Ջովաննի Բատիստա Տիեպոլո
Ջովաննի Բատիստա Տիեպոլո (իտալերեն` Giovanni Battista Tiepolo, 1696, մարտի 5, Վենետիկ - 1770, մարտի 27, Մադրիդ), իտալացի նկարիչ և փորագրիչ։ Վենետիկի դպրոցի 18-րդ դարի խոշորագույն ներկայացուցիչ։
Սովորել է Վենետիկում` Գրեգորիո Լաձարինիի մոտ, կրել Պաոլո Վերոնեզեի և Ջովաննի Բատիստա Պյացետտիի ազդեցությունը։ Աշխատել է հիմնականում Վենետիկում, ինչպես նաև Միլանում (1731-32, 1737, 1740), Վյուրցբուրգում (1750-53), Մադրիդում (1762-70)։
Տիեպոլոյի վաղ շրջանի (1716-34) գործերում դրսևորվել եննկարչին բնորոշ հարուստ երևակայությունն ու դեկորատիվ թափը (Վենետիկի Դոլֆինո պալատի նկարաշարը, 1725-ից հետո, այժմ` Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ և այլ հավաքածուներ)։ 1735-50-ին Տիեպոլոյի գործերը դարձել են լայնաշունչ և արտահայտիչ, կոլորիտը պայծառացել է և հարստացել նուրբ երանգներով (Վենետիկի Ջեզուատի, 1737-39, և Սկալցի, 1743-44, եկեղեցիների առաստաղապատկերները)։
1750-60-ականներին մեծ փառքի հասած Տիեպոլոն աշխատել է նաև օտարերկրյա արքունիքների համար, ընտրվել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1756-58)։ Այդ շրջանում են կատարվել նրա լավագույն որմնանկարաշարերը (Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայր, 1750-53, Վենետիկի պալացցո Լաբիա, մոտ 1750 և այլն), որոնք առանձնանում են տոնական ճոխությամբ, տարբեր գույների նուրբ երանգներով հարուստ, պայծառ կոլորիտով։ 1740-50-ականներին են պատկանում կերպարների զգացմունքայնությամբ և վիրտուոզ տեխնիկայով հատկանշվող Տիեպոլոյի հաստոցային կարևորագույն գործերը («Ամփիտրիտեի հաղթարշավը», մոտ 1740, Դրեզդենի պատկերասրահ, «Մոգերի երկրպագությունը», 1753, Հին պինոկոտեկա, Մյունխեն)։ 1762-66-ին Մադրիդում թագավորական պալատի համար գեղանկարել է մի շարք առաստաղապատկերներ։
Տիեպոլոյի ստեղծագործությունն իր ավարտին է հասցրել 16-18-րդ դարերի իտալական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության զարգացումը։ Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց անհատակ տարածությամբ, անսանձ դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսաօդային էֆեկտների կատարելությամբ, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ, ռակուրսների ու տեսանկյունների նորարարությամբ ու անսպասելիությամբ համաշխարհային մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բարձունքներից են։ Տիեպոլոն իր կոմպոզիցիաները հրաշալիորեն է կապել ինտերիերին, ստեղծելով ռեալ տարածության խորություն ու ընդարձակության պատրանք։ Հանդես է եկել նաև իբրև դիմանկարիչ, եղել հմուտ գծանկարիչ և օֆորտիստ։[1]
Գրականություն [խմբագրել]
- Ольшанская Н. И., Тьеполо, М., 1957.
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հ. 12։