Պատերազմի օրենքներ և սովորույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատերազմի օրենքներ և սովորույթներ, պատերազմ վարելու միջազգային կարգ, որը սահմանվում է պատերազմ մղելու առավել դաժան միջոցներն արգելելու, քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պատերազմի օրենքներն և սովորույթները կարգավորում են նաև պատերազմող կողմերի հարաբերությունները, պատերազմից տուժածների (վիրավորներ, հիվանդներ և այլն), քաղաքացիների իրավական դրությունը, չեզոք պետությունների իրավունքներն ու պարտականությունները։ Սահմանվել են միջազգային բազմակողմ համաձայնագրեավկամ ձևավորվել որպես սովորույթ։ Պատերազմի օրենքները և սովորույթները սահմանող առավել կարևոր համաձայնագրերից են Հաագայի կոնվենցիաները (1899, 1907, 1954), 1925 թվականի ժնևյան արձանագրությունը, 1949 թվականի ժնևյան կոնվենցիաները զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքները պահպանելու մասին։ Պատերազմի օրենքներ և սովորույթներով արգելվում է գործողություններ սկսել առանց պատերազմ հայտարարելու, օգտագործել զանգվածային բնաջնջման զենքեր (Սանկտ Պետերբուրգի հռչակագիր, 1868, Բյուսելի կոնֆերանսի հռչակագիր, 1874, Հաագայի կոնվենցիաներ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիր՝ պատերազմի ժամանակ միջուկային զենքի օգտագործումն արգելելու մասին, 1961), բնաջնջել հակառակորդի զինված ուժերը։ Պատերազմական գործողությունների վարումը թույլատրվում է միայն պատերազմող կողմերի տարածքներում ու բաց ծովում։ Արգելվում է հարձակվել անպաշտպան քաղաքների ու բնակավայրերի վրա, ռմբակոծել գիտության, արվեստի շինությունները, հիվանդանոցները, հրապիտալները, եկեղեցիները, սպանել կամ վիրավորել գերիներին, զավթել կամ ոչնչացնել հակառակորդի սեփականությունը (բացի հարկադիր դեպքերից), կրել թշնամու ազգային դրոշը, զինետանը կամ զինվորական համազգեստը։ Որպես պատերազմ վարելու դաժան միջոցներ՝ արգելվում է օգտագործել թույներ, թունավորված զենքեր ու նյութեր, քիմիական, կենսաբանական և այլ զենքեր։ Ծովային և օդային պատերազմների կանոններով արգելվում է միջուկային զենքի փորձարկումը տիեզերական տարածությունում (Տիեզերքի մասին պայմանագիր, 1967), միջուկային և զանգվածային բնաջնջման այլ զենքերի տեղադրումը տիեզերական տարածությունում և այլն։ ՄԱԿ-ի 1980 թվականի կոնվենցիան արգելում կամ սահմանափակում է նաև սովորական զենքի որոշ տեսակների կիրառումը։ Պատերազմի օրենքներ և սովորույթների խախտումը դիտվում է միջազգային իրավախախտում և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Մեղավոր պետությունները պարտավոր են փոխհատուցել պատճառած վնասները, իսկ անհատները ենթարկվում են քրեական պատասխանատվության։

Արցախյան հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտի ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է պատերազմի օրենքները և սովորույթները, և գործել ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանական զինված կազմավորումները, քաղաքական և զինվորական ղեկավարության թույլտվությամբ ու աջակցությամբ, իրականացրել են էթնիկական զտումներ, հայերի զանգվածային բռնագաղթ, ռմբակոծել և հրետակոծել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, կոտորել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հակամարտության սահմաններից դուրս (տես Բաքվի ջարդեր, Սումգայիթի ցեղասպանություն)։ Փոխանակելու կամ փրկագին ստանալու նպատակով ադրբեջանական զինյալները պատանդ են վերցրել անչափահասների և ծերերի, վիրավորների և հիվանդների, երրորդ երկրների հայազգի քաղաքացիների, ամբողջ շրջանների ու գյուղերի (Գետաշեն, Մարտունաշեն և այլն) բնակիչների։ Պատանդներին և ռազմագերիներին ենթարկել են դաժան կտտանքների, ստորացրել նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, հաճախ նաև սպանել։ Ադրբեջանը Արցախի Հանրապետության բնակավայրերի գնդակոծությունների ժամանակ օգտագործել է հիմնականում «Գոսդ» կայանքի հրթիռային համակարգեր, գնդիկավոր ռումբեր (որոնց կիրառությունը խաղաղ բնակավայրերի դեմ արգելված է միջազգային կոնվենցիաներով), նպատակամղված վնասել, գնդակոծել, ռմբակոծել և ոչնչացրել է դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները՝ հարյուրավոր խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր, արվեստի ստեղծագործություններ, հուշարձաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։