Պնևմաավտոմատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմաավտոմատիկա (հունարեն՝ շունչ, օդ, ավտոմատիկա ), ավտոմատ կառավարման համակարգերում կիրառվող տեխնիկական միջոցների համալիր, որոնցում տեղեկությունը ներկայացվում և հաղորդվում է գազի, սովորաբար օդի ճնշումով կամ ծախսով (պնևմաազդանշաններով)․ ավտոմատիկայի բաժին, որի ուսումնասիրման օբյեկտը ավտոմատացման այդ միջոցներն են։ Պնևմաավտոմատիկայի զարգացումը պայմանավորված է եղել արտադրական պրոցեսների ավտոմատացման խնդիրների բնույթով։ Մինչև 1940-ական թվականներին օգտագործվում էին մեծածավալ սարքեր, որոնցում համատեղված էին չափող, ցուցադրող, ինքնագրանցող համակարգեր և կարգավորիչ։ 1940-ական թվականների վերջին արդյունաբերական ավտոմատիկայում սկսվեց կիրառվել ագրեգատային սկզբունքը (կառավարման համակարգը կազմվում էր որոշակի ֆունկցիաների համար նախատեսված ստանդարտ բլոկներից)։ 1960-ական թվականներին ստեղծվեց արդյունաբերական պնեմաավտոմատիկայի տարրերի ունիվերսալ համակարգը (ԱՊՏՈԻՀ)։ Պնևմաավտոմատիկայի համակարգերի ստորին օղակը (ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով) պնևմատարրն է, որում տեղի է ունենում մուտքի ազդանշանի միայն մեկ փոխակերպում։ Համակարգը կազմող տարրերն ունեն մուտքերի և ելքերի միասնական դասավորում։ ԱՊՏՈԻՀ-ի տարրերը մոնտաժվում են հատուկ «հարթակների» վրա՝ «տպման» եղանակով։ Տարրերի համակցությունը կազմում է բջիջ, մի քանի բջիջը՝ մոդուլ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 340