Պոլ Էլուար
Պոլ Էլուարը ֆրանսիացի բանաստեղծ է, ապրել է 1895-1952 թթ.: 1912-ին պատանի Էլուարը հիվանդանում է տուբերկուլոզով, նա ընդհատում է Փարիզում իր ուսումն ու մեկնում Շվեյցարիա` բուժման: Այստեղ նա հանդիպում է Ելենային` Գալային: Գալան դառնում է Պոլի մուսան, և նա սկսում է բանաստեղծություններ գրել: 1917-ին Պոլն ու Գալան ամուսնանում են, մեկ տարի անց ծնվում է նրանց դուստր Սեսիլը: Պոլը մասնակցում է Առաջին աշխարհամարտին որպես հոսպիտալի սանիտար, ֆրոնտում գրում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 1918-ին նա ծանոթանում է Ժան Պոլանի, ապա` Բրետոնի, Արագոնի, Մաքս Էռնստի հետ: Նրանց հետ մեկտեղ Էլուարը դառնում է դադաիզմի, ապա` սյուրռեալիզմի հիմնադիր: 1923-ին հրաժեշտ է տալիս դադաիզմին: 1926-ին այլ սյուրռեալիզտների հետ անդամագրվում է կոմունիստական կուսակցություն, 1933-ին` հանվում հակախորհրդային քարոզչության համար: 1929-ին Էլուարը հանդիպում է Սալվադոր Դալիին և ծանոթացնում նրան իր կնոջը: Գալան որոշում է թողնել Էլուարին և գնալ Դալիի մոտ. վերջինս այս առիթով նկարում է «Պոլ Էլուարի դիմանկարը»: Իսպանիայում քաղաքացիական պատերազմի օրերին Էլուարը հանդես է գալիս ընդդեմ ֆրանկիստական շարժման: Այդ տարիներին մտերմանում է Պաբլո Պիկասոյի հետ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին Պոլը հաստատվում է Փարիզում և իր բանաստեղծություններով խրախուսում Դիմադրության շարժումը: Էլուարի «Ազատություն» բանաստեղծության թերթոնները անգլիական ինքնաթիռները գցում էին Ֆրանսիայի վրա: