչև դետեկտորը՝ ռադիոհաճախային կամ դետեկտորից հետո՝ ցածրհաճախային ուժեղացուցիչների օգնությամբ։ Հիմնական ուժեղացումը կատարվում է ռադիոհաճախային ուժեղացուցիչներում, որտեղ միաժամանակ ապահովում է ազդանշանի ընտրումը (զտումը ռադիոազդանշաններից)։ Կախված մինչդետեկտորային ուժեղացումից տարբերում են ուղղակի ուժեղացումով (ռադիոազդանշանը ուժեղացվում է առանց հաճախականության փոխակերպման), ռեգեներատիվ (ընդունվող ռադիոազդանշանի նկատմամբ համալարված ռեզոնանսային շղթա է ներմուծվում բացասական դիմադրություն), գերռեգեներատիվ (ռադիոհաճախային ուժեղացուցիչի կոնտուրին միացվում է ընդհատվող հակադարձ կապի շղթա, որը կոնտուրում պարբերաբար առաջացնում է ինքնագրգռման տատանումներ), ֆլեքսային (միևնույն ուժեղացուցիչը միաժամանակ օգտագործվում է մինչդետեկտորային և հետդետեկտորային ուժեղացման համար), սուպերհետերոդինային (առավել տարածված է և ունի ռադիոընդունման լավագույն որակ)։ Ռադիոընդունիչի աշխատանքը բնութագրվում է զգայունությամբ (թույլ ռադիոազդանշանների ընդունման հատկությամբ), ընտրողականությամբ (անհրաժեշտ ռադիոազդանշանը օտար ռադիոհաճախային տատանումներից անջատելու հատկությամբ), կայունությամբ (առանց լրացուցիչ կարգավորումների տևական ընդունման հատկությամբ)։ Գործնականում իրագործվող զգայունությունը կախված է ռադիոազդանշանի սպեկտրի հաճախային շերտում գործող ռադիոխանգարումներից։ Ռադիոընդունիչի սահմանային զգայնությունը կախված է նրա ներքին՝ ֆլուկտուացիոն աղմուկներից։ Վերջինների խանգարիչ ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվում են ցածր աղմուկով մուտքային ուժեղացուցիչներ։ Դրանցից պարզագույնը թունելային դիոդով ռեգեներատիվ ուժեղացուցիչն է։ Ավելի լավ արդյունքներ են տալիս պարամետրական և քվանտային ուժեղացուցիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png