Պլաստիկ վիրաբուժությունը և միկրովիրաբուժությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլաստիկ վիրաբուժության միկրովիրաբուժության զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Վիրաբուժության ինստիտուտում 1982 թվականին միկրովիրաբույժևերի նախաձեռնող խմբի կազմավորմամբ։ 1985 թվականից այն գործում է որպես առանձին ստորաբաժանում (գիտական ղեկավար՝ Ա. Սահակյան)՝ Պլաստիկ և վերակառուցողական միկրովիրաբուժական հանրապետական կենտրոն։ 1983 թվականին կատարվել է 1-ին հաջող վերապատվաստումը (ռեպլանտացիա), 1985 թվականին՝ 1-ին փոխպատվաստումը՝ տրանսպլանտացիան (Ա. Սահակյան, Տ. Սուլւտանյան)։ 1989 թվականին Ա. Սահակյանը պաշտպանել է 1-ին գիտական ատենախոսությունը՝ նվիրված դաստակի ֆունկցիայի վերականգնմանը՝ տարածուն վնասվածքների և նյարդագրկման ժամանակ ազատ անոթավորված փոխպատվաստանյութի (տրանսպլանտատ) կիրառմամբ։ Արցախյան պատերազմի տարիներին կենտրոնի աշխատակիցները բուժել են հարյուրավոր զինվորների, վիրաբույժներ Լ. Բաղդասարյանը, Արտավազդ Սահակյանը, Ա. Սարկիսովը, Ա. Քոչարյանը մասնակցել են պատերազմին։ 1990 թվականից կենտրոնում կատարվում են գեղագիտական վիրահատություններ։ 1991 թվականին Վիրաբուժության ինստիտուտում Լուիզ Սիմոն Մանուկյանի նախաձեռնությամբ բացվել է պլաստիկ վիրաբուժության ևս մեկ բաժանմունք (Գ. Ստամբոլցյան, Գ. Բաբլոյան)։ 1996 թվականին Երևանի պետական բժշկական համալսարաում հիմնադրվել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա և ամբիոն, որը հենակետեր ունի Համալսարանի № 1 կլինիկա, հիվանդանոցում (ղեկավար՝ Արտավազդ Սահակյան), «էրեբունի» (ղեկավար՝ Ա. Հովհաննիսյան), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (ղեկավար՝ Գ. Բաբլոյան) ՀԲԿ-ներում։ Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ են գործում «Արմենիա» ՀԲԿ-ում (ղեկավար՝ Լ. Բաղդասարյան), 8-րդ հիվանդանոցում (ղեկավար՝ Կ. Դանիելյան)։ Համանուն ծառայություններ կան նաև «Նաիրի», «Մալաթիա» ՀԲԿ-ներում և Ստեփանակերտում։ Համալսարան. № 1 կլնիկական հիվանդանոցի պլաստիկ վերակառուցող, վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում տարեկան կատարվում է ավելի քան 1000 վիրահատություն։ Ամբիոնի գիտական աշխատանքները վերաբերում են վերջույթների վնասվածքների բուժման, ինչպես նաև դեմքի և կրծքագեղձի ուռուցքային ախտահարումների պատճառով առաջացած թերությունների շտկման հարցերին։ Ամբիոնը հրատարակել է «Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն» (հայերեն և անգլերեն) ուսումնական ձեռնարկը։ Ա. Սահակյանն աշխարհում առաջինն է նկարագրել վիրահատությունների ժամանակ օգտագործվող բազմաթիվ բարդ լաթեր՝ միջային ներբանային լաթ, ոտնաթաթի կարճ տարածիչ մկանից վերցրած լաթ, այտային բարդ մաշկալորձաթաղանթային լաթ, միջնակ նյարդի զարկերակի վրա հիմնված լաթ (Ջամի Բերտելիի հետ), բազկային հյուսակի վնասվածքների ժամանակ կիրառել է որովայնի առաջային պատի նյարդավորված ուղիղ մկանը, ինչպես նաև ծղիկային նյարդավորված մկանախմբերն ու մեջքի լայնագույն մկանը։ 1998 թվականին հիմնադրվել է Պլաստիկ վիրաբույժների (նախագահ՝ Ա. Սահակյան), 2004 թվականին՝ Պլաստիկ և վերակառուցող, վիրաբույժների (նախագահ՝ Ա. Հովհաննիսյան) հայկական ընկերակցությունը, որոնք ներկայումս միավորված են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։