Պարույր Հայրիկյան
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
| Պարույր Հայրիկյան | |
|---|---|
Ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային այլախոհ, ԱՄԿ-ԱԻՄ ղեկավար, երգահան, գրող |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 5, 1949 |
| Ծննդավայր՝ | |
Պարույր Արշավիրի Հայրիկյանը (ծնվ.` հուլիսի 5 1949 թ.) հայ ազգային, քաղաքական գործիչ է, խորհրդային նշանավոր այլախոհ,[1][2] 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան:[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Ծագումը
Հայրը` Արշավիր Հովհաննեսի Հայրիկյանը, ծնվել է Պոլսում` մտավորականի ընտանիքում, 1946թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Արշավիրի հորեղբայրը` Աբրահամ Հայրիկյանը, եղել է աշխարհագրության, թուրքերենի և հին ազգերի պատմության ուսուցիչ, հիմնադրել է Հայրիկյան վարժարանը, որն այնուհետև վերանվանվել է Արդի վարժարան: Աբրահամ Հայրիկյանը մեծ հեղինակություն էր վայելում Պոլսի կրթադաստիարակչական կյանքի մեջ: Նահատակվել է 1915թ. ապրիլի 24-ին, պոլսահայ այլ մտավորականների հետ: Պարույր Հայրիկյանի մայրը` Զարուհի Սեդրակի Աբրահամյանը, ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ: Վեց տարեկանից ծնողների հետ տեղափոխվել է Երևան: Զարուհի Աբրահակյանի հայրը` Սեդրակ Սահակի Աբրահամյանը (Կռեյանց), ծնվել է Վանի Հայոց Ձոր գյուղում` ավանդական սովորույթներով մեծ գերդաստանի նահապետ Կռեյանց Սահակի ընտանիքում: Նրանց նախնիները դարերով ապրել են Վանում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Զարուհի Աբրահամյանի մայրը` Փիաստոս Ասատուրի Աճեմյանը, ծնվել է Վանում` մեծահարուստ արհեստավորների ընտանիքում, ում նախնիները նույնպես ապրել են Վանում:
[խմբագրել] Մանկությունը
Ծնվել է 1949թ. հուլիսի 5-ին, Նուբարաշենում: 1956թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է 1966թ.: Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում Երևանում և Կիրովականում: Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին: Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը: 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ: Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը: Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ: Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարը այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով:
[խմբագրել] Ազատության ասպետը
1966թ. Հայրիկյանն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժանմունքի երեկոյան բաժինը` միաժամանակ աշխատելով Նուբարաշենի գործվածքային գործատանը: Մասնակցել է Էրեբունի ամրոցի պեղումներին: Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում: Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը: ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին: Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի: 1967թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966թ. նկարիչ Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ): 1968թ. Հայրիկյանը ծանոթանում է Ազգային միացյալ կուսակցության ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄԿ: Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է ''Փարոս-1''-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը: 1968թ. ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է 15 րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր: Կազմակերպողի` Հայրիկյանի մասին ՊԱԿ-ն իմացավ 1969թ. դատաքննության ժամանակ` նրան կցված մատնիչի միոցով: 1968թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագորևծուն անդամը: ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ: Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով: Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է 1969թ. գարնանը, երբ 20 տարին դեռ չէր բոլորել: Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննոթյունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Բադամյանցի մոտ: Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ: Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է` ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է: Հայրիկյանն առաջարկում է.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում: Եկեք, ես ներքևից, Դուք` վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»: Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»:
1970թ. Հայրիկյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման` Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քր. օրենսգրքի 65 և 67 հոդվածներով: Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց` ոչ իրեն, այլ գերված հայրենիքը: Առաջին ազատազրկման ժամկետը Հայրիկյանն անցկացնում է Մորդովայի Բարաշեվո գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում: Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն: Ճամբարից կապ է հաստատում չբացահայտված ընկերների հետ, հոդվածներ է գրում և ուղարկում ընդհատակում տպագրելու համար: Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ:
1973թ., վերադառնալով ազատազրկումից, Պարույր Հայրիկյանը շարոնակում է քաղաքական գործունեությունը, ինչպես նաև ուսումը պոլիտեխնիկում: Աշխատում է Նուբարաշենի գործվածքնորի գործատանը: Հայրիկյանի բացակայության 4 տարիների ընթացքում ԱՄԿ-ն շարունակում է գործել ընդհատակում` հավատարիմ մնալով Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին: Հայրիկյանը կալանավայրից ոգեշնչում էր ընկերներին: Ճամբարում մշակում է «ՓԱՐՈՍ-2»-ը և ուղարկում դուրս. ԱՄԿ անդամները այն տպագրում և տարածում են: 1973թ. Հայրիկյանի վերադարձից հետո ԱՄԿ ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում. նրա առաջարկով հանվում են բոլոր այն դրույթները, որոնք հակադրվում էին ԽՍՀՄ սահմանադրությանը: Հայրիկյանի անմիջական ղեկավարությամբ բազմահազար տպաքանակով տարածվում են «ՓԱՐՈՍ-2» ԼՐԱՑՈՒՑԻՉ թերթն ու բազմաթիվ թռուցիկներ ու կոչեր:
ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի փաստական ղեկավարը: 1973թ. ստեղծվում է ԱՄԿ-ի գործադիր խորհուրդ, որի նախագահ է ընտրվում Հայրիկյանը: Ազատության մեջ մնալով ընդամենը 9 ամիս` նա ԱՄԿ-ն բարձրացրեց նոր աստիճանի. այդ ժամանակահատվածը կազմակերպության ամենաարգասաբեր շրջանն էր, քաղաքական նոր մտածելակերպի շրջան:
1974թ. անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով Հայրիկյանին կալանավորում են` դատապարտելով 2 տարվա ազատազրկման: Սակայան 2 ամիս անց հոդվածը փոխում են և դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով: Այս ապօրինի քայլը հիմնազուրկ էր, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ որևէ ցուցմունք կորզել կալանավորված վկաներից: Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա: Նախաքննության ընթացքում Հայրիկյանն ու իր ընկերները գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում: Սակայն նա կարողանում էր ոչ միայն նրանց հետ գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլև հաստատել իր մշակած` ԱՄԿ-ի ծրագիրը: Ծրագրի հիմնական դրույթը հետևյալն էր. ԽՍՀՄ սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խորհրդային Հայաստանի անկախացմանը: Այս ծավալուն փաստաթուղթը մեկուսարանից դուրս ուղարկելու փորձը ձախողվում է և Հայրիկյանն այս անգամ դատապարտվում է 7 տարվա կալանքի և 3 տարվա աքսորի: Ի դեպ, նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաև մի քանի երգեր ու բանաստեղծություններ: Այս և այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է ազգային-հայրենասիրական արդի երգարվեստի հիմնադիրը Հայաստանում:
ԱՄԿ նոր ծրագրի և կանոնադրության հիման վրա գրված և 1976թ. մորդովական կալանավայրից գաղտնի դուրս ուղարկված` Հայրիկյանի «ԱՄԿ-ն իր գործունեության 10-րդ տարում» տեսական կազմակերպական հոդվածաշարը էական նշանակություն է ունենում հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար: Նույն թվականին Հայրիկյանի բանտային ընկերները` ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ` ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ են ընդունում և հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցում նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլ ազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ: Սա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ է: Այս կալանքը Հայրիկյանն անցկացնում է Պերմի և Մորդովիայի քաղաքական ճամբարներում: 1977թ. կալանավայրում նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար, որի մասին կազմակերպությունը տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին: Հայրիկյանն, այսպիսով, դառնում է ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԽՍՀՄ-ում: Նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը և մոտ 400 օր անցկացրել է միայն պատժախցերում: Պետերբուգցի պատմաբան, գրող, ազգությամբ հրեա Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, գրել է «Ռազմագերի քարտուղարը. պատմություն Պարույր Հայրիկյանի մասին» գիրքը (առաջին անգամ լույս է տեսել 1985թ., Լոնդոնում, ռուսերեն): Հեյֆեցը հիացմունքով է խոսում տարիքով իրենից շատ երիտասարդ Հայրիկյանի «խարիզմայի», առաջնորդի բնատուր տաղանդի, ազգային-ազատագրական պայքարին նրա անվերապահ նվիրման, իսկական և ոչ թե մոսկովյան պատկերացումներով ինտերնացիոնալիզմի մասին:
1980թ. հոկտեմբերից Հայրիկյանը Ուրալի Պերմ քաղաքի քննչական բանտում է, այնուհետև` Նովոսիբիրսկի, ապա` Իրկուտսկի բանտերում: 1981թ., ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Հայրիկյանն ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում 3 տարվա ազատազրկման և ուղարկվում Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար: Հրաշքով ողջ մնալով, 1984-1987թթ. աքսորավայրում` Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում աշխատում է որպես էլեկտրիկ: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայրիկյանն ընդունվում է Բրատսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը. 20 հնարավորից հավաքելով 18 միավոր` գրավում է առաջին տեղը, սակայն պարզվում է, որ ինստիտուտի ղեկավարությունը «սխալմամբ մոռացել է» Հայրիկյանի անունը գրել հրամանի մեջ և այդ «սխալն ուղղել հնարավոր չէ»: 1985թ. Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստիտուտ: Որպես շատ լավ ուսանողի, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները: Հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան 1987թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են ՊԱԿ-ի հանձնարարությամբ: Հետագայում Հայրիկյանն ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1987թ. մայիսին Հայրիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է «Քաղկալանավորների պաշտպանության հայկական հանձնախումբը»: Օգոստոսին վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ ՄԻԱՎՈՐՈւՄ (ԱԻՄ) կազմակերպությունը: Դա ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր` իր «Անկախություն» շաբաթաթերթով: «Անկախությունը» Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որը Հայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց: 1973-74թթ. ԱՄԿ խորհրդի անդամներից ոչ մեկը 1987թ. պայքարը շարունակելու տրամադրվածություն չուներ, սակայն դա չէր կարող թևաթափ անել Հայրիկյանին: Նրա հետ էին հին ԱՄԿ-ականներ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, Մովսես Գորգիսյանը (հետագայում` ազգային հերոս) և Մեխակ Գաբրիելյանը: Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը և Հակոբջան Թաթևոսյանը ԱԻՄ-ին անդամագրվեցին միայն 1989թ.: Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում գտնվող ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին նշանակում է Մովսես Գորգիսյանի նախաձեռնությամբ ԱԻՄ-ի կազմում որպես ապագա ազգային բանակի նախատիպ ստեղծված «Անկախության բանակի» հրամանատար: ԱԻՄ նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը` Հայաստանի անկախացումը ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով: ԱԻՄ գործունեությանը ուշադիր հետևում էին Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում:
[խմբագրել] Աղբյուրներ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պարույր Հայրիկյան (Ֆեյսբուք էջ)
- «ԽՍՀՄ ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՔՍԵԱԼԸ» - ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ (տեսանյութ)