Ջուզեպպե Մաձինի
| Ջուզեպպե Մաձինի | |
|---|---|
իտալացի քաղաքական գործիչ, հեղափոխական |
|
| ԱԱՀ՝ | Ջուզեպպե Մաձինի |
| Ծննդյան օր՝ | հունիսի 22, 1805 |
| Ծննդավայր՝ | Ճենովա, Իտալիա |
| Վախճանի օր՝ | մարտի 10, 1872 |
| Վախճանի վայր՝ | Պիզա, Իտալիա |
Ջուզեպպե Մաձինի (իտ.՝ Giuseppe Mazzini, հունիսի 22, 1805, Ճենովա – մարտի 10, 1872, Պիզա), իտալացի քաղաքական գործիչ, հայրենասեր, գրող և փիլիսոփա, հեղափոխական, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մաձինին 1827-ին ավարտել է Ճենովայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն զբաղվել է գրական գործունեությամբ: Նա համագործակցել է Ճենովայի և Լիվորնոյի թերթերի հետ: Դարձել է կարբոնարների անդամ: 1830-ին ձեռբակալվել է և բանտարկվել Սավոնայի հին ամրոցի բանտում, սակայն կարճ ժամանակ անց տարագրվել:
Ջ. Մաձինին
Ճենովա
1831-ին Մարսելում հիմնել է «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հայրենասիրական կազմակերպությունը, որի քաղաքական ծրագիրն էր ազատագրել Իտալիան ավստրիական լծից, վերացնել միապետական վարչակարգը և պապի աշխարհիկ իշխանությունը, ստեղծել անկախ միասնական իտալական պետություն: Նպատակին հասնելու պայման Մաձինին համարել է համաիտալական հեղափոխությունը և ժողովրդի պարտիզանական կռիվը: Նա առաջ է քաշել մի տեսություն, ըստ որի Իտալիայի ազատագրումը յուրաքանչյուր իտալացու սրբազան պարտքն էր (այստեղից էլ Մաձինիի «Աստված և ժողովուրդ» լոզունգը):
1833-ին Մաձինին կազմակերպել և անձամբ մասնակցել է Շվեյցարիայից Պիեմոնտ արշավանքին, որը սակայն անհաջողությամբ է ավարտվել, և Մաձինին ստիպված է եղել հեռանալ Ժնև: Սկսվել է «Երիտասարդ Իտալիայի» քայքայումը:
Շվեյցարիայում նա հիմնել է «La jeune Suisse» պարբերականը, սակայն տեղի իշխանությունները փակել են այն, իսկ աշխատակիցներին, այդ թվում` Մաձինիին, արտաքսել: 1837-ին նա հեռացել է Լոնդոն, որտեղ 1840-1841 թվականներին հիմնել է «Իտալական աշխատավորների միություն»ը («Երիտասարդ Իտալիայի» կազմում): 1846-ին հիմնել է «Ժողովուրդների ինտերնացիոնալ միություն»ը:
1848-ին, երբ Իտալիայում սկսվել է համընդհանուր հեղափոխությունը, Մաձինին վերադարձել է հայրենիք և Միլանում հիմնել «l’Italia del popolo» թերթը: 1849-ի մարտ-հուլիսին գլխավորել է Հռոմեական հանրապետության կառավարությունը, որի անկումից հետո տարագրվել է Լոնդոն:
1853-ին հիմնել է «Գործողության կուսակցությունը», միացել Ջուզեպպե Գարիբալդիին և աջակցել նրան 1862-ի և 1867-ի դեպի Հռոմ արշավանքների ժամանակ:
1870-ին Սիցիլիա մեկնելու ճանապարհին ձեռբակալվել է, սակայն 2 ամիս անց բաց է թողնվել` Իտալիան լքելու պայմանով: Մաձինին ստիպված տեղափոխվել է Լուգանո(Շվեյցարիա), որտեղ հիմնել է «La Roma del Popolo» թերթը:
1872-ին վերադարձել է Իտալիա, սակայն Ալպերը անցնելու ժամանակ հիվանդացել է և մահացել Պիզայում` իր ընկերներից մեկի տանը: Մաձինիի հուղարկավորությանը, Ճենովայում, ավելի քան 50 հազար հոգի էին հավաքվել:
Մտքերը [խմբագրել]
Մաձինին ամենուրեք քարոզում էր անձի ազատություն և Իտալիայի ու ամբողջ Եվրոպայի ազգային ազատագրում: Նրա լոզունգներից էին.
«Ես սիրում եմ իմ երկիրը, որովհետև սիրում եմ բոլոր երկրները»
Ըստ Մաձինիի ազգայնականությունը և լիբերալիզմը տրված են Աստծո կողմից, և հետևաբար համարվում են ժողովուրդների իրավունքը:
Նրա պատկերացումները Եվրոպայի մասին նախատեսում էին Ավստրո-Հունգարիայում, Ռուսաստանում և Օսմանյան կայսրությունում միապետական իշխանության տապալում: Նա ցանկանում էր տեսնել միասնական դաշնության մեջ Իտալիան, Գերմանիան և Բալթիկ, Էգեյան ու Սև ծովերին հարող երկրները: Ռուսաստանի տարածքային կորուստները Եվրոպայում Մաձինին ուզում էր կոմպենսացնել Ասիայի հաշվին: Նա համարում էր ,որ 20-րդ դարում ազգայնականությունը կտարածվի Եվրոպայից սահմաններից դուրս:
Մաձինին եղել է մասոն: Նրա հուղարկավորությանը, 1872-ին, Հռոմի փողոցներում առաջին անգամ կախվել են մասոնական դրոշակները: 1949-ի հուլիսին ,Հռոմում Մաձինիի արձանի բացմանը ներկա են եղել մոտ երեք հազար մասոններ:
Սիցիլիա
Ստեղծագործություններ [խմբագրել]
- «Scritti editi ed inediti» - հրատարակվել են Միլանում և Հռոմում 1861-1886 թվականներին,
- «Corrispondenza inedita», Միլան, 1875
- «Lettere inedite», Հռոմ, 1885
- «Duecento lettere inedite», Թուրին, 1888
(ճարտարապետ` Գաետաննո Վիտտորիո Գրասսո)
Ճենովա
Հիշատակը [խմբագրել]
- 1882-ին Ճենովայում Մաձինիի պատվին արձան է կանգնեցվել:
- 1934-ից մինչ օրս գոյություն ունի Մաձինիյան ինստիտուտ Ճենովայում (իտ.՝ l'Istituto Mazziniano):
- 1942-ից գոյություն ունի Ազգային Մաձինիստական ասոցացիան(իտ.՝ L'Associazione Mazziniana Italiana), որը զբաղվում է Մաձինիի հայացքների քարոզչությամբ, հրատարակում է «Մաձինիստական միտք» ամսագիրը:
- 1952-ին Պիզայում հիմնվել է Ջ. Մաձինիի անվան ինստիտուտը, որը զբաղեցնում է այն նույն տունը, որտեղ մահացել է Մաձինին:
- 1952-ին Նեապոլում հիմնվել է Մաձինիստական հետազոտությունների գիտական կենտրոն: