Ջաջուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջաջուռ, Շիրակի մարզից)
Գյուղ
Ջաջուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1828 թ.
Մակերես24.7 կմ²
ԲԾՄ1700 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն972[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Փոստային ինդեքս2114
Ջաջուռ (Հայաստան)##
Ջաջուռ (Հայաստան)

Ջաջուռ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 12 կմ հյուսիս-արևելք։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաջուռ անվանումը մինչև գյուղին անցնելը հիշատակվում է դեռևս մ.թ.ա 1-ին դարից[3]։ Այն օգտագործվել է որպես արական անուն, և նշանակում է՝ նորածիլ բույս[3]։ Գյուղը նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Ունի կրաքարի, սև տուֆի պաշարներ,որոնք ունեն արդյունաբերական նշանակություն, կան նաև գորշ ածխի պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասի հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը

Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից 12 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1828 թվականին։ 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։

Զինվորի արձան՝ այն նվիրված է 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված և տուն չվերադարձած զինվորներին ու հերոսներին։

Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1828 թ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ.

  • մինչաշխատունակներ՝ 20%
  • աշխատունակներ՝ 56%
  • հետաշխատունակներ՝ 24%

Ջաջուռի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 486 1011[5] 1517 797 1092 815 887 742 563 824 830[6]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաջուռի ջրամբար Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի 103 տնտեսություն։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 347 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 70, 72, 1183 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաջուռում կա XIX-րդ դարի գերեզմանոց և XX-րդ դարի կիսակառույց եկեղեցի։

Գյուղում կա XIII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Գյուղը զգալի տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը, և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը։

Այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց, արհեստական ջրամբար։

Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
  • Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
  • Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
  • Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
  • Ունի բուժկետ[7]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Ջաջուռ՝ երեկ, այսօր, վաղը». hetq.am. 2023 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. «Հայաստանի համայնքների միություն, Ջաջուռ, Շիրակ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]