Ջրի շրջապտույտը բնության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ։ Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն։ Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր։ Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում։ Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան։ Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը։ Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա։ Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է։ Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա։ Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է։ Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ։ Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս։