Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1981 թ. մայիսի 25-ին Աբու Դաբիում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ Պարսից ծոցի վեց միապետական կարգեր ունեցող արաբական պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և Օմանը ստորագրեցին պայմանագիր՝ Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի ստեղծման վերաբերյալ։ Նշենք, որ վերոնշյալ խորհրդի ստեղծման նախնական որոշումն ընդունվել էր դեռ 1981 թ. փետրվարի 4-ին Էր-Ռիյադում կայացած խորհրդաժողովի ժամանակ, որն արդեն մայիսին պաշտոնապես ամրագրվեց Աբու Դաբիում։ Կազմակերպության շտաբ-կայանը տեղակայվեց Էր-Ռիադում, ինչն ընդգծում էր Սաուդյան Արաբիայի գերիշխող դերը կազմակերպությունում։ Ծոցի Համագործակցության Խորհուրդն ունի կառուցվածքային համակարգ, որը բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից՝ Գերագույն խորհրդից, Նախարարական խորհրդից, Գլխավոր քարտուղարությունից։ Գերագույն խորհուրդը ԾՀԽ-ի որոշում ընդունող ամենաբարձր մարմինն է, որի կազմի մեջ մտնում են Խորհրդի անդամ երկրների ղեկավարները։ Գերագույն խորհրդի շրջանակներում հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար՝ տարին մեկ անգամ կամ արտահերթ կարգով՝ ըստ անդամ երկրների պահանջի։ Գերագույն խորհրդին կից գործում է «Վեճերի լուծման հանձնաժողովը», որի գործառույթն անդամ երկրների միջև ծագած խնդիրների լուծումն է։ Գերագույն խորհրդի նպատակն է իրականացնել Ծոցի Համագործակցության խորհրդի հետևյալ գործառույթները՝

1. Հաշվի առնելով բոլոր անդամ երկրների շահերը՝ տարորոշել ԾՀԽ-ի հիմնական քաղաքականությունը և նպատակները

2. Տարորոշել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատման հիմքերը

3. Տարորոշել «Վեճերի լուծման հանձնաժողովի» գործընթացային կանոնները

4. Դիտարկել Նախարարական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունները, զեկույցները և այն վավերականացնել

5. Վերանայել զեկույցները և ուսումնասիրությունները, որոնք նախապատրաստվել են Գլխավոր Քարտուղարության կողմից

6. Նշանակել Գլխավոր քարտուղարին

7. Փոփոխություններ կատարել Համագործակցության խորհրդի կանոնադրության մեջ

8. Հաստատել Խորհրդի ներքին ընթացակարգային կանոնները

9. Հաստատել Գլխավոր քարտուղարության բյուջեն

Նախարարական խորհուրդ

Այն բաղկացած է ԾՀԽ-ի անդամ երկրների արտգործնախարարներից։ Պարբերական հանդիպումները տեղի են ունենում ամեն երեք ամիսը մեկ, իսկ արտահերթ հանդիպումները՝ ըստ անդամ երկրների պահանջի։ Նախարարական խորհրդի գործառույթներն են՝

1. Մշակել ԾՀԽ-ի արտաքին քաղաքականությունը, նախապատրաստել հանձնարարականներ, ուսումնասիրություններ և ծրագրեր, որոնք միտում ունեն զարգացնելու զանազան ոլորտներում ԾՀԽ-ի անդամ երկրների միջև համագործակցությունը

2. Խրախուսել, զարգացնել և համակարգել տարբեր ոլորտներում կազմակերպության անդամ երկրների գործողությունները

3. Հաշվի առնել նախարարների կողմից ներկայացված հանձնարարականները քաղաքականության ձևավորման ժամանակ

4. Ներկայացնել առաջարկներ Գերագույն խորհրդին ԾՀԽ-ի Կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։

Նշենք, որ Նախարարական խորհրդում որոշումներն ընդունվում են մեծամասնության ձայների արդյունքում։

Գլխավոր քարտուղարություն

Գլխավոր քարտուղարությունը կազմվում է Գերագույն խորհրդի կողմից։ Գլխավոր քարտուղարության հիմնական գործառույթներն են ՝ 1. ԾՀԽ-ի անդամ երկրների համագործակցության և համակարգման վերաբերյալ ուսումնասիրությունների, նախագծերի և ծրագրերի պատրաստում

2. Պարբերաբար պատրաստել զեկույցներ ԾՀԽ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ

3. Հետևողական լինել անդամ երկրների կողմից Գերագույն խորհրդի և Նախարարական խորհրդի որոշումների և հանձնարարականների իրականացման հարցում

4. Պատրաստել Գերագույն խորհրդի և Նախարարական խորհրդի կողմից պահանջվող զեկույցները և ուսումնասիրությունները

5. Պատրաստել վարչական և ֆինանսական հարցերի կարգավորմանը վերաբերող նախագծեր, որոնք կնպաստեն ԾՀԽ-ի աճին և զարգացմանը

6. Վերջնական հաշվարկների տեսքով Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել ԾՀԽ-ի բյուջեն, որը կազմվում է անդամ երկրների հավասար ներդրումների արդյունքում։

7. Ըստ անհրաժեշտության՝ Նախարարական խորհրդի նախագահին առաջարկել Խորհրդի արտահերթ նիստ։

Գլխավոր քարտուղարության իրավասության տակ են գտնվում Տեղեկատվական կենտրոնը և հինգ վարչությունները՝

1. ֆինանսական և վարչական հարցերով զբաղվող վարչությունը

2. իրավական հարցերի մշտական վարչությունը

3. շրջակա միջավայրի և մարդկային ռեսուրսների մշտական վարչությունը

4. տնտեսական հարցերի մշտական վարչությունը

5. քաղաքական հարցերի մշտական վարչությունը

Վերոնշյալ վարչությունները վերահսկողություն են սահմանում կազմակերպության 21 բաժիների վրա։

Արդեն 1981 թ. նոյեմբերի 11-ին ԾՀԽ-ի անդամ երկրների միջև կնքվեց միասնական տնտեսական համաձայնագիր, որը նպատակ էր հետապնդում համակարգելու և դյուրացնելու վեց պետությունների միջև իրականացվող առևտրափոխանակությունը, կապիտալի տեղաշարժը, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությունը ։ 1981 թ. վերջին Սաուդյան Արաբիան կնքեց անվտանգության վերաբերյալ երկկողմանի պայմանագրեր Կատարի, ԱՄԷ և Բահրեյնի հետ, 1982 թ. մարտին նմանօրինակ պայմանագիր ստորագրեց նաև Օմանի հետ։ Մեծ ջանքեր պահանջվեցին Սաուդյան Արաբիայից Քուվեյթի հետ նմանատիպ պայմանագիր կնքելու համար, քանի որ վերջինս մտավախություն ուներ, որ այդ պայմանագրով ԾՀԽ-ի անդամ երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, իրավունք կստանան միջամտելու Քուվեյթի ներքին գործերին։ Արդեն 1982 թ. հունվարի 25-ին ԾՀԽ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավաքվեցին Էր-Ռիադում՝ միասնական պաշտպանական քաղաքականության ձևավորման նպատակով։ Արդյունքում որոշվեց ստեղծել միասնական ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև միասնական ռազմական զինված ուժեր, որը հետագայում ստացավ «Թերակղզու վահան» անվանումը ։ ԾՀԽ-ի անդամ երկրները պայմանավորվեցին նաև վարել համաձայնեցված քաղաքականություն ռազմական տեխնիկայի գնման ոլորտում։ Իսկ արդեն 1982 թ. վերջին քննարկման դրվեց Հակաօդային Պաշտպանության (ՀՕՊ) ընդհանուր համակարգի ստեղծման, ռազմական արդյունաբերության վերականգման, տեղեկատվության փոխանակման, զինծառայողների համատեղ դասընթացների և ուսումնավարժանքների անցկացման հետ կապված հիմնախնդիրները ։ 1984 թ. նոյեմբերին ԾՀԽ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ անդամ պետությունների միջև կնքվեց Համընդհանուր պաշտպանության վերաբերյալ պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ ստեղծվեց կոլեկտիվ պաշտպանության և համատեղ հրամանատարության համակարգեր։ Որոշվեց նաև պաշտպանական ուժերը բաժանել երկու խմբի՝ յուրաքանչյուրը 10000 զինվորական, որոնց գլխավորելու էին սաուդյան սպաները ։ Բացի այդ Խորհրդի հարուստ անդամները Բահրեյնին և Օմանին տրամադրեցին 1,8 մլրդ դոլարի աջակցություն՝ իրենց սեփական ռազմական ուժերը ստեղծելու նպատակով։ 1985 թ. Ծոցի պետությունները համաձայնության եկան 3,7 մլրդ դոլար արժողությամբ համընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցի շուրջ, որը պետք է իրականացվեր «Բոուինգ» և «Ջեներալ Էլեկտրիկ» կազմակերպությունների հետ համատեղ։ Ավելին, համատարածաշրջանային հակաօդային պաշտպանական համակարգեր ստեղծելու նպատակով Սաուդյան Արաբիան Բահրեյնին և Օմանին տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլար։ Արդեն 1994 թ. ստեղծվեց ԾՀԽ-ի Միացյալ ռազմական կոմիտե։