Պինդ վառելանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պինդ վառելանյութը այն պինդ մարմնային վիճակում գտնվող նյութերն են, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ՝ էներգիա ստանալու կամ ուղղակի տաքացման համար։

Պինդ վառելանյութի տեսակներ[խմբագրել]

Պինդ վառելանյութի հիմնական տեսակներն են՝ հանածո ածուխները, տորֆը, այրվող թերթաքարերը և փայտանյութը։ Հանածո ածուխները, տորֆը և թերթաքարերը օգտագործվում են ոչ միայն որպես պինդ վառելանյութ, այլ նաև արհեստական եղանակով հեղուկ և գազային վառելանյութ ստանալու համար։

Վառելանյութ C-ի տոկոսային պարունակությունը H-ի տոկոսային պարունակությունը O-ի և այլ էլեմենտների տոկոսային պարունակությունը Ջերմարար ունակությունը կկալ/կգ-ով
Փայտանյութ 50 6 44 4500
Տորֆ 59 6 35 5400
Գորշ ածուխ 69 5.5 25.5 6700
Քարածուխ 82 4.3 13.7 8400
Անտրացիտ 95 2.2 2.8 8100
Այրվող թերթաքարեր (օրգանական մասը) 75 9 16 8100
Նավթ (այն պինդ վառելանյութ չէ) 85.5 14.2 0.3 10500

Հանածո ածուխներ[խմբագրել]

Հանածո ածուխներն առաջացել են երկրաբանական վաղուց անցած դարաշրջանների բուսականության քայքայման հետևանքով։ Որքան ավելի հին է ածուխը, այնքան ավելի ուժեղ է ընթացել բույսերի օրգանիզմների բաղադրությունը կազմող օրգանական նյութերի քայքայման պրոցեսը և նույնքան ավելի է ածխածնի պարունակությունը նրա մեջ։

Հանածո ածուխներից առավել հնագույնը անտրացիտն է։ Նա ածուխների մեջ ամենապինդն է և ունի փայլ։ Ամենից ջահելը՝ գորշ ածուխն է։ Նրա մեջ երբեմն կարելի է նկատել դեռևս չքայքայված բուսական մնացորդներ։ Ըստ տարիքի և ածխածնի պարունակության, քարածուխը գրավում է միջանկյալ դրություն։ Նա առավել մեծ քանակությամբ է արդյունահանվում և ծախսվում։ Նրա տեսակներից մի քանիսը գործադրվում են կոքսի արտադրության համար, որը կարելի է դիտել որպես արհեստական եղանակով ստացված պինդ վառելանյութերի մի տեսակ։ Գորշ ածուխը, որպես ածխածնով ամենից ավելի աղքատը, սովորաբար հեռավոր տարածություններ չի փոխադրվում, այլ սպառվում է տեղում։

Տորֆ[խմբագրել]

Վառելանյութի կարևոր տեսակ է նաև տորֆը։ Տորֆը գոյանում է ճահիճների հատակին, ճահճային մահացող բույսերի քայքայումից։ Այդ բույսերի մնացորդները կարելի է հեշտությամբ զզնել տորֆի մեջ։ Ածխածնի պարունակությունը նրա մեջ համեմատաբար մեծ չէ, ուստի այն առավելապես օգտագործվում է որպես տեղական վառելանյութ։

Այրվող թերթաքարեր[խմբագրել]

Այրվող թերթաքարերը օրգանական նստվածքային գոյացումներ են, որոնք պարունակում են կենդանիների և բույսերի հանքային մնացորդներ և անօրգանական ծագում ունեցաղ նստվածքներ։ Այդ պատճառով էլ թերթաքարերը այրվելիս մոխիր շատ են առաջացնում։

Փայտանյութ[խմբագրել]

Փայտանյութը որպես արդյունաբերական վառելանյութ գնալով ավելի քիչ գործադրություն է գտնում։ Ավելի հարմար է այն օգտագործել որպես շինանյութ և քիմիական վերամշակման օգնությամբ ստացվող զանազան արժեքավոր արտադրանքներ՝ սպիրտ, քացախաթթու, ացետոն, արհեստական մանրաթել ստանալու համար և այլն։

Աղբյուրներ[խմբագրել]

Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։