Ջերմ աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմ աստղեր, աստղերի սպեկտրալ դասակարգման O-B դասերի աստղեր։ Ջերմ աստղերի ջերմաստիճանը 20000-30000 Կ է, գույնը՝ կապտավուն։ Չափերով և լուսատվությամբ ջերմ աստղերը հսկա և գերհսկա աստղեր են. ըստ շառավղի դրանք, սովորաբար, գերազանցում են Արեգակին մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անգամ, իսկ լուսատվությամբ՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հարյուր հազար անգամ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթման և նյութի անմիջական արտահոսքի հետևանքով ջերմ աստղերը շատ արագ ծախսում են իրենց զանգվածը, որի պատճառով զարգացման այդ փուլում մի քանի տասնյակ միլիոն տարուց ավելի չեն կարող գոյություն ունենալ և, որպես այդպիսին, դիտվում են միայն վաղ երիտասարդության շրջանում։ Այդ պատճառով ջերմ աստղերի հարաբերական քանակը մեր Գալակտիկայում շատ փոքր է։ Ջերմ աստղերը կազմում են O-տիպի աստղասփյուռների հիմնական բնակչությունը։ Նյութի հզոր արտահոսքով տարեկան մինչև 10−4 արեգակնային զանգված և բարձր լուսատվությամբ ջերմ աստղերի մեջ առանձնանում են P Կարապի և Վոլֆ-Ռայե տիպերի աստղերը, որոնք շատ հազվադեպ են։ Օրինակ, հայտնի աստղերից ամենամեծ լուսատվություն ունեցող Ոսկե ձկնիկի աստղը, որը Արեգակի լուսատվությունը գերազանցում է մոտ 400000 անգամ, P Կարապի տիպի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։