Պարտիզաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Soviet guerilla.jpg

Պարտիզանները ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ովքեր թշնամու զորքերի խոր թիկունքում զավթիչների դեմ զինված պայքար են մղում հանուն հայրենիքի ազատագրության և անկախության։

Պարտիզանները պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թ. Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը վիթխարի բանակի գլուխ անցած հարձակվեց Ռուսաստանի վրա։ Ռուսական զորքերը քաջաբար մարտնչում էին ֆելդմարշալ Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի հրամանատարությամբ։ Թշնամու դեմ պայքարի ելան նաև պարտիզանական ջոկատները։ Նրանք ազատում էին գերիներին, գրավում հակառակորդի պարենի ու զենքի գումակները, տեղեկություններ հավաքում Ֆրանսիացիների շարժման ուղղության վերաբերյալ, ոչնչացնում թշնամուն, բնակչությանը պաշտպանում կողոպուտից։ Գյուղացիներն իրենց առաջնորդներն ունեին։ Հաջողությամբ էր գործում մերձմոսկովյան մի գյուղի բնակիչ Գերասիմ Կուրինի ջոկատը, որում հաշվվում էր 5 հազար հետևակային և 500 հեծյալ։ Ժողովրդի մեջ իր քաջությամբ հռչակվել էր Վասիլիսա Կոժինան` Սմոլենսկի մոտ գտնվող մի գյուղի գեղջավագի կինը։ Նրա ստեղծած ջոկատը, որ կազմված էր եղաններով, կացիններով ու գերանդիներով զինված կանանցից ու պատանիներից, պաշտպանում էր գյուղը, ուղեկցում գերիներին։ Պարտիզանների գործողությունները սովետական բանակին օգնեցին հաղթելու թշնամուն։

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական ողջ ժողովուրդը պայքարի ելավ ֆաշիստական զավթիչների դեմ։ Պարտիզաններն անողոք պատերազմ էին մղում թշնամու գրաված ողջ տարածքում։ Պատմության մեջ պարտիզանական այդպիսի ծավալուն շարժում դեռ չէր եղել։ Այդ շարժումը ղեկավարում էր կոմունիստական կուսակցությունը։ Թշնամու զավթած շրջաններում ստեղծվեցին ընդհատակյա կուսակցական կոմիտեներ, որոնք կազմակերպում և ղեկավարում էին պարտիզանական ջոկատները։ Պարտիզանները կամուրջներ էին պայթեցնում, այրում ֆաշիստական պահեստները, սպանում մատնիչներին ու դավաճաններին, խորտակում թշնամու զինվորներով, թնդանոթներով ու տանկերով բեռնավորված գնացքները, խորհրդային զորքերին օգնում հաղթելու թշնամուն։

1943 թ. ամռանը խորհրդային բանակը հիտլերականների դեմ մեծ ճակատամարտ էր մղում Կուրսկի աղեղում։ Սովետական ռազմիկներին օգնելու նպատակով պարտիզանները «ռելսային պատերազմ» սկսեցին։ Պայթեցնում էին երկաթգծերը՝ ֆաշիստներին խանգարելով օգնական ուժեր հասցնելու։ Այդ ժամանակ պարտիզանները խորտակեցին 440 գնացք։ Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում նրանք շարքից հանեցին ավելի քան 1 մլն. ֆաշիստական զինվոր, ոչնչացրին 4 հազար տանկ ու զրահամեքենա, 2 հազար հրանոթ, մոտ 800 ինքնաթիռ։

Հայտնի պարտիզաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական ողջ երկրով մեկ հայտնի են պարտիզանական ջոկատների կոմունիստ հրամանատարներ Սիդոր Կովպակի, Ալեքսեյ Ֆեոդորովի, Սերգեյ Ռուդնևի, Պյոտր Վերշիգորայի, Դմիտրի Մենդվեդևի, Կոնստանտին Զասլոնովի և ուրիշների անունները։

Ժողովրդական վրիժառուների շարքում էին «Երիտասարդ գվարդիայի» հերոսները, Զոյա Կոսմոդեմյանսկայան և Լիզա Չայկինան, պարտիզանական խիզախ հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը, լիտվուհիՄարիա Մելնիկայտեն, պատանի պարտիզան Սաշա Չեկալինը և պսկովցի ութսունամյա գյուղացի Մատվեյ Կուզմինը, որը ֆաշիստական ջոկատը տարավ դեպի անանցանելի ճահիճը։

Հայ պարտիզաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական պատերազմում սովետական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի մարտնչել են նաև հայ ժողովրդի զավակները։ Արևմտյան Ուկրաինայում իր քաջագործություններով աչքի է ընկել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը, որը հետագայում միացել է Կովպակի անվան ուկրաինական պարտիզանական դիվիզիային։1943 թվականին ուկրաինայում կազմավորված Միկոյանի անվան հայկական պարտիզանական մարտնչել է Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորման կազմում, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Բազմաթիվ սխրանքներ են գործել մի շարք ուրիշ հայկական պարտիզանական ջոկատներ, քաջաբար կռվել Հյուսիսային Կովկասում,Ղրիմում, մերձբալթիկայում, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած եվրոպական երկրներում։ Հայ պարտիզանները եղել են հրամանատարներ ու քաղղեկներ, շարքային ու կապավորներ։

Հայրենիքը բարձր է գնահատել ժողովրդական վրիժառուների սխրագործությունները։ Թշնամու թիկունքում հիտլերյան զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած քաջության և անվեհերության համար պարտիզանական շարժման 248 մասնակիցներ արժանացելեն Սովետական Միության հերոսի պատվավոր կոչմանը։ Հազարավոր ժողովրդական վրիժառուներ պարգևատրվելեն Սովետական Միության մարտական շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝«Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալով։