Պոնյո ձկնիկը ժայռին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոնյո Ձկնիկը ժայռին (ճապ.՝ 崖の上のポニョ Գաքե նո ուէ նո Պոնյո, գրական թարգմանությունը՝ «Պոնյոն ժայռի վրա») 2008 թվականին թողարկված ճապոնական ֆենթեզի անիմացիոն ֆիլմ է, որը գրել և նկարահանել է Հայաո Միյաձակին։ Սա Միյաձակիի ստեղծագործական կյանքի 10-րդ ֆիլմն է, և ութերորդը՝ Ghibli ստուդիայում։ Ճապոնիայում պրեմիերան կայացել է 2008 թվականի հուլիսի 19-ին, Կանադայում՝ 2009 թվականի օգոստոսի 14-ին և Միացյալ Թագավորությունում՝ 2010 թվականի փետրվարի 12-ին։ Ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում՝ Ճապոնիայի Տարվա Անիմացիայի Ակադեմիական Մրցանակին(ճապ.՝ アニメーション作品賞

Անիմեն պատմում է Պոնյո անունով ոսկե ձկնիկի մասին, որը, հանդիպելով հինգամյա Սոոսկեին՝ մարդ-տղայի, ինքն էլ է ուզում մարդ-աղջիկ դառնալ։

Սյուժե[խմբագրել]

Բրունհիլդան փոքրիկ աղջիկ-ձկնիկ է, որն ապրում է օվկիանոսի հատակին իր՝ նախկինում մարդ եղած կախարդ ու գիտնական հայրիկ Ֆուջիմոտոյի և մի շարք փոքրիկ քույրերի հետ։

Մի օր, երբ ձկնիկներն իրենց հայրիկի սուզանավով դուրս են գալիս ամենօրյա զբոսանքի, Բրունհիլդայի մոտ հանկարծ առաջանում է աշխարհը ուսումնասիրելու ուժեղ ցանկություն, և նա գաղտնի լքում է քույրերին ու հայրիկին և մեդուզայի մեջքին նստած` բարձրանում է ջրի մակերես։ Բախվելով ձկնորսական նավի հետ՝ Բրունհիլդան հանկարծակի ընկնում է դատարկ շշի մեջ և չի կարողանում այնտեղից դուրս պրծնել։ Լողալով հասնելով մի փոքրիկ ձկնորսական գյուղակի ափին` Բրունհիլդան հանդիպում է փոքրիկ տղայի՝ Սոոսկե անունով, ով էլ գտնում է ձկնիկին և ազատում նրան։ Շիշը կոտրելիս Սոոսկեն ապակով կտրում է մատը, բայց Բրունհիլդան լիզում է նրա վերքը, և այն գրեթե վայրկենապես բուժվում է։ Սոոսկեին շատ է դուր գալիս Բրունհիլդան, և նա որոշում է նոր ընկերուհուն Պոնյո անվանել՝ խոստանալով միշտ նրա կողքին լինել և պաշտպանել վտանգներից։

Միաժամանակ Բրունհիլդայի անհետացումից անհանգստացած Ֆուջիմոտոն խելագարի պես փնտրում է դստերը։ Ընկնելով իր՝ մարդկանց աշխարհի մասին սեփական վատ հիշողությունների գիրկը՝ նա համարում է, որ Սոոսկեն փախցրել է Բրունհիլդային և, կանչելով է իր օգնական ալիք-ոգիներին, Ֆուջիմոտոն ուղարկում է նրանց ձկնիկին փրկելու։ Երբ ոգիները ազատում են Պոնյոին և հետ վերադարձնում օվկիանոս, Սոոսկեն շատ վրդովված վերադառնում է տուն, որտեղ նրա մայրիկը՝ Լիսան, ապարդյուն փորձում է հանգստացնել որդուն։

Տանը Ֆուջիմոտոն և Պոնյոն վիճում են, ու ձկնիկն ասում է հորը է, որ իր անունը ոչ թե Բրունհիլդա է, այլ Պոնյո, և հայտարարում է իր՝ մարդ դառնալու ցանկության մասին։ Հանկարծ նա սկսում է ոտքեր և ձեռքեր աճեցնել, ինչն անում է ի հաշիվ այն ուժի, որը ստացել էր Սոոսկեյի վերքը լիզելու և նրա արյան հետ միասին մարդկային հատկություններ ձեռք բերելու արդյունքում։ Ֆուջիմոտոն, մեծ ճիգ գործադրելով, կարողանում է Բրունհիլդային նորից ձկնիկի վերածել և գնում է նրա մորը՝ Գրանմամարեին կանչելու։

Այդ ընթացքում Պոնյոն քույրերի օգնությամբ փախչում է և, օգտագործելով հոր կախարդանքը, ամբողջովին մարդ է դառնում։ Սակայն կախարդանքի մեծ քանակը, որը նա ակամա արձակում է օվկիանոս, խախտում է աշխարհի հավասարակշռությունը և հսկա ցունամի է առաջացնում։ Վազելով ալիքների վրայով՝ Պոնյոն շտապում է Սոոսկեի մոտ, որը զարմացած և միևնույն ժամանակ հիացած է մնում նրա հայտնվելուց։ Լիսան նույնպես զարմանում է, բայց Պոնյոյի կերպարանափոխումը ընդունում է որպես սովորական երևույթ։ Լիսան, Սոոսկեն և Պոնյոն փոթորիկից թաքնվում են նրանց տանը, որտեղ Պոնյոն ծանոթանում է մարդկանց աշխարհի զանազան երևույթներին։ Անհանգստացած լինելով իր աշխատանքի վայրում՝ ծերանոցում, մնացածների համար, Լիսան որոշում է այցելել նրանց և խոստանում է Սոոսկեյին, որ շուտով կվերադառնա։

Գրանմամարեն գալիս է Ֆուջիմոտոյի սուզանավի մոտ։ Ճանապարհին Սոոսկեի հայրը՝ Կոիչին, տեսնում է նրան և անվանում «Պահապան Աստվածուհի»։ Ֆուջիմոտոն նշում է, որ լուսինը համարյա թե դուրս է եկել իր ուղեծրից, և որ արհեստական արբանյակները ընկնում են աստղերի նման, ինչը վկայում է բնության հավասարակշռության խախտման մասին։ Գրանմամարեն պնդում է, որ Սոոսկեն կարող է հաղթահարել այդ փորձությունը, և Պոնյոն կարող է մարդ մնալ, իսկ աշխարհը՝ վերականգնվել։ Դեռ անհանգստացող Ֆուջիմոտոն հիշեցնում է նրան, որ եթե Սոոսկեն քաջ չգտնվի, Պոնյոն ծովային փրփուր կդառնա։

Արթնանալով Պոնյոն և Սոոսկեն տեսնում են, որ ամբողջ շրջակայքը ջրի մեջ է։ Քանի որ Լիսան չի կարող վերադառնալ, երեխաները որոշում են ինքնուրույն գտնել նրան։ Պոնյոյի կախարդանքի օգնությամբ նրանք Սոոսկեյի խաղալիք նավակը դարձնում են իրական չափերի մեծ նավ և ճանապարհ են ընկնում դեպի բաց օվկիանոս։

Իրենց ճանապարհորդության ընթացքում նրանք հանդիպում են նախնադարյան տարբեր ձկների և փոթորիկից փրկված այլ մարդկանց՝ իրենց նավերում։ Հասնելով ցամաք և գտնելով Լիսայի դատարկ ավտոմեքենան՝ նրանք որոշում են առաջ շարժվել և մտնում են թունել։ Այնտեղ Պոնյոն, Սոոսկեին և ուրիշներին օգնելու համար չափազանց շատ կախարդանք ծախսելու պատճառով, կորցնում է իր մարդկային կերպարը և նորից ձկնիկ դառնում։

Այդ ընթացքում Լիսան և ծերանոցի բնակիչները գտնվում են ջրի տակ՝ ժամանակավորապես ջրում շնչելու կարողություն ստացած։ Ճանապարհին Սոոսկեն և Պոնյոն հանդիպում են Ֆուջիմոտոյին, բայց Սոոսկեն Տոկիի տատիկի նախազգուշացումների պատճառով չի վստահում նրան և փորձում է փախչել։ Սակայն Ֆուջիմոտոն նրանց բռնում է և տանում ջրի տակ՝ Լիսայի մոտ։

Սոոսկեն վերադառնում է Լիսայի մոտ և հանդիպում է Գրանմամարեյին, ում հետ Լիսան դրանից առաջ երկար անձնական խոսակցություն էր վարում։ Գրանմամարեն հարցնում է Սոոսկեյին, թե արդո՞ք նա կարող է սիրել Պոնյոյին՝ անկախ նրա ձկիկ թե մարդ լինելուց։ Սոոսկեն պատասխանում է, որ նա «սիրում է բոլոր Պոնյոներին»։ Այդ ժամանակ Գրանմամարեն հայտնում է Պոնյոյին, որ եթե նա ուզում է մարդ դառնալ, նա պետք է հրաժարվի իր կախարդական ունակություններից։ Պոնյոն համաձայնվում է, և Գրանմամարեն ձկնիկին պատում է պղպջակով ու ասում Սոոսկեին, որ երբ նա դուրս գա ջրից և համբուրի պղպջակը, Պոնյոն հասարակ աղջիկ կդառնա։ Այսպիսով, բնության հավասարակշռությունը վերականգնվում է, և նախկինում դեպի ծով քշված նավերը, որոնց հետ նաև Սոոսկեի հայրիկի նավը, վերադառնում են նավահանգիստ։ Պոնյոն վեր է թռչում դեպի երկինք և համբուրում է Սոոսկեին՝ վերջնականապես մարդ դառնալով։

Հերոսները[խմբագրել]

  • Պոնյո (ճապ.՝ ポニョ)՝ իրական անունը Բրունհիլդա է։ Հզոր կախարդի և Ծովային Աստվածուհու պուճուր, կարմիր ոսկե ձկնիկ է։ Ծեր տատիկներից մեկի հավաստիացմամբ, ձկնիկ-ջրահարս է ու կարող է փոթորիկներ կանչել։ Սոոսկեի վերքը լիզելուց ու նրա արյունից խմելուց հետո մարդու կերպարանափոխվելու կարողություն է ստանում, բայց բավական է Սոոսկեն հրաժարվի Պոնյոյից, նա ծովային փրփուր կդառնա։ Պոնյոն նաև կախարդել է կարողանում, բայց դա, ամենայն հավանականությամբ, շատ արագ հոգնեցնում ու թուլացնում է նրան․ կախարդելուց հետո Պոնյոն սովորաբար հանկարծակի քնում է ու դժվարությամբ է արթնանում։ Պոնյոն կարող է մեծացնել առարկաները, մարդկանց երջանիկ դարձնել ու իրոք փոթորիկներ կանչել։ Իր նման տասնյակ, բայց շատ ավելի փոքր քույրիկներ ունի։

Սեյու՝ Յուրիա Նարա

  • Սոոսկե (ճապ.՝ 宗介) — Ժայռին կառուցված տան մեջ մոր՝ Լիսայի հետ ապրող շատ պատասխանատու ու ազնիվ հնգամյա տղա է։ Տիրապետում է Մորզեի այբուբենին ու կարողանում է հոր հետ հաղորդակցվել օպտիկական հեռագրի միջոցով։

Սեյու՝ Հիրոքի Դոի

  • Լիսա (ճապ.՝ リサ)՝ Սոոսկեի մայրն է։ Տարեցների խնամակալության ցերեկային կենտրոնի ավագ կառավարիչն է։ Բարի ու ուրախ աղջիկ է, վտանգի ժամանակ չի կորցնում լավատեսությունը։ Շուտ է բռնկվում։

Սեյու՝ Տոմոկո Յամագուչի

  • Կոիչի (ճապ.՝ 耕一) — Սոոսկեի հայրն ու Լիսայի ամուսինը, ձկնորսական նավի նավապետ։ Ամենայն հավանականությամբ, ժամանակի մեծ մասն անցկացնում է ծովում ու տանը հազվադեպ է լինում։

Սեյու՝ Կաձուշիկա Նագաշիմա

  • Ֆուջիմոտո (ճապ.՝ フジモト) — Պոնյոյի հայրն է։ Փնթփնթան, բայց բարի կախարդ է։ Հաճախ է խուճապի մատնվում, շատ զգացմունքային է։ Պոնյոյի ու իր մնացած դուստրերի մասին շատ է մտածում, սիրում է նրանց մորը։ Երազում է «կենդանի ջրի» միջոցով վերականգնել Ծովային ժամանակաշրջանը՝ ժամանակշրջան, որ շատ տարիներ առաջ պատմության գիրկն է անցել։ Այսինքն՝ մարդկանցով աղտոտված ծովը մաքրել։ Հավաստիացնում է, որ ինքն էլ է մարդ եղել, բայց մարդկանց տանել չի կարողանում։

Սեյու՝ Ջոջի Տոկորո

  • Գրանմամարե (ճապ.՝ グランマンマーレ) — Պոնյոյի մայրն ու ծովային աստվածուհին։ Շատ բարի կին է։ Ի տարբերություն Ֆուջիմոտոյի, դեմ չէ, որ Պոնյոն մարդ դառնա, քանի որ կարծում է, որ դա դստեր ընտրությունն է։

Սեյու՝ Յուկի Ամամի

Արտադրությունը[խմբագրել]

Ֆիլմը թողարկել է Տոհոն, 2008 թվականի հուլիսի 19-ին, ամբողջ Ճապոնիայի թատրոններում ու կինոթատրոններում, ինչպես նաև վաճառքում։ Առաջին ամսում անիմեն բերեց 10 բիլիոն էնի շահույթ(մոտավորապես 91 միլիոն դոլար), իսկ մինչև 2008 թվականի նոյեմբերի 9-ը աժամբողջ շահույթը կազմում է 15․0 բիլիոն էն(մոտավորապես 153․1 միլիոն դոլար)։

Տոկիոյի Անիմե Ֆեյրը ընտրել է Պոնյոն որպես 2008 թվականի լավագույն անիմե։

Կոնցեպցիան[խմբագրել]

Նոզոմի Օհաշի, 2009 թվական, Հունվար

Անիմեի վրա աշխատանքները սկսել են 2006 թվականի մայիսին։

Հայաո Միյաձակին՝ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը, ասել է, որ իր ոգեշնչման աղբյուրը Հանս Քրիստիան Անդերսոնի «Փոքրիկ Ջրահարսը» պատմվածքն է, բայց նա պատմվածքից շատ ավելի հեռու է գնացել։ Անիմացիայի ռեժիսոր Կացույա Կոնդոի ու գեղարվեստական ղեկավար Նոբորու Յոշիդայի հետ Միյաձակին իր առջև մի շարք նպատակներ էր դրել, որոնց թվում էր Պոնյոին նկարելիս բացառապես ավանդական տեխնոլոգիաների օգտագործումը, որպեսզի ներկայացվի Յոշիդայի արվեստը «մաքուր վիճակում» ու երեխայի ներաշխարհի անկեղծությունն ու կենսուրախությունը։

Միյաձակին ինքն էլ է մասնակցում Պոնյոի ձեռքով նկարելու աշխատանքներին ու նախընտրում էր ինքնուրույն նկարել ծովն ու ալիքները, ու հաճույք էր ապրում, երբ փորձարկում էր ֆիլմի այս կարևոր մասը ներկայացնելու ձևերի հետ։ Մանրամասների մակարդակը բնութագրվում է 170 հազար առանձին նկարների առկայությամբ։

Պոնյոյի անունը օնոմատեպյա է՝ յուրօրինակ բառախաղ, որպեսզի հնչողությունը նուրբ, փափուկ տպավորություն թողնի։

Ծովափնյա գյուղի տեսարանի նախատիպը իրականում գոյություն ունեցող Տոմոնուրան է, Սետոնայքայ ազգային այգում տեղակայված քաղաքն է, ուր Միյաձակին ապրել է 2005 թվականին։ Պատմության որոշ տարրեր, նաև երաժշտությունը հիշեցնում են Ռիչարդ Վագների «Die Walküre» օպերան։

Սոոսկեի նախատիպը Միյաձակիի որդին՝ Գորո Միյաձակին է, երբ վերջինս 5 տարեկան էր։ Սոոսկեի անունը վերցված է հայտնի «The Gate» վիպակից։

Սոոսկեի հոր նավի անունը Կոգանեյմարու է՝ Կոգանեյը թաղամաս է Տոկիոյում, ուր տեղակայված է Գիբլի ընկերությունը, մարուն(ճապ.՝ )՝ նավերի անուններին հաճախ ավելացվող վերջավորություն է։

Սաունդտրեքը[խմբագրել]

Անիմեի համանուն երաժշտությունը ներկայացվել է հասարակության լայն շերտերին ֆիլմից ավելի շուտ, 2007 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն գրել Միյաձակիի մշտական գործընկեր Ջո Հիսաիշին։ Կատարողներ ընտրվել էր Ֆուջիոքա Ֆուջիմաքին՝ 1970-ական թվականներին գործող Տակաակի Ֆուջիոկայի ու Նաոյա Ֆուջիմաքիի Marichans խմբի շնորհիվ, ու 8-ամյա Նոզոմի Օհաշին։ Օհաշին ամենաերիտասարդ կատարողն է հռչակվել, «առաջ անցնելով» 11-ամյա Մեյ Հագիվարայից։ Oricon Yearly Charts-ը 2008 թվականի ավարտին ընտրել է սաունդտրեքը որպես 14-րդ ամենավաճառվող երաժշտություն։

Անգլերեն թարգմանությունը ձայնագրեն Ֆրենքի Ջոնասն ու Նոա Սայրուսը՝ ամերիկայն կրկնօրինակման համապատասխանաբար Սոոսկեի ու Պոնյոյի դերասանները։

Մրցանակները[խմբագրել]

Վենեցիայի Միջազգային 65-րդ Ֆիլմերի Փառատոնին «Պոնյոն» ներկայացված է եղել։ Բոլոնայի Ապագայի Ֆիլմերի Փառատոնին հատուկ հիշատակվել է, որպես «կինոյի համաշխարհային մասնագետներին հոյակապ երևակայությամբ, բարձր գեղարվեստական արժեքներով ու անիմացիայի տպավորիչ որակով զարմացնելու ընդունակ» ֆիլմ։

2009 թվականին, Տոկիոյի 8-րդ ամենամյա անիմե մրցանակաբաշխությանը «Պոնյո»-ն 5 մրցանակ է շահել։ Միյաձակին պարգևատրվել է որպես լավագույն ռեժիսոր, իսկ Նոբորու Յոշիդան՝ լավագույն գեղարվեստական ղեկավարման համար։

  • 2008 թվական - Վենեցիայի կինոփառատոնի երկու պարգևատրություններ՝ Future Film Festival Digital Award(հատուկ հիշատակում), Միմմո Ռոտելլայի անվան ֆոնդի մրցանակը։ Երկուսն էլ ստացել է Հայաո Միյաձակին։
  • 2009 թվական - Ճապոնական ակադեմիայի 2 մրցանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն երաժշտություն՝ Ջո Հիսաիշիին; Asian Film Awards-ի պրեմիան լավագույն կոմպոզիտորին։

Թեկնածություններ[խմբագրել]

  • 2008 թվական - Վենեցիայի կինոփառատոնի Ոսկե Առյուծ մրցանակ՝ Հայաո Միյաձակի։
  • 2009 թվական - Asian Film Awards պրեմիան լավագույն ֆիլմի ու լավագույն ռեժիսորի համար՝ Հայաո Միյաձակի։
  • 2010 թվական - «Էննի» պրեմիան լավագույն ռեժիսուրայի ու լավագույն երաժշտության համար՝ համապատասխանաբար Հայաո Միյաձակին ու Ջո Հիսաիշին։
  • 2010 թվական - Hong Kong Film Award-ի պրեմիան լավագույն ասիական ֆիլմի համար։
Commons-logo.svg